Սննդամթերքի վատնումն ու foodsharing-ի գաղափարը - Mediamax.am

exclusive
5946 դիտում

Սննդամթերքի վատնումն ու foodsharing-ի գաղափարը


Լուսանկարը` Isai Contreras

Art Lunch-ի աշխատակիցները
Art Lunch-ի աշխատակիցները

Լուսանկարը` Art Lunch

«Քարֆուր» սուպերմարկետում
«Քարֆուր» սուպերմարկետում

Լուսանկարը` «Քարֆուր»

«Քարֆուր» սուպերմարկետում
«Քարֆուր» սուպերմարկետում

Լուսանկարը` «Քարֆուր»

Crumbs The Bread Factory-ի աշխատակիցները
Crumbs The Bread Factory-ի աշխատակիցները

Լուսանկարը` Crumbs The Bread Fact

Մաքս Ֆիորավանտին
Մաքս Ֆիորավանտին

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պանդոկ Երեւան» ռեստորանում
«Պանդոկ Երեւան» ռեստորանում

Լուսանկարը` «Պանդոկ Երեւան»

«Պարմա» սուպերմարկետում
«Պարմա» սուպերմարկետում

Լուսանկարը` «Պարմա»


Երբեւէ մտածե՞լ եք՝ ինչ է պատահում այն ուտելիքի հետ, որը մենք պատվիրում ենք ռեստորանում ու սրճարանում, բայց չենք ուտում: Կամ ուր է անհետանում այն մթերքը, որ մի քանի օր մնում է սուպերմարկետի դարակաշարում ու չի սպառվում: Մեդիամաքսը փորձել է պարզել, թե ի՞նչ են անում հայաստանյան սննդամթերք վաճառող, արտադրող կամ սպասարկող կենտրոնները չսպառված սննդամթերքի հետ ու ի՞նչ լուծումներ կարելի է առաջարկել, որ դեռեւս օգտագործելի սնունդը պարզապես աղբարկղը չնետվի: 

Մինչ հայաստանյան իրավիճակին անցնելը ներկայացնենք միջազգային փորձը. 7 տարի առաջ Բեռլինում առաջացած Foodsharing շարժումն առաջարկում է ոչ թարմ, բայց նաեւ ոչ հին սնունդը թափոնի չվերածել ու բաժանել մարդկանց: Եվրոպական ու հայկական փորձը համեմատելու համար զրուցել ենք Foodsharing կազմակերպության անդամների ու հայաստանյան մի քանի ընկերությունների հետ, որ պարզենք՝ արդյո՞ք հնարավոր է այլընտրանքային լուծումներ կիրառել նաեւ Հայաստանում: 

 

Գերմանիայում

 

Foodsharing շարժման կամավորական, 20-ամյա Մաքս Ֆիորավանտիին Բեռլինում էինք հանդիպել: Մինչեւ շարժման մասին մանրամասն պատմելը Մաքսը հպարտորեն նշում էր՝ Foodsharing-ին այս տարվա սկզբից անդամակցելով՝ ավելի քան 200 կգ ավելացած սննդամթերք է պահպանել, բաժանել է ընկերներին ու կարիքավոր մարդկանց: Մաքսը միայնակ է ապրում Բեռլինում՝ ուսանող է, ընկերների հետ գրեթե միշտ ուտում է այն սնունդը, որը հատուկ ժամերին գնում ու անվճար վերցնում է սրճարաններից ու խանութներից: Առավոտյան մեզ էլ հյուրասիրեց երեկվա անվճար կրուասաններից. թարմ չեն, բայց հին էլ չեն, որ գցես աղբարկղը, իսկ սրճարանը, միեւնույն է, առավոտյան պետք է դեն նետեր այն ու նորը պատրաստեր: 

 

Մաքս Ֆիորավանտին Մաքս Ֆիորավանտին

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Գուցե հիմարություն է, բայց ես չեմ կարող տեսնել՝ ինչպես է ուտելիքը դեն նետվում: Ես Կամբոջայում եմ եղել ու տեսել եմ, թե ինչպես են երեխաները փողոցում սովամահ լինում, մինչդեռ 4 կմ հեռավորության վրա մեծ հյուրանոցներում անխնա սպառում են սնունդը ու կեսն էլ դեն են նետում: Կապ չունի 4, թե 4000 կմ հեռավորություն է մեզ բաժանում, չի կարելի դա թույլ տալ»,- ասում է Մաքսն ու պատմում Foodsharing-ի ստեղծման ու գաղափարների մասին: 

 

Ինչ է Foodsharing-ը

 

Foodsharing-ը կամավորական կազմակերպություն է, որի նպատակն է պայքարել սննդի ամենօրյա վատնումի դեմ. շարժումն առաջարկում է սննդամթերք վաճառող ընկերություններին դեն չնետել այն սնունդը, որը դեռ օգտագործման ենթակա է ու փոխանցել շարժման անդամներին: Նրանք էլ կբաժանեն այն մարդկանց, որոնք գնելու հնարավորություն չունեն կամ պարզապես ցանկանում են օգտագործել այդ մթերքը: 

 

Սննդի թափոնների դեմ պայքար սկսելու գաղափարի հեղինակներից էին Taste the Waste վավերագրական ֆիլմը ստեղծողները, 2011-ից նրանց են միանում նույն թեմայով մտահոգված այլ անհատներ: Դիմում են դրամահավաքների, կազմակերպում են արշավներ, իսկ ամենավերջում բոլորի ծրագրերը ամփոփում են foodsharing.de հարթակում: Այսօր Foodsharing շարժումը գործում է նաեւ Ավստրիայում եւ Շվեյցարիայում, տարածվում է նաեւ եվրոպական մյուս երկրներում՝ ներառելով Դանիան, Լեհաստանը եւ Հոլանդիան: Միայն Բեռլինում 6 000 կամավոր է միացել շարժմանն ու համագործակցում 100-ից ավել կենտրոնների հետ: 

 

 

 

Ի դեպ, եթե նմանատիպ մյուս շարժումները միայն ժամկետի մեջ գտնվող սնունդն են բաժանում մարդկանց՝ որպես օգնություն, Foodsharing-ի համար ժամկետանց սնունդը նույնպես ընդունելի է, եթե այն դեռ օգտագործման ենթակա է ու վնասակար չէ առողջության համար: Նրանք կենտրոնացած չեն կարիքավոր մարդկանց օգնելու վրա, Foodsharing-ի գաղափարը սննդի պահպանումն է, եւ կապ չունի՝ այդ պահպանված սնունդն ով կօգտագործի:

 

Ինչպե՞ս է աշխատում Foodsharing-ը

 

Կամավորները համագործակցում են խանութների, ցանցերի, սնունդ արտադրող կամ մատակարարող ընկերությունների հետ: Foodsharing-ը պարտավորվում է իր վրա վերցնել ամբողջ պատասխանատվությունը, այսինքն՝ սննդամթերք տրամադրող ընկերությունները պատասխանատվություն չեն կրում այդ սննդից առաջացած հնարավոր ցանկացած հետեւանքի համար: 

 

Համաձայնեցվում է սննդամթերքը վերցնելու հստակ ժամը: Համագործակցությունից շահում են բոլոր ներգրավված կողմերը. օգտվում են մարդիկ, որոնք չեն կարող գնել այդ սնունդը, եւ մարդիկ, որոնք պարզապես մտահոգված են կայուն հասարակություն ունենալու խնդրով՝ նվազագույն թափոններով: Կամավորները պայմանավորված ժամին սնունդը վերցնելուց հետո պարտավորվում են այն բաժանել ցանկացողներին կամ դնել քաղաքի տարբեր տեղերում գտնվող հանրային սառնարաններում: 

 

 

 

Բեռլինում նման սառնարաններ կան քաղաքի մի քանի հասանելի հատվածներում, որտեղից բոլորը կարող են վերցնել կամ թողնել դեռեւս օգտագործելի սնունդ: 

 

Գուցե նաեւ Հայաստանո՞ւմ 

Carrefour սուպերմարկետ

 

«Ամսական սննդամթերքի հսկայական թափոն է առաջանում: Առանձնացվում է երկու կատեգորիայի սննդային թափոն, առաջինը՝ երբ ժամկետն անցնում է, մյուսը՝ երբ մթերքը դեռ ժամկետի մեջ է, բայց վաճառքի համար համապատասխան տեսք չունի: Հիմնական սննդամթերքը, որից մենք թափոն ենք ունենում, թարմ սնունդն է` հացաբուլկեղեն, թխվածք, միրգ, բանջարեղեն, մսամթերք, ձկնեղեն, կաթնամթերք, տնական ուտեստներ. սա մեր ամենօրյա թափոնն է՝ օրական երկու անգամ»,- «Քարֆուրի» միջազգային աշխատաոճը Մեդիամաքսին ներկայացնում է «Քարֆուր Հայաստան» սուպերմարկետի ներկայացուցիչը: 

 

«Քարֆուր» սուպերմարկետում «Քարֆուր» սուպերմարկետում

Լուսանկարը` «Քարֆուր»

 

Հիպերմարկետում բոլոր ժամկետանց ապրանքները լցնում են աղբարկղի մեջ եւ այն դեն նետելուց առաջ անպայման ոչնչացնում են: «Եթե մենք պարզապես նետենք այն աղբարկղը, մարդիկ միանգամից կվերցնեն դա ու կվաճառեն, իսկ մենք մեր աղբը չենք վաճառում,- ասում է «Քարֆուրի» ներկայացուցիչն ու հավելում,- «Նման փորձ եղել է «Քարֆուրի» հետ (երկիրը չենք նշի), երբ սնունդը տվել են թափոնի դեմ պայքարող կազմակերպությունների, բայց, դժբախտաբար, հետո այդ ապրանքները տեսել են շուկայում վաճառելիս, միայն մի մասն էին բարեգործություն արել: Այդ պատճառով մենք այլեւս չենք համագործակցում ոչ մի կազմակերպության հետ: Երկրներ կան, որտեղ «Քարֆուրը» ֆերմերներին է տալիս սննդի թափոնը՝ որպես անասնակեր. Հայաստանում մենք գյուղացիներից ստացել ենք նման առաջարկներ, բայց չենք ընդունել: Իսկ եթե ցանկանանք բարեգործություն անել, մարդկանց թարմ ապրանք կտանք»: 

 

«Քարֆուր» սուպերմարկետում «Քարֆուր» սուպերմարկետում

Լուսանկարը` «Քարֆուր»

 

Ինչ վերաբերում է հայաստանյան մատակարարների հետ աշխատանքին՝ «Քարֆուրն» ասում է՝ ապրանքների մեծ մասը հետադարձ չի արվում, եւ սուպերմարկետն է տնօրինում թափոնի կազմակերպումը։ Վերադարձի պայմանով հիմնականում միայն կաթնամթերք արտադրող ընկերություններն են աշխատում: 

 

Parma սուպերմարկետ

 

Ի տարբերություն «Քարֆուրի»՝ «Պարմա» սուպերմարկետի ներկայացուցիչն ասում է՝ ցանկացած ապրանք, որ հայտնվում է սուպերմարկետների դարակաշարի վրա, ունի իր մատակարարը, արտադրողը կամ ներմուծողը, եւ մատակարարների 95%-ն աշխատում է վերադարձի պայմանով. ժամկետը լրանալուց 1 շաբաթ կամ 1 օր առաջ, կախված պայմանավորվածությունից, ապրանքը վերադարձվում է մատակարարին, իսկ թե նրանք ի՞նչ են անում այդ սննդի հետ, սուպերմարկետը տեղյակ չէ: 

 

Սեփական արտադրության աղցաններն ու տաք ուտեստը «Պարմայում» ամեն օր ժամը 20:00-ից հետո վաճառում են ինքնարժեքով, իսկ խմորեղենները, կախված բաղադրությունից, մի քանի օր են վաճառում: 

 

«Սննդամթերքի թափոն շատ քիչ քանակությամբ ենք ունենում, դա թույլատրելի թափոնի քանակ է, որը հաջորդ օրը սպառման չի գնում, դուրսգրում է արվում, որից հետո աղբարկղն ենք նետում»,- ասում է «Պարմա» սուպերմարկետների Հյուսիսային պողոտայի մասնաճյուղի աշխատակազմի ղեկավար, սննդի որակի վերահսկողության պատասխանատու Նաիրա Խաչատրյանը: 

 

Նա տեղեկացնում է, որ թափոնը հարկային մարմնում ձեւակերպվում է որպես ծախս եւ ազատում է որոշակի հարկային պարտավորություններից: «Բնականաբար, տնտեսվարողն առաջին հերթին կգերադասի ազատվել հարկային պարտավորություններից եւ թափոնը ցույց տալ համապատասխան մարմիններին, քան պարզապես բարեգործություն անի: Տեսականորեն Foodsharing շարժման գաղափարը շատ լավն է, բայց գործնականում իրագործելու համար լուրջ մեխանիզմներ պետք է մշակվեն, որը ձեռնտու կլինի երկու կողմին էլ՝ եւ՛ պետությանը, եւ՛ տնտեսվարողին: 

 

«Պարմա» սուպերմարկետում «Պարմա» սուպերմարկետում

Լուսանկարը` «Պարմա»

 

Որպեսզի սուպերմարկետը կարողանա նման ծառայություն մատուցել, պետք է հարկերի ինչ-որ մի մասից ազատվի, հակառակ դեպքում սուպերմարկետն ինքն իր հաշվին երեկոյան ժամը 20:00-ից հետո որեւէ կազմակերպության, որեւէ զեղչով կամ անվճար ապրանք տալ ուղղակի չի կարող, որովհետեւ վնաս կկրի»,- ասում է «Պարմայի» ներկայացուցիչը: 

 

Crumbs The Bread Factory. սրճարան եւ խանութ

 

«Մենք երբեք սնունդ չենք թափել. միշտ գիտակցում ենք՝ կան մարդիկ, որ ապրում են սովի պայմաններում: Շաբաթը երկու անգամ մանկատներ ենք ուղարկում՝ չորահաց, բեզե ու այն մթերքը, որը պահպանվել է եւ դեռ կարելի է օգտագործել»,- ասում է Crumbs-ի փոխտնօրեն Ռոզա Ղարիբյանը:  

 

Crumbs սրճարանում այնքան ուշադիր են հետեւում սննդի պահպանմանը, որ անգամ խնձորի կեղեւից քացախ են սարքում: Միայն սեղանից հետ եկած սնունդն է կուտակվում, որն էլ տալիս են խոզ կամ հավ պահող աշխատողներին: 

 

«Ենթադրենք ունենում ենք ձվի սպիտակուցի ավելցուկ, դա վերածում ենք, օրինակ, բեզեի՝ շաքարավազ ենք ավելացնում, վառարանում եփում ենք եւ, ավելի թանկ սննդի վերածելով, տալիս ենք թե մանկատներին, թե անապահովներին: Աչքովս եմ տեսել բազմաթիվ վայրերում, երբ սպիտակուցն աղբամանի վրա են կոտրում ու թափում»,- ասում է Crumbs-ի փոխտնօրենը: 

 

Crumbs The Bread Factory-ի աշխատակիցները Crumbs The Bread Factory-ի աշխատակիցները

Լուսանկարը` Crumbs The Bread Fact

 

Crumbs-ում մեկ-երկու օր առաջ են սահմանում խմորեղենների պիտանելիության ժամկետը, մինչեւ որ դրանք իսկապես կհնանան, իսկ ժամկետի լրանալուց հետո այդ խմորեղեններն առավոտյան խոհանոցի աշխատակիցներն են ուտում: 

 

«Մենք միայն կողմ կլինենք ու կհամագործակցենք սնունդ պահպանող նման նախաձեռնությունների հետ: Սուպերմարկետի ծավալ չունենք, որ կարողանանք խոշոր խնդիր լուծել, բայց իրականում մեր նման սրճարաններից 20-ն արդեն ավելին է, քան մեկ սուպերմարկետը»,- ասում է Ռոզա Ղարիբյանը: 

 

Yeremyan Projects («Պանդոկ Երեւան», «Լավաշ», «Շերեփ» ռեստորաններ)

 

Ավելացված սննդի խնդիր Yeremyan Projects-ը մեծ հաշվով չունի, քանի որ այս ռեստորաններում սննդի մնացորդները չեն հավաքում ու պարզապես աղբը նետում։ Ըստ PR բաժնի ղեկավար Անահիտ Գեւորգյանի, դրանք նպատակային են օգտագործվում: Ափսեի մեջ մնացած սնունդն սպառում են Ավան գյուղում գտնվող սեփական գյուղմթերման կետում՝ որպես անասնակեր: Հացը հնարավոր է մինչեւ վերջ չսպառվի ու օգտագործման պիտանի լինի, բայց այն նույնպես գյուղ են տեղափոխում: Իսկ միրգն ու բանջարեղենը, որոնք սեղանի տեսքի համար թարմ չեն համարվում կամ վնասված են, օգտագործում են սեփական գործարանում, օրինակ, նման լոլիկից տոմատի մածուկ են պատրաստում: 

 

«Պանդոկ Երեւան» ռեստորանում «Պանդոկ Երեւան» ռեստորանում

Լուսանկարը` «Պանդոկ Երեւան»

 

«Սննդի մեծ քանակի թափոնների խնդիրը Հայաստանում կա, սակայն մենք գտել ենք այդ խնդրի լուծումը՝ ստեղծելով մեր սեփական գործարանը եւ գյուղմթերման կետը: Բայց եթե լինեն կազմակերպություններ, որոնք ամբողջ քաղաքում կվերցնեն սնունդը ու նպատակային կօգտագործեն, գուցե համագործակցենք նրանց հետ»,- ասում է Անահիտ Գեւորգյանը:

 

Art Lunch ճաշարաններ 

 

Չնայած Art Lunch-ի 40 ճաշարաններում սնունդ քիչ է ավելանում, ու նրանք հետեւում են մշտական թարմությանը, Art Lunch-ի հիմնադիր Բակուր Մելքոնյանն ասում է՝ եթե սննդի թափոնների դեմ պայքարող նախաձեռնություն ստեղծվի Հայաստանում, միանշանակ կհամաձայնվեն համագործակցել: Բայց նաեւ նշում է՝ մի շարք կարեւոր հարցեր կան, որ պետք է հաշվի առնել: 

 

Խոզերի կեր է դառնում այն սնունդը, որը չի սպառվում ժամանակին ու, կորցնելով թարմությունը, վտանգավոր է դառնում օգտագործման համար. Art Lunch-ը այդ սնունդը հիմա սեփական խոզաբուծարանում է օգտագործում:  

 

«Եթե մենք փակվում ենք ժամը 18:00-ին, ինչ թափելու է՝ կթափենք, ինչը դեռ կարելի է օգտագործել, հնարավոր է՝ սննդի թափոնների դեմ պայքարող ընկերություններին տանք, բայց այն սպառողին պետք է ճիշտ հասցնել, քանի որ դա վերջին րոպեների սնունդ է»,- ասում է Մելքոնյանը: 

 

Art Lunch-ի աշխատակիցները Art Lunch-ի աշխատակիցները

Լուսանկարը` Art Lunch

 

Նրա համար նման պայքարի կատարյալ տարբերակ է թափոններից պարարտանյութ ստանալը, քանի որ թափոնը ոչ միայն չվաճառված սնունդն է, այլեւ, օրինակ, բանջարեղենի կեղեւազերծված հատվածը: 

 

«Մի անգամ մեզ երիտասարդներ էին դիմել մի ծրագրով, որ ավելացած սննդից վառելանյութ կամ էկոպարարտանյութ ստանան, բայց, որքան գիտեմ, չշարունակվեց այդ ծրագիրը: Նման ծրագրի դեպքում համագործակցության լավ օղակ կարելի է ստեղծել՝ պարարտանյութ պատրաստող կազմակերպությունն այն կտա գյուղացիներին՝ հողը մշակելու համար, մենք էլ կգնենք նույն այդ գյուղացու մթերքը»,- ասում է Art Lunch-ի հիմնադիրը: 

 

«Թամարա», «Աթենք», «SAS», «Նոր Զովք»

 

Որպես սննդամթերք արտադրող ընկերություն՝ դիմել էինք «Թամարա» կաթնամթերք եւ հրուշակեղեն արտադրող ընկերությանը, որն երկար բանակցություններից հետո չցանկացավ մեզ հետ զրուցել: Ընկերության ներկայացուցիչը նշեց միայն, որ խանութներից վերադարձված մթերքը իրենք ամբողջովին ոչնչացնում են, քանի որ ռիսկային են համարում ժամկետանց սննդամթերքը չոչնչացնել ու նման նախաձեռնությունների համար օգտագործել: 

 

Դիմել էինք նաեւ «Աթենք» մսամթերք արտադրող ընկերությանը, «SAS» եւ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցերին, սակայն այդպես էլ չհաջողվեց նրանցից մեկնաբանություն ստանալ:  

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին