2014-ից Հայաստան այցելող Ֆիլիպինցի զբոսաշրջիկների թիվը տարեկան մի քանի հարյուրից հասել է 22 հազարի, նրանցից ոմանք էլ նախընտրել են բնակություն հաստատել Հայաստանում: Մեր տարածաշրջան այցելության պատճառը միայն էժան թռիչքները չեն. նրանք հիմնականում աշխատում են Պարսից ծոցի երկրներում, որտեղ վիզայի կանոնների պատճառով ստիպված են հաճախ դուրս գալ երկրից` մուտքի արտոնագիրը երկարացնելու համար։
Ադալիաների ընտանիքը մեկն է այն տասնյակ Ֆիլիպինցիներից, որոնք տեղափոխվել են Երեւան: 2016-ին նրանց ընկերներն էին խորհուրդ տվել Հայաստան ճամփորդել, նկատելով, որ Ֆիլիպինցի զբոսաշրջիկների թիվն օր օրի է շատանում, Ադալիա ընտանիքը որոշել է տուրիստական կենտրոն հիմնել Հայաստանում:
Ապրելով Երեւանի կենտրոնում ու երկրով մեկ շրջայցեր կազմակերպելով՝ հիմա սկսել են արդեն տեղացուց շատ սիրել ու գնահատել երկիրը: Ընտանիքն անգամ Թավշյա հեղափոխության օրերին է փողոց դուրս եկել ու մասնակցել ցույցերին: Մեդիամաքսը հյուրընկալվել էր Ադալիաների տանն ու զրուցել նրանց ընտանիքի յուրահատկությունների, բիզնեսի եւ Հայաստանի հանդեպ մեծ սիրո մասին:
#feeling հայ
Ադալիա ընտանիքի փոքրիկ որդու անունը Ջիվան է. երբ ընտանիքն արդեն տեղափոխվել էր Հայաստան, մի քանի անգամ տղային անունով կանչելիս, շատ զարմացել էր, որ նրա անունն այդքան հայտնի է այստեղ: Շրջապատողները սկսել էին անգամ հարցնել, թե արդյո՞ք զույգը տղային հատուկ չէ հայերի՝ կենդանի լեգենդ Ջիվան Գասպարյանի անունով կոչել: Փոքրիկ Ջիվանին շատ է դուր գալիս, որ նա Հայաստանում հայտնի է, ամուսիններն էլ ասում են՝ ուրախ են, որ նրա անվան շնորհիվ նման ամուր կապ է ստեղծվում Հայաստանի հետ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Երբ տղային Ջիվան էին կոչում, դեռ Հայաստանի մասին գրեթե բան չգիտեին: Այն հարավասիական անուն է, մինչ Հայաստանը նրանք Նեպալում էին ապրում, Ջիվանն էլ այնտեղ է ծնվել. զույգը չէր ակնկալում երեխա ունենալ Նեպալում, տղան 31 շաբաթական էր ծնվել՝ 40-ի փոխարեն, այդպես անվանել էին՝ Ջիվան, որը նեպալերեն նշանակում է կյանք:
Ընտանիքի հոր՝ Սեմի հայ իրավաբանն էլ մի օր կատակել էր, թե նրանց ընտանիքի Ադալիա ազգանունը շատ նման է հայկական Ադալյան տարբերակին եւ նրանք պետք է ԴՆԹ թեստ հանձնեն, որ ճշտեն՝ արդյոք հայ չեն:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Գուցե 100 %-ով հայ չենք կարող դառնալ, բայց սրտով մեզ հաջողվում է հայ լինել: Մենք այստեղ մեզ տեղացի ենք զգում. օտարերկրացի չենք: Թավշյա հեղափոխության ժամանակ մենք նույնպես դուրս էինք գալիս փողոց, իհարկե, չէինք գոռում մյուսների նման, բայց մեր սրտում պայքարում էինք, աղոթում բոլորի համար»,- ասում է Սեմը: Ավագ դուստրը` Իսան, հավելում է՝ չնայած կա լեզվի խնդիր եւ ոչ բոլորն են այստեղ անգլերեն խոսում, բայց նա իրեն ընդունված է զգում Հայաստանում եւ շատ ուրախ է, որ տեղափոխվել են:
«Ասիայում միայն տեսնում ենք մեզ նման մարդկանց, որոնք ունեն նույն մաշկի գույնը, նույն առանձնահատկությունները: Ֆիլիպիններում մտածում ենք, որ կովկասյան արտաքին ունեցող մարդիկ շատ գեղեցիկ են. երբ եկանք Հայաստան, տարվել էի մարդկանցով, ու չնայած երկու տարի է անցել մեր տեղափոխությունից, մինչեւ հիմա էլ մարդիկ ինձ հիասքանչ են թվում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Երբ խոսում եմ ձեզ հետ, երբեմն մտածում եմ, որ միեւնույն է՝ մենք ներքուստ բոլորս նման ենք իրար. բոլորս էլ ունենք երազանքներ, դժվարություններ, բոլորս էլ սիրում ենք լավ ժամանակ անցկացնել իրար հետ, կատակել, պատմություններ պատմել»,-ասում է Իսան:
Նա այստեղ շատ տեղացի ընկերներ ունի, այս տարի պատրաստվում է Հայաստանի Ամերիկյան համալսարան դիմել: Հաճախ կարոտում է նաեւ ֆիլիպինցի ընկերներին, տխրում է միայն, որ Հայաստանում չկան մեծ գրախանութներ, որտեղ մեծամասամբ անգլերեն գրքեր կվաճառեին: Քրոջ՝ Աբիի հետ, սկսել են հայերեն սովորել, տառերը գիտեն:
Տանը՝ բոլորով
Երեկոները հիմնականում երաժշտական են անցնում այս տանը, երբ հավաքվում են հյուրասենյակում: Կամ իրենք են երաժշտություն նվագում կամ դասական համերգներ են վայելում: Սեմը հեռուստացույցը միացնում է եւ անմիջապես շարունակվում է ջութակահար Արա Մալիքյանի համերգը, ոգեւորությամբ ասում է. գիտեք չէ՞, որ նա հայ է ու շատ լավ հայերեն է խոսում…
Քանի որ կեսօրին էինք այցելել եւ ուզում էինք լավ նկարներ ստանալ, Սեմին խնդրեցինք, որ մեզ համար նրանց երեկոներից մեկը «բեմադրեն»: Բոլորը հերթով բերեցին իրենց գործիքները, միայն մայրը ձեռքին գործիք չուներ. ֆիլիպինական ազգային կիթառ է նվագում, այն հետները Հայաստան չէին բերել: Ընտրում են Տաուրեն Վելսի Hills and Valleys երգն ու սկսում են ձայնակցել ավագ դստերը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Աղջիկներից յուրաքանչյուրը մի քանի գործիք է նվագում: Հիմա փնտրում են անգլախոս ուսուցիչների, որ շարունակեն երաժշտական դասերը:
Հենց ավարտում են երգելը, Սեմը կնոջը խնդրում է բերել որդու զինվորական հագուստն ու պատմում է՝ երբ հայր ու որդի տանն են լինում, զինվորական խաղերով են տարվում: Սեմն է Ջիվանի համար հատուկ հագուստ գնել Ֆիլիպիններից, քանի որ որդին ասել է, որ ուզում է զինվորական դառնալ: «Հագուստը գնել եմ նաեւ, որպեսզի մենք մեզ նույնականացնենք այստեղի զինված ուժերի հետ. մենք ընկերներ ունենք Ղարաբաղում, երբ նրանք այցելում են մեզ, ես միշտ Ջիվանին հագցնում եմ այս հագուստն ու ասում, որ մենք նրանց հետ ենք, նրանց զգում ենք ու աղոթում ենք նրանց պաշտպանության համար»,- պատմում է Սեմը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մինչեւ Հայաստանը
Հայաստան տեղափոխվել են 2017 թ.-ից, մինչ այդ այցելել էին որպես զբոսաշրջիկ: «Ընդամենը 3 շաբաթով էինք եկել, առաջին անգամ ասացի՝ բայց ի՞նչ պետք է անեմ Հայաստանում: Չնայած քրիստոնյա ենք, չգիտեի անգամ, որ Արարատն այստեղ է:
Շատ ենք ճամփորդել, 11 երկրում ենք եղել. Հյուսիսային Կորեայում, Ղազախստանում եւ Ղրղըզստանում աշխատելու առաջարկներ էինք ստացել, բայց, գալով այստեղ, անմիջապես սիրահարվեցինք Հայաստանին եւ սկսեցինք ուսումնասիրել տեղափոխվելու հնարավորությունները»,- ասում է Սեմը:
Տարիներ առաջ նա Ֆիլիպիններում աշխատում էր որպես տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների խորհրդատու տեղի կառավարության այն ծրագրերի համար, որոնք ֆինանսավորվում էին Եվրոպական միության, Ասիական զարգացման եւ Համաշխարհային բանկերի կողմից: Կինը՝ Իմեն, ինտերիերի դիզայներ է, 9 տարի աշխատել է ինտերիերի դիզայնի սեփական ընկերությունում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Տարիներ առաջ ընտանիքը տեղափոխվում է Նեպալ, սկսում են զբաղվել սոցիալական բիզնեսով, բիզնես խորհրդատվությամբ եւ ֆիլիպինական համայնքի համար անում են մարդասիրական աշխատանք: Սեմը լուրջ հետաքրքրված էր օրգանական սուրճի տնտեսությամբ, պլանավորում էր հիմնել սուրճի խանութ եւ արտահանել արտադրանքը, սակայն ծրագրերը փոխվեցին, երբ 2015-ի կործանարար երկրաշարժը եղավ, որի արդյունքում 9 000 մարդ զոհվեց: Ընտանիքը սկսեց զբաղվել հիմնականում մարդասիրական եւ վերականգնողական աշխատանքներով: Սեմը եւ ֆիլիպինցի այլ խմբեր կազմակերպել էին նախնական վերականգնողական նախաձեռնություններ ավելի քան 100 գյուղերում: Սեմը նաեւ ղեկավարել էր սննդամթերքի եւ այլ նյութերի բաշխումը 14,000 մարդկանց համար:
Հայաստանի լավն ու վատը
Քաղաքի մասին խոսելիս Սեմն ասում էր՝ «ձեր քաղաքը» կամ պարզապես Երեւան, մի անգամ էլ ասաց «մեր քաղաքը», հետո ուզում էր ուղղել իրեն, բայց շարունակեց՝ «կասեմ մեր քաղաքը, որովհետեւ ես ապրում եմ այստեղ»:
«Շատ ենք սիրում պարզապես զբոսնել քաղաքով, այստեղ շատ ապահով է հատկապես մեր երեխաների համար: Հայաստանը միակ երկիրն է, որտեղ անցորդներին հարգում են, հենց ոտքդ դնում ես գծին, ավտոմեքենաները կանգնում են, իսկ, օրինակ, Ֆիլիպիններում, Մալայզիայում կամ Հոնկոնգում բոլորը շտապում են: Երբ ճանապարհ ենք հարցնում մարդկանց, կկանգնեն ու հոգնեցնելու աստիճան այնպես կբացատրեն, որ, անպայման, ճիշտ տեղը գտնես: Մեր երկրում էլ է այդպես, մարդիկ շատ ջերմ են ու հոգատար», -ասում են ամուսինները:
Ընտանիքը պատմում է՝ սկզբում մարդկանց հայացքները շատ անսովոր էին նրանց, տեղացիներն անգամ խնդրում էին նկարվել նրանց հետ, չինացու տեղ էին դնում, բայց որոշ ժամանակ հետո ընտանիքը սկսեց նորմալ վերաբերել այս ամենին. չէ՞ որ նրանք տարբեր են արտաքինով, դրա համար էլ մարդիկ առավել ուշադիր են նայում:
Բարկանում են միայն, երբ ռեստորաններում ու սրճարաններում ծխում են, չնայած ուտելիքներից եւ սպասարկումից շատ գոհ են: «Հայաստանից դուրս մարդիկ հարգում են միմյանց ու չեն ծխում իրար ներկայությամբ, իսկ այստեղ իմ հարեւանը փոքրիկ երեխային մի ձեռքում է բռնում, մյուսով ծխում է»,-ասում է Սեմը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Սպասարկման հետ կապված եւս մեկ խնդիր են ընդգծում, քիչ աշխատողներ են անգլերեն խոսում: «Կարծում եմ՝ Հայաստանը պետք է գլոբալ լինի, հատկապես հեղափոխությունից հետո»,-ասում է Սեմը:
«Հավանաբար կհարցնեք՝ ինչո՞ւ ոչ Վրաստան կամ Իրան, այլ Հայաստան,-Սեմն իմ փոխարեն է հարցը տալիս ու շարունակում է խոսքը,- Բացի այն, որ Հայաստանում շատ հարմար է ապրել, այստեղ հիմնականում ամեն ինչ ավելի էժան է, քան Վրաստանում է, չնայած եթե համացանցով ուսումնասիրես, հակառակն է գրված: Երբ իմ հյուրերը հարցնում են՝ որքա՞ն մատչելի է Հայաստանում ապրելը, միշտ ասում եմ՝ Վրաստանից էժան է: Շատ հեշտ է նաեւ Հայաստանում ընկերներ ձեռք բերելը»:
Համեմատելով հենց Ֆիլիպինների հետ՝ Սեմն ու Իմեն ասում են՝ Հայաստանում ապրելն ավելի հաճելի է. չնայած նրան, որ իրենց երկրում ամեն ինչ ավելի հարմարավետ է, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում է, երբ ինչ մտքովդ անցնի, րոպեների ընթացքում կստանաս, երբ սովորական մոլում կա անգամ հիվանդանոց եւ եկեղեցի, բայց փոխարենն ամեն տեղ շատ մարդաշատ է:
«Ինչքա՞ն կտեւի այստեղ ամենաերկար խցանումը, մոտ մե՞կ ժամ, դա ընդհանրապես խցանում չէ մեզ համար: Մանիլայում ամենօրյա սովորական խցանումներն են 2-3 ժամ ձգվում, իսկ ամենաերկարը 8 ժամ կարող է հասնել»:
Ֆիլիպիններ վերադառնալու մտադրություն դեռ չունեն, վստահաբար մի օր կվերադառնան, բայց հիմա Հայաստանին են հարմարվել ու սեփական բիզնեսն են հիմնել, որը հատկապես Նոր Հայաստանում ավելի լավ է զարգանում:
Բիզնեսը
Մինչ Սեմը կպատմեր սեփական տուրիստական բիզնեսի մասին, հպարտորեն ասում է, որ նա շատ տեղացիներից ավելի լավ է ճանաչում Հայաստանն ու ավելի շատ է ճամփորդել երկրով:
«Մի անգամ երեւանյան մի հյուրանոցի նախասրահում բիզնես հանդիպման սպասելիս՝ սկսեցի զրուցել կողքիս նստած մի սփյուռքահայ տղամարդու հետ, որը Լոս Անջելեսում լիմուզինի բիզնեսով էր զբաղվում, Հայաստանի մասին մի քանի բան պատմեցի, ու նա ամերիկյան ակցենտով պատասխանեց՝ ամոթ է, ես հայ եմ, բայց օտարերկրացին է իմ երկրի մասին ինձ սովորեցնում»,-պատմում է Սեմը:
2017-ին է Սեմը հիմնադրել Vochnner տուրիստական ընկերությունը, տարվա բոլոր եղանակներին կազմակերպում են տուրեր՝ Հայաստանի տարբեր շրջաններով: Ընկերության հաճախորդները հիմնականում ֆիլիպինցի զբոսաշրջիկներն են, որոնք ապրում եւ աշխատում են Հարավային Ասիայի տարբեր երկրներում, նրանց դիմում են նաեւ Հնդկաստանից, Լիբանանից, իսկ այս տարի Սեմը պատրաստվում է թիրախավորել նաեւ ռուսաստանցի տուրիստներին:
Գործընթացը սկսել էր դեռ 2016-ից, վարձել էր հայաստանյան մի իրավաբանական ընկերության, որպեսզի այն զբաղվի բիզնեսի գրանցմամբ: Այժմ նրանց ընկերությունում հիմնականում հայեր են աշխատում: Մինչեւ բիզնեսը հիմնելը Սեմը մանրամասն ուսումնասիրել էր Հայաստանի հետ կապված ամեն ինչ: Հաճույքով է աշխատում Հայաստանում, ասում է՝ աշխատաոճը պարզ է, հարկերի վճարման գործընթացը շատ հեշտ է:
Ընկերությունը քաղաքի կենտրոնում ունի նաեւ փոքրիկ գրասենյակ, սակայն հիմնականում աշխատում են առցանց: Համագործակցում են տեղացի վարորդների ու մի շարք հյուրանոցների հետ, անգամ անձնական հյուրերին են խրախուսում մնալ ոչ թե իրենց տանն, այլ հյուրանոցում, որպեսզի ամեն կերպ նպաստեն հայաստանյան տուրիզմին:
Տնային ուսուցում
Երբ մտանք Ադալիաների տուն, Իմեն Ջիվանին դաս էր սովորեցնում, իսկ աղջիկներն ինքնուրույն էին սովորում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ոչ թե տնային էին անում, այլ դա նրանց սովորական դասաժամն էր. այս ընտանիքում տնային ուսուցում (homeschooling) է արվում: Երեխաները երբեւէ սովորական դպրոց չեն հաճախել: Մայրը վերջին տարիներին տնային տնտեսուհի է, նա է դասերը սովորեցնում, իսկ հայրը, ինչպես կատակով նշեցին աղջիկները, «տնօրենն» է: Այս մեթոդով սովորում են այն բոլոր առարկաները, ինչը սովորական դպրոցներում անցնում են իրենց հասակակից երեխաները, սակայն մայրն այլընտրանքային ձեւերով է դասավանդում, հետո ստուգում է արդյունքն ու գնահատում է: Չեն գնում դպրոց, բայց հաճախում են թատրոնի, երաժշտության, պարի խմբակների, այցելում են նաեւ մի շարք դասընթացների ու հանդիպումների:
Տնային ուսուցումն աշխարհում բավականին հայտնի է, Ամերիկայում աշակերտների 3 %-ը այս մեթոդին է դիմում: Տնային ուսուցումը թույլատրվում է ավելի քան 50 երկրներում՝ ինչպիսիք են Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան, Ռուսաստանը, Ֆրանսիան… Ամեն տարի նրանք Ֆիլիպիններում հանձնում են հատուկ քննություններ, որով ստուգվում է երեխաների կրթական մակարդակը, իսկ ավարտելուց հետո ստանալու են ավարտական վկայականներ. սա Ֆիլիպինների կրթության նախարարության կողմից հավատարմագրված ծրագիր է:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Տնային ուսուցման ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ երբ ուզենանք, կարող ենք ճամփորդել ու ապրել այլ երկրներում, եւ իսկ մեր երեխաները կբացահայտեն աշխարհը՝ այն ընկալելով որպես դպրոց: Շատ ընտանիքներ ուզում են ճամփորդել, բայց ստիպված մնում են տանը, որովհետեւ երեխաները, օրինակ, քննություններ ունեն: Մեր ավագ դուստրը դասերն արդեն օնլայն է սովորում, իսկ մյուս երկուսը դեռ ստիպված են գրքերն իրենց հետ վերցնել ճամփորդելիս»,- ասում են ամուսինները:
Լուսանկարը` Մեդիամաքս
Սառնարանի վրա է փակցված երեխաների դասացուցակը եւ այն ամենն, ինչ պետք է երեխաներն անեն գնահատվելու համար: Մայրն ամեն ինչի համար գնահատում է՝ անգամ կենցաղային աշխատանքների համար: «Ոչինչ աննպատակ չի արվում, իսկ ես հետեւում եմ նրանց ու գնահատում»,-ասում է Իմեն:
Այլընտրանքային դասերը
«Երբ մեր առաջնեկը դեռ փոքր էր, սկսեցի հաճախել սեմինարների, որոնցից մեկում դասընթացավարն ասաց՝ պետք չէ հրաժարվել ծնողի պարտականությունից, գնալ աշխատանքի եւ դայակների դիմել: Այդ ժամանակ Ֆիլիպիններում տնային ուսուցումը շատ նոր մեթոդ էր: Սեմի հետ քննարկման արդյունքում մենք որոշեցինք, որ ուզում ենք երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնել ու մենք սովորեցնենք դասերը»,- ասում է Իմեն:
Երեխաները երբ ուզեն, կարող են դադարեցնել այն ու հաճախել սովորական դպրոց, բայց աղջիկներն ասում են, որ հաճույքով են տանը սովորում:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Սովորական դպրոցներում հիմնական ժամանակդ անցկացնում ես քո տարիքի երեխաների հետ: Միֆ կա, որ տնային ուսուցման երեխաները շատ ընկերներ չունեն, հաճախ մարդիկ կարծում են, թե սոցիալական շփման պակաս պետք է ունենամ, բայց ճանաչելով ինձ՝ զարմանում են, թե ինչքան մեծ շրջապատ ունեմ. 50 երկրից ընկերներ ունեմ՝ ինձնից մեծ եւ փոքր: Եվ ամենակարեւորը՝ մի շարք արժեքներ գրքերով չեն սովորում»,- պատմում է Իսան ու ավելացնում, որ նաեւ սեփական բլոգ ունի:
Ամուսինները երեխաներին դասերը գործնականում են սովորեցնում: Օրինակ, տարիներ առաջ Իմեն իրենց 6 տարեկան աղջկան տարել էր բանկ ու թույլ էր տվել, որ նա ինքնուրույն բանկային հաշվի վրա գումար փոխանցի, ասում է՝ այսպես երեխաները ոչ միայն մաթեմատիկա են սովորում, այլեւ մեծահասակների ու մասնագետների հետ խոսելով զարգացնում են սոցիալական շփման հմտությունները:
Երբ Իմեն տանը ճաշ է պատրաստում, երեխային սովորեցնում է հաշվել բանջարեղենները, կտրատել դրանք, տեսնել, թե ճաշն ինչպես է եփում ու ինչ է պատահում, երբ ավելացնում են համեմունքները: Բակում ֆուտբոլ խաղալն էլ ֆիզկուլտուրայի դաս է համարվում: Երեխաները հատկապես ձմռանն են սիրում բակ իջնել, երբ շուրջբոլորը ձյուն է: Ջիվանն է ասում՝ Հայաստանի հետ կապված ամենաշատը ձմեռն է սիրում. չէ՞ որ նա այստեղ է առաջին անգամ ձյուն տեսել:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: