Մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 20-ին կյանքից անսպասելի հեռացավ անկախության շրջանի լավագույն օպերատորներից մեկը՝ Արթուր Ապրեսովը:
Արցախյան պատերազմի վավերագրող Արթուր Ապրեսովը բազմաոճ օպերատոր էր: Լրատվական, ռազմական ծրագրերից մինչեւ մշակութային, ժամանցային բազմապիսի նախագծեր, հարյուրավոր տեսահոլովակներ եւ գեղարվեստական ֆիլմեր նկարահանած օպերատորն ընդամենը 46 տարեկան էր: Իր հարուստ մասնագիտական կենսագրության պես ընդգծված արտասովոր էին նրա մարդկային հատկանիշները:
Այսօր նրա ընկերներն ու գործընկերները հիշել են Ապրեսի (շատերը սիրով նրան այդպես էին անվանում) հետ կապված իրարից տարբեր պատմություններ, որոնք ինչ-որ չափով պատկերացում են տալիս նրա բարձր պրոֆեսիոնալիզմի ու մարդկային չկրկնվող տեսակի մասին:
Դմիտրի Պիսարենկո, Sputnik Արմենիա լրատվական գործակալության եւ ռադիոյի ղեկավար
«Մարտական ընկերը»
Իմ եւ Արթուր Ապրեսովի ընկերությունը ծնվեց պատերազմի ժամանակ, անցավ պատերազմի միջով եւ ձգվեց մի ամբողջ կյանք: Ծանոթացանք «Ա1» (ներկայիս «Ա1+») հեռուստաընկերությունում՝ 1992 թվականի ամռանը: 1993-ի փետրվարին «Ա1»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի որոշմամբ որպես լրագրող գործուղում էի ստացել Արցախ: Այդ առավոտյան պետք է մեկնեի ուղղաթիռով, երբ հեռուստաընկերություն եկավ Արթուրը՝ հագին բարակ բաճկոն: Նա դեռ չգիտեր, որ ինքն էլ է ինձ հետ գալու Մարտակերտ: Այդպես սկսվեց մեր մարտական ընկերությունը: Մարտի դաշտում արդեն հանեց բաճկոնը, տվեց ձեռքս ու առանց մի վայրկյան վարանելու նետվեց կռվի մեջ: Տղերքը կռվելով առաջ էին շարժվում, իսկ նա տղերքից առաջ ընկավ, որպեսզի մարտը դիմացից նկարի: Աջ ու ձախից, ամեն կողմից կրակում էին, բայց նրան միեւնույնն էր: Ապրեսովի՝ Արցախում նկարած բոլոր կադրերը պատմական խրոնիկայի արժեք ունեն: Կգա ժամանակ, եւ դրանք ավելի կարժեւորվեն:
Արթուրը մի անգամ նաեւ կյանքս փրկեց: Մենք հերթական գործուղումից հետո ավտոբուսով, որի մեջ կային զինվորներ եւ քաղաքացիական անձինք, վերադառնում էինք Կապանից: Սիսիան-Եղեգնաձոր ճանապարհին առատ ձյուն էր եկել, սառույց էր, եւ մի բենզատար կողքի շուռ գալով՝ ընկել էր ձոր: Տարբեր մարդիկ փորձում էին հատուկ տեխնիկայի միջոցով հանել բենզատարը: Մեր ավտոբուսն էլ կանգ առավ: Մենք էլ իջանք: Ես մոտեցա այդ տարածքին եւ, հենց ոտքս դուրս դրեցի, մեծ արագություն հավաքելով՝ սկսեցի իջնել դեպի ձորը, եւ ընդամենը մի քանի վայրկյանից կընկնեի այդ տեխնիկայի տակ, եթե չլիներ Արթուրը: Նա վազելով եկավ, թռավ ինձ վրա, տապալեց ինձ գետնին եւ այդպիսով փրկեց կյանքս:
Մի անգամ էլ կրկին մարտերից մեկից հետո վերադառնում էինք բեռնատար մեքենայով: Մենք նստած էինք բեռնատարի վերեւում եւ չնկատեցինք, թե ինչպես Արթուրի հագուստից կառչեց ժանգոտած մետաղալարերի մի խուրձ ու սկսեց փաթաթվել նրա շուրջ: Մեքենան շարժվում էր, եւ մետաղալարերն աստիճանաբար խեղդում էին նրան: Այդ ժամանակ էլ ես նետվեցի առաջ եւ, կտրելով մատերս, պոկեցի Արթուրից մետաղալարերը: Արթուրն ասաց․ «Հիմա էլ դու փրկեցիր կյանքս»:
Հենց այդպես էլ ապրում էինք՝ իրար թիկունքի կանգնած, պատրաստ ամեն վայրկյան կյանքներս տալու մեկս մյուսի համար: Մի ցուրտ գիշեր պետք է չոր խոտի վրա քնեինք: Ապրեսն իր բարակ բաճկոնով էր, ես էլ՝ բարակ վերարկուով, որն ավելի շուտ 5-րդ դասարանցու հագով կլիներ: Բայց Արթուրի բաճկոնից, իհարկե, անհամեմատ տաք էր: Արթուրը տեսախցիկի պայուսակը դրեց գլխի տակ ու քնեց: Ես նրանից մեկ տարով մեծ էի եւ ավագ եղբոր հոգատարությամբ բաճկոնս գցեցի նրա վրա, մեջքս դեմ տվի նրա մեջքին, որ երկուսիս համար էլ մի քիչ տաք լինի, ու քնեցի: Գիշերը մի պահ զարթնեցի, տեսա՝ վերարկուս վրաս է: Ինձ թվաց՝ սահել է: Կրկին զգուշորեն գցեցի Արթուրի վրա: Առավոտյան, երբ արթնացա, վերարկուս կրկին վրաս էր: Պարզվեց՝ Արթուրն էլ կրտսեր եղբոր նվիրվածությամբ էր իմ մասին էր հոգ տարել: Մենք 20-21 տարեկան տղաներ էինք, պատերազմը մեզ տղամարդ դարձրեց:
Դավիթ Ալավերդյան, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր
«Վազգեն Սարգսյանը միայն նրան էր վստահում»
Արթուրի հետ ծանոթացանք «Զինուժ» հաղորդման շրջանակներում, 90-ականների կեսին: Այդ ժամանակ ես լուսաբանում էի ՊՆ միջազգային հարաբերություններն ու ռազմական ոստիկանության գործունեությունը, հաճախ նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանին ուղեկցող լրագրողն էի: Բոլոր այդ նկարահանումների հիմնական օպերատորն Արթուրն էր: Շատ տպավորված էի 1998 թվականի մայիսի 8-ի նկարահանմամբ, երբ Ստեփանակերտում Վազգեն Սարգսյանին Արցախի հերոսի մեդալ տվեցին: Հրապարակում մեծ, ռազմական շքերթ էր, հավաքվել էր հոծ բազմությունը, իսկ Արցախի եւ Հայաստանի ղեկավարությունը կանգնած էր հրապարակին կից՝ պատշգամբի պես մի վայրում:
Երբ սպարապետին հարցրի, թե այս պահին՝ ռազմական շքերթին նայելիս, ինչ զգացողություններ ունի, Վազգեն Սարգսյանն, ի զարմանս մեզ, սկսեց արտասվել: Հետո ասաց, որ այս ամենն աննկարագրելի է, քանի որ մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ Ստեփանակերտի հրապարակում տեսնելու ենք երջանիկ ժողովուրդ եւ կանոնավոր հայկական բանակ: Այդ կադրերն ու սպարապետի խոսքը հավերժացրեց Արթուրը: Պետք էր միայն տեսնել Արթուրի հրճվանքն այդ պահին: Հետո այդ տեսանյութը գնաց եթեր եւ արժանացավ գովասանքի:
Առհասարակ, Վազգեն Սարգսյանը հատուկ վերաբերմունք ուներ Արթուր Ապրեսովի հանդեպ: Հայտնի է, որ նա չէր սիրում նկարահանվել, սակայն, եթե օպերատորն Արթուրն էր, սպարապետը նկարահանվում էր սիրով, վստահում էր ամբողջությամբ: Ապրեսկինին, ինչպես մենք նրան սիրով անվանում էինք «Զինուժում», Վազգեն Սարգսյանը թույլ էր տալիս իրեն նկարել ցանկացած վայրում, ցանկացած դիրքից:
Արթուրի հետ աշխատելը շատ հեշտ էր: Կենցաղում ոչ շատ պահանջկոտ, մշտապես աշխատանքի պատրաստ օպերատոր, որը հասկանում էր քեզ կես հայացքից: Որձ տղամարդու տեսակ էր Արթուրը՝ երբեք չընկճվող, միշտ պայքարող։ Մեր հարաբերությունները ոչ միայն գործընկերային էին, այլեւ ընկերական: Վերջին տարիներին ուշադրությամբ հետեւում էի նրա հեռուստատեսային գործունեությանը՝ լինեին թե՛ հեռուստանովելներ, որոնց պրոդյուսերն էր, թե՛ գեղարվեստական ֆիլմեր, որոնց օպերատորն էր՝ մշտապես հպարտությամբ նշելով, որ նա իմ ընկերն է:
Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիա լրատվական գործակալության եւ ռադիոյի քաղաքական մեկնաբան
«Պրոֆեսիոնալը»
Արթուրի հետ աշխատել ենք բավականին երկար: 90-ականների վերջին մենք «Վեստի» լրատվական ծրագրի ներկայացուցիչներն էինք Հայաստանում: Արթուրի հետ նկարահանման գնալիս կարող էիր ոչնչի մասին չմտածել, միշտ սարի պես կանգնած էր թիկունքիդ: Ամեն բան միշտ արված էր լինում գերպրոֆեսիոնալ ձեւով, ավելի լավ, քան կարելի էր պատկերացնել: Հեռուստատեսության աշխատողները կհասկանան, թե դա ինչ երջանկություն է: Կապ չունի, թե ինչ նկարահանում էր, Արթուրը միշտ ցուցաբերում էր ստեղծագործական մոտեցում:
Նրա համար չկար «ոչ» բառը, եթե խոսքը նկարահանմանն էր վերաբերում: Ժամանակին Ախալքալաքում ռուսական ռազմաբազա կար, որտեղ տեղակայված էին հատուկ նշանակության S20 հրթիռներ: Այդտեղ զինվորականներից բացի քաղաքացիական ոչ մի անձի համար մուտք չկար, առավել եւս անհնարին էր նկարահանում անել: Ինձ եւ Արթուրին օգնեցին ռազմաբազայում աշխատող հայ զինվորականները, մեզ տվեցին համապատասխան զինվորական համազգեստ եւ որպես սպաներ գաղտնի անցկացրին ներս: Սակայն Արթուրի տեսախցիկը միանգամից աչք էր ծակում: Ցուրտ ձմեռ էր, դրսում մինուս 40 աստիճան: Սակայն Արթուրին դա չխանգարեց, որպեսզի հանի զինվորական հաստ վերարկուն եւ տեսախցիկը դրանով փաթաթի: Հիշեցնում եմ՝ դրսում մինուս 40 էր: Ես համոզում էի նրան հագնել վերարկուն, բայց նա անդրդվելի էր: Այդպես կես ժամ՝ միայն իր հագի հագուստով՝ վերարկուի տակ թաքցրած տեսախցիկը ձեռքին, այդ սարսափելի ցրտին Արթուրն ինձ հետ քայլեց մինչեւ հրթիռները եւ, իհարկե, նկարեց գերազանց կադրեր: Գիտեք, ես չեմ պատկերացնում մեկ այլ օպերատոր, որ նույն կերպ վարվեր: Պրոֆեսիոնալությունն ու աշխատանքի հանդեպ պատասխանատվության զգացումն ամենաբարձր մակարդակի վրա էին նրա մոտ:
Մի ուրիշ անգամ էլ կրկին «Վեստի»-ի համար նկարահանում էինք տեսանյութ, թե ինչպես է գլխավոր դատախազն իր աշխատասենյակում ինքնասպան եղել: Անհրաժեշտ էր գոնե ինչ-որ կադրեր ունենալ աշխատասենյակից, սակայն ոչ մեկին ներս չէին թողնում: Գլխավոր դատախազության շենքի դիմաց կանգնած ոստիկանը խիստ ասաց՝ «Մուտքն արգելված է»: Արթուրը զայրացավ. «Ո՞վ է նա, որ ինձ ներս չթողնի, ոչ ոք չի կարող խանգարել ինձ կատարել իմ աշխատանքը: Պահի՛ր»: Այդ խոսքերով նա ինձ հանձնեց ծանրագույն «բետակամ» տեսախցիկը ու բարձրացավ ծառը: Մի քանի վայրկյան անց վերեւից երկարեց Արթուրի ձեռքը՝ վերցնելու տեսախցիկը: Նա նստել էր երեք հարկանի շենքի բարձրության ճյուղի վրա: Այդտեղից նկարեց ամբողջ աշխատասենյակը, տարբեր մարդկանց մուտքն ու ելքը: Արդյունքում միայն մենք ունեցանք բացառիկ տեսանյութ եւ միայն Արթուրի շնորհիվ: Հանուն աշխատանքի օպերատոր եւ հրաշալի մարդ Արթուր Ապրեսովը պատրաստ էր ամեն փորձության։
Արամ Շահբազյան, ռեժիսոր
«Տղամարդու վերացող, էնդեմիկ տեսակը»
Ես չեմ ուզում ինչ-որ պատմություն պատմել Արթուրի մասին: Ես ուզում եմ խոսել նրա հազվագյուտ, վերացող, էնդեմիկ տեսակի մասին: Ցավոք սրտի, մեզ երբեք բախտ չի վիճակվել միասին աշխատել: Միշտ շատ մտերիմ լինելով՝ միայն մեկ անգամ ենք առնչվել նկարահանման հրապարակում, երբ «Մի վախեցիր» ֆիլմի պատերազմական տեսարանների նկարահանման ժամանակ նա եկել էր օգնելու օպերատորական խմբին: Վերջին տարիներին կարող է զանգեինք իրար, հանդիպեինք առանց առիթի, նստեիքն որեւէ սրճարանում եւ ժամերով խոսեինք հազար ու մի թեմայից: Ես միշտ ուզեցել եմ մարդու այդ տեսակի հետ առնչվել, միշտ կարիք ունեմ Արթուրի տեսակի հետ շփվելու, որովհետեւ, նորից եմ ասում, դա էնդեմիկ, վերացող տեսակ է մեր իրականության մեջ: Եվ շատ եմ ցավում, որ մենք մարդու այդ հազվագյուտ տեսակին կորցնում ենք: Ապրեսն ինձ միշտ հիշեցրել է միջնադարյան ժամանակաշրջանի ազնվական ասպետի, որը ցանկացած խնդրի, խոչընդոտի ժամանակ չգիտի՝ բողոքելն ինչ բան է:
Տարիներով, ամիսներով կարող է շփվեիր նրա հետ եւ երբեք չիմանայիր, թե ինչ խնդիր ունի: Նա միշտ ուրիշ լայնությամբ էր մարդկանց հետ շփվում, շատ ընդգրկուն տարածությամբ: Արթուրի ասպետ, տղամարդ այդ տեսակից երկրորդը, ցավով եմ ասում, այսօր հնարավոր չի գտնել: Դա հազվագյուտ, իսկական տղամարդու տեսակ էր: Տղամարդու ամենաբարձր արժեքի մասին է խոսքը: Ցանկացած դեպքում այդ համարձակ տղային հանդիպելիս միշտ հիացել եմ իր բնավորությամբ, իր մոտեցումներով, եթե ինչ-որ վեճ կար, թ՛ե մասնագիտական, թե՛ անձնական, հիացել եմ, թե ինչքան ինքը վերեւից, մեծահոգաբար, ընդհանուր մարդկային տեսանկյունից էր նայում այդ ամեն ինչին: Պետք է ներքուստ շատ ուժեղ մարդ լինես, որ կարողանաս միշտ այդ որակի մեջ մնաս:
Հակինթ Բաղդասարյան, դերասանուհի, ԵՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի բեմական խոսքի դասախոս
«Միշտ պատրաստ ընկերոջն օգնելու»
2002 թվականին ես Առաջին ալիքով վարում էի իմ հեղինակային «Բառերից այն կողմ» հաղորդաշարը, որի շրջանակներում որոշեցի անել «Ճաղերից այն կողմ» հաղորդումը՝ կալանավորների մասնակցությամբ: Պետք է այցելեինք Աբովյանի կանանց եւ անչափահասների քրեակատարողական հիմնարկ: Երբ արդեն պետք է դուրս գայինք հեռուստատեսության շենքից, մուտքի մոտ հանդիպեցինք Արթուրին: Իմ հաղորդման օպերատորը լրիվ ուրիշ մարդ էր, Արթուրն աշխատում էր այլ նախագծերի վրա, սակայն, երբ իմացավ՝ ուր ենք գնում, ասաց. «Ես քեզ այնտեղ մենակ չեմ թողնի գնաս»: Հիշում եմ՝ անգամ Առաջին ալիքի մեքենան չվերցրեց, բոլորիս տեղավորեց իր ավտոմեքենայի մեջ, եւ ուղեւորվեցինք Աբովյան: Պետք է ասեմ, որ մեզ այնտեղ այնքան էլ գրկաբաց չէին սպասում:
Նկարահանումներ իրականացնելուն եւ մասնակցելուն հակված չէին ոչ միայն կալանավորները, այլեւ հիմնարկի ղեկավարությունը: Կին բանտարկյալների հետ ես մի կերպ լեզու գտա, ավելի բարդ էր անչափահասների հետ, որոնք իրենց կյանքի ամենաբարդ, անցումային, դեռահասության շրջանում հայտնվել էին ճաղերի հետեւում եւ, բնականաբար, շատ պրոբլեմատիկ էին: Նրանց հետ դժվարությամբ էին շփվում անգամ հիմնարկի փորձառու աշխատակիցները: Ես չգիտեմ, թե ինչ նրբանկատությամբ, մեծ եղբոր ինչ հոգատարությամբ ու սրտացավությամբ, բայց Արթուրը կարողացավ շահել այդ տղաների վստահությունը, նրանց դնելով հոգեբանորեն այնպիսի ճիշտ ու իրենց համար կոմֆորտ վիճակի մեջ, որ արդեն կես ժամ անց նրանք պատրաստակամությամբ կատարում էին Արթուրի օպերատորական ցանկացած առաջադրանք: Վերջում նրանցից յուրաքանչյուրը ցանկանում էր անպայման սեղմել Արթուրի ձեռքը, իսկ քրեակատարողական հիմնարկի սկզբում մեզ խստությամբ դիմավորած տնօրենը՝ պարոն Ջամալյանը, իր սենյակում մեզ համար հյուրասիրություն էր կազմակերպել՝ իր հատուկ շնորհակալությունը հայտնելու կալանավորներին այդքան ճիշտ, գրագետ ու նրբանկատ վերաբերմունք ցուցաբերելու համար:
Առհասարակ, Ապրեսովը բացառիկ մարդասեր էր, մեծ հոգու տեր, ու այդ մեծ հոգուց ջերմացնող մասնիկ էր գտնում յուրաքանչյուրի համար: Նրա մոտ ընկերասիրության ամենաբարձր մակարդակն էր, նա երբեք չէր թողնի, որ ընկերն իրեն ինչ-որ բան խնդրի: Արթուրը միշտ պատրաստ էր իրեն զոհելու, օգնելու անգամ այն դեպքում, երբ դու դեռ ինքդ էլ չգիտեիր, որ այդ օգնության կարիքն ունես:
Սեյրան Շախսուվարյան, գնդապետ, ԿԸՀ անդամ
«Անհնար է Արթուրին առանց ժպիտի հիշել»
Արթուրին՝ որպես Արցախյան պատերազմն անցած օպերատորի, գիտեի վաղուց, իսկ գործնականում ծանոթացա «Զինուժ»-ի շրջանակներում: Արդեն 1994 թիվն էր, Հրաչ Քեշիշյանը եւ Արթուրի մյուս ընկերները մի օր եկան ինձ մոտ ու ասացին, որ Արթուրին տարել են բանակ՝ Արցախ: Անմիջապես գնացի Վազգեն Սարգսյանի մոտ, ասացի, որ լավ կլինի պատերազմ անցած օպերատորը զինվորական ծառայությունը «Զինուժում» անցնի: Այդ թվականներին Վազգենը պետնախարար էր: Հենց իմ ներկայությամբ, առանց գրավոր հրամանի Վազգեն Սարգսյանը զանգեց Սամվել Բաբայանին, ասաց՝ 3 օրում Արթուր Ապրեսովը պետք է լինի Երեւանում: Արդեն 8 ժամ հետո Արթուր Ապրեսովն իմ աշխատասենյակում էր: Տղաներն ուրախացան, փաթաթվեցին: Այն ժամանակ ես իմ երկու աշխատասենյակներն, այսպես ասած, մեծ «կազարմա» էի սարքել, երկու հարկանի մահճակալներով, բոլորն այդտեղ էին մնում: Հենց էդ օրվանից նա դարձավ մեր թիմի անդամ, եւ սկսվեց իմ ու Արթուրի մտերմությունը: Ի դեպ, կային մի քանի լրագրողներ եւ օպերատորներ, որոնց հանդեպ Վազգեն Սարգսյանը հատուկ վերաբերմունք ուներ: Այդ շարքում առաջիններից էր Արթուրը: Որեւէ տեղ գնալուց առաջ շատ անգամ Վազգենն ինքն էր ինձ զանգում, ասում. «Թող այսինչ մարդն ինձ հետ գա»: Եվ շատ հաճախ հնչում էր հենց Արթուրի անունը, հատկապես այն այցերի դեպքում, որոնք քիչ էին լուսաբանվում, եւ լրագրող չէին տանում: Օրինակ, երբ գաղտնի քննարկում էր, կամ միայն նախարարի համար պիտի նկարվեր: Արթուրն իսկապես Վազգենի ամենասիրելիներից էր, հենց իր մեքենայով էլ տանում էր այդ այցերին:
Երբ Արթուրի մահվան լուրը լսեցի, անկախ ինձնից հիշեցի «Բարեւ, ես եմ» ֆիլմը: Հիմա գուցե մտածեք՝ ի՞նչ կապ ունի Արթուրն այդ ֆիլմի հետ: Հիշեցի այն դրվագը, երբ Ռոլան Բիկովի հերոսը մահացել է, նրա մասին ասում են՝ նա այնքան ուրախ, կենսախինդ մարդ էր, որ անգամ մահվան համար չկարողացան մի լուրջ նկար գտնել: Արթուրի ֆեյսբուքյան էջը որ նայում եմ՝ նույնն է: Մի նկար չկա, որտեղ իր լայն, գեղեցիկ ժպիտը չլինի:
Արթուրին անգամ մահվան ճանապարհ դնելիս էլ այդ կենսախնդությունը չվերացավ: Անհնար է Ապրեսովին առանց ժպիտի հիշել: Աշխատանքի մեջ Արթուրի համար «չէ» բառ գոյություն չուներ: Ի՛նչ ժամ էլ, ի՛նչ եղանակ ու վայր էլ լիներ, ամենաբարդ պայմաններում անգամ նա պատրաստ էր իր գործը կատարելու: Անթիվ են Արթուրի հետ կապված ջերմ պատմություններն ու հիշողությունները։ Եթե ողջ լիներ, շատ բաներ կպատմեի, բայց, երբ մարդը չկա, ուզում ես, որ այդ չկան քեզ հետ մնա: Ուզում եմ, որ դա իմը մնա ու իրենը:
Հրաչյա Քեշիշյան, ռեժիսոր, մշակույթի վաստակավոր գործիչ
«Արթուրին կարող էիր աչքերդ փակ ապավինել»
Ես ու Արթուրը մի մեծ կյանք ենք միասին անցել: 1995 թվականից սկսած մինչ 2010 թվականը, երբ մեր աշխատանքային գործունեություններն իրարից մի փոքր առանձնացան: Բայց մենք միասին ապրել ենք, անցել հսկայական ճանապարհ: Մենք միասին եղել ենք եւ՛ դիրքերում նկարահանումների, եւ՛ շատ ցուրտ պայմաններում, տեսախցիկն ուսերիս Փարիզի մետրոյի կանգառներով ենք գնացել: Կա մեծ, կարեւոր մի բան ռեժիսորի համար, երբ քեզ հետ աշխատող օպերատորը միայն օպերատոր չէ, նա քո թիկունքն է: Արթուրի հետ դու կարող էիր աչքերդ փակ, մեջքի վրա գնալ հետ, ու գիտեիր, որ նա չի թողնի, որ ընկնես, միշտ քեզ կպահպանի, միշտ կարող ես նրան ապավինել: Ու միայն աշխատանքում չէր նա այդպիսին, առօրյա կյանքում էլ ամեն հարցում սատարող տեսակ էր: Միասին անցած 20 տարիների ընթացքում նա շատ նվիրված ընկեր է եղել, երկուսս ենք իրար համար այդպիսին եղել:Մենք կարողացել ենք իրար օգնել, թիկունք լինել եւ միասին մասնագիտական մեծ ճանապարհ հարթել: Ինքը մեծ դեր ունի իմ կարիերայում, ես՝ իր: Մենք միասին նկարել ենք բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ, նախագծեր, հարյուրավոր տեսահոլովակներ, վերջապես երկուսիս համար էլ առաջին գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը՝ «Ոչինչ չի մնա»-ն նկարել ենք միասին: Բնականաբար, պատմությունները շատ են: Չգիտեմ… Նաեւ ճանապարհի հիանալի ընկեր էր:
Այս պահին հիշեցի, թե ինչպես Արթուրն ու մեր մյուս ընկերը՝ Դավիթը «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի նկարահանումների ժամանակ իմ գլխին խաղ խաղացին: Նկարահանումները շատ բարդ էին, ծավալուն, մի քանի քաղաքներում, գերծանրաբեռնված գրաֆիկով: Հերթական նկարահանումներից հետո ես Մոսկվայում սպասում էի Արթուրին, որպեսզի միասին թռնեինք Տաշքենդ, հետո Բուխարա՝ շարունակելու նկարահանումները: Բոլոր այդ վայրերում ունեինք հստակ պայմանավորվածություններ, հստակ ժամանակացույց եւ խիստ սահմանափակ թվով օրեր: Եվ ահա՝ թռիչքից մի քանի ժամ առաջ ինձ զանգահարում է մեր ընդհանուր ընկերը եւ ասում, որ որոշ հանգամանքների բերումով Արթուրը չի կարող գալ ինձ հետ, եւ ես միայնակ պիտի թռչեմ: Իմ բոլոր ընկերները գիտեն, որ ես շատ դյուրահավատ եմ, միանգամից բացարձակ ճշմարտության տեղ եմ ընդունում ինձ ասված ամեն բան, եւ նրանք որոշել էին հերթական կատակն անել ինձ հետ: Ես էլ, բնականաբար, ինչպես միշտ, այդ անգամ եւս հավատացի, եւ ինձ մոտ սկսվեց աննկարագրելի մի խուճապ: Ի՞նչ պետք է անեի ես, ինչպե՞ս պետք է նկարեի այդ վայրերում՝ առանց գլխավոր օպերատորի: Նյարդային այդ վիճակս տեւեց մոտ երկու ժամ: Թռիչքից ընդամենը 20 րոպե առաջ թիկունքիս մեկը ձեռքով թփթփացրեց, շուռ եկա եւ տեսա Արթուրին: Իհարկե, Արթուրի պես պրոֆեսիոնալն ու հիանալի ընկերն ինձ չէր կարող միայնակ թողնել այդ իրավիճակում:
Կենդանակերպի նշանով Արթուրն առյուծ էր: Եվ շատ նման էր նշանին՝ առյուծներն իրենց չխնայելու հատկություն ունեն: Այդպիսին էր նաեւ Արթուրը․ ոչ մի հարցում իրեն չխնայեց, հոգ չտարավ, կրակի պես վառվեց:
Գայանե Փայտյան, լրագրող, հաղորդավար
«Հանուն լավ կադրի առողջությունն էլ չէր խնայի»
Արթուրի հետ ծանոթացա 27 տարի առաջ, երկուսս էլ հեռուստատեսությունում սկսնակ էինք: Երկուսիս առաջին ռեպորտաժն էլ միասին նկարեցինք: 100 տարի միասին աշխատեցինք, հարազատացանք, էլ իրար հետ կռվեցինք, էլ իրարից նեղացանք, էլ իրար հետ աշխարհի ծայրը հասանք նկարահանումների... Վերջին շրջանում երեւի տարին մեկ էինք հանդիպում, բայց գիտեի, որ Արթուրը կա, ի՞նչ պետք լինի, միշտ կողքիս կլինի, հենց զանգեմ, վերցնելու է հեռախոսը ու մի քիչ կոպիտ, չարթնացած ձայնով ասի. «Գայու՞շ, բարեւ, էս լավ ա հիշել ես»: Իսկ հիշելու բան շատ կա:
Արթուրի եւ ռեժիսոր Ավդալյան Արտակի հետ Արցախում ֆիլմ էինք նկարում։ Գանձասարում էինք։ Ես ու Արտակը եկեղեցու բակում էինք, Արթուրը բարձրացավ զանգակատուն, վերեւից համայնապատկեր նկարելու։ Հանկարծ տարօրինակ ձայն լսվեց, ոնց որ զանգը խփեցին, բայց շատ թույլ ու խուլ, հազիվ լսելի ու տարօրինակ։ Մի 20 րոպեից Արթուրն իջավ... դեմքի ձախ մասը կապույտ-կարմիր-մանուշակագույն մեծ հետքով: Համայնապատկերը նկարելիս պտտվել ու կիսադեմով հարվածել էր Գանձասարի եկեղեցու զանգին։ Հարվածն այնքան ուժեղ էր, որ, փաստորեն, զանգի ձայնն անգամ վերեւից լսվեց։ Իջավ «արտադրական տրավմա» ստացած ու գոռգոռալով. «Մենակ իմանաք՝ ի՛նչ պանարամա եմ նկարել, սենց բան չկա»։ Գեղեցիկ կադր ստանալու գործով տարված՝ անխիղճը ցավ էլ չէր զգացել...
Առհասարակ, բացառիկ պրոֆեսիոնալ էր, հանուն լավ կադրի առողջությունն էլ չէր խնայի…
Կարեն Ստեփանյան, Հանրային հեռուստաընկերության գլխավոր օպերատոր
«Ինչ խնդրով էլ զանգեիր, ակնթարթորեն կողքիդ կլիներ»
Արթուրին առաջին անգամ հանդիպեցի «Արտ 13» հեռուստաընկերությունում: Այն ժամանակ «Արտ 13»-ը ոլորտի առաջատարներից էր: Բազմաթիվ տեսահոլովակներ, համերգներ, հեռուստատեսային նախագծեր… այդ բոլորը նկարում էին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն ու օպերատոր Արթուր Ապրեսովը: Ես միշտ ուզում էի գնալ նրանց հետ նկարահանումների, սովորել, գիտելիք քաղել նրանցից: Եվ իսկապես՝ շատ բան եմ սովորել Հրաչից եւ Արթուրից: Ասեմ ավելին, եթե չլինեին նրանք, ես գուցե այլ մասնագիտություն ընտրեի: Արթուրը մեծագույն դեր ունի իմ մասնագիտական կայացման մեջ: Հետո արդեն Արթուրի հետ աշխատանքային մեծ ուղի անցանք, ինչ ասես, որ չենք նկարել միասին: Առհասարակ՝ Առաջին ալիքի օպերատորական մեր խումբը կարծես մի մեծ, հաշտ ընտանիք լիներ: Այդպես է նաեւ այսօր, ու այդտեղ իր դերակատարումն ունի նաեւ Արթուր Ապրեսովը: Նա իսկապես հասնող, միշտ օգնող ընկեր էր: Իհարկե, այդ ամենը փոխադարձ էր: Գիշերվա որ ժամին, ինչ խնդրով էլ զանգեիր, ակնթարթորեն կողքիդ կլիներ:
Արթուրը նաեւ շատ կենսախինդ մարդ էր, հիմա երբ փորձում եմ ինչ-որ պատմություն հիշել, միայն ուրախ, ծիծաղով, ժպիտով լեցուն դեպքեր են մտքիս գալիս:
2000-ականների սկզբին Արթուրը գնացել էր ԱՄՆ ու այնտեղ ավտովթարի ենթարկվել, ինչի հետեւանքով ունեցել էր ոտքի բարդագույն վիրահատություն: Արթուրի մտերիմ ընկերներից Դավիթը որոշել էր կատակ անել մեզ հետ եւ ասել էր, որ վիրահատության ժամանակ Արթուրի մի ոտքն անդամահատել են ու պրոթեզ են դրել: Բնականաբար, իրականությունից անտեղյակ, ամբողջ օպերատորական կազմով շատ էինք տխրել Արթուրի համար: Դավիթը չէր մոռացել նաեւ հավելել, որ պրոթեզավորման արդյունքում կտկտոց է լսվում, երբ Արթուրը քայլում է: Ապրեսը վերջապես վերադարձավ Երեւան: Եվ ահա մենք՝ Արթուրի մի քանի ընկերներով, Ռադիոտան դիմացի սրճարանում նստած սպասում ենք նրան: Բոլորս մի տեսակ շատ լարված էինք, գիտեինք՝ դժվար է լինելու Արթուրին պրոթեզով տեսնել: Ապրեսն եկավ մի փոքր կաղալով, շատ հանգիստ նստեց, իսկ մենք բոլորս լարված ենք, ուզում ենք հարցեր տալ ոտքի հետ կապված, բայց կաշկանդվում ենք: Ինչպե՞ս մարդուն ասես՝ պրոթեզդ ո՞նց է:
Քիչ անց Արթուրը զգաց, որ մեզ հետ մի բան այն չէ, ու ինքն հարցրեց՝ ի՞նչ է կատարվում: Մի կերպ նրան պատմեցինք, ու Արթուրը սկսեց բարձրաձայն, անդադար ծիծաղել իր վարակիչ ծիծաղով: Երբ իմացանք, որ դա սուտ է, մենք էլ սկսեցինք ծիծաղել, բայց Արթուրին հանգստացնել չէր ստացվում: Նրան հատկապես շատ էր զվարճացրել կտկտոցի պահը: Այդպիսին էր Արթուրը․ լինելով շատ կատակասեր՝ կարողանում էր ծիծաղել նաեւ ինքն իր վրա:
Տասներորդ պատմությունը
Այն տեղի ունեցավ Արթուր Ապրեսովի հարազատ Հանրային հեռուստաընկերությունում: 2011 թվականն էր, Առաջին ալիքի «Ազատ գոտի» թոք-շոուի հերթական հաղորդման հյուրերն էին բազմազավակ անապահով ընտանիքներն՝ իրենց երեխաներով: Տաղավարում շուրջ 25 երեխա կար՝ տխուր աչքերով, իրենց տարիքի համեմատ՝ արդեն հասուն, տանջված, անժպիտ դեմքերով: Երեւի հենց այդ պատճառով նկարահանումն անցնում էր ծանր մթնոլորտում: Արթուր Ապրեսովն այդ ժամանակ Առաջին ալիքում կատարում էր գլխավոր պրոդյուսերի պարտականությունները եւ մի պահ մտել էր տաղավար տեսնելու՝ ինչպես է անցնում նկարահանումը: Ընդամենը մի պահ նայեց այդ երեխաներին, մոտեցավ հաղորդման պրոդյուսերին եւ ասաց, որ բոլոր երեխաներն իրենց ծնողների հետ նկարահանման ավարտին գան Առաջին ալիքի ճաշարան: Երբ երեխաներն եկան, Արթուրն աշխատակիցներին ասաց, որ փակեն ճաշարանը եւ ներսում եղած ամբողջ ուտելիքը դնեն սեղաններին: Մինչ երեխաներն ախորժակով ուտում էին, անձամբ տոպրակների մեջ դասավորեց ճաշարանում եղած ամբողջ քաղցրավենիքն ու կոնֆետները, հետո մտածեց, որ դա բավարար չէ, նստեց մեքենան եւ գնաց մոտակա խանութ: Տասը րոպե անց Արթուրը վերադարձավ մի քանի պարկ քաղցրավենիքով: Ինչքան ավտոմեքենայում տեղ էր եղել, այդքան լցրել էր:
Անհնար է մոռանալ այդ երեխաների անսահման ուրախությունը, նրանց լայն ժպիտն ու աչքերի փայլը, երբ սեղանին դրվեցին քաղցրավենիքի այդ տոպրակները: Կատարյալ ուրախության այդպիսի աստիճան հնարավոր չէ պատկերացնել: Մեզ համար դա գուցե արտասովոր բան չէ, իսկ նրանց համար ծով երջանկություն էր: Եվ, վստահաբար, Արթուրի Ապրեսովի մասին իր ընկերներից ու հարազատներից բացի մշտապես ջերմությամբ են հիշելու նաեւ այդ երեխաները: Նրանք Արթուրին կյանքում տեսան ընդամենը մեկ անգամ, գուցե անունն էլ չիմացան, բայց կհիշեն միշտ:
Սոսսի Խանիկյան
Խմբագրությունը հնարավորինս հավատարիմ է մնացել հարցազրույցի մասնակիցների խոսքին եւ ոճին:
Նկարներն՝ Արթուր Ապրեսովի ֆեյսբուքյան էջից եւ ընկերների արխիվից


















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: