Մագդան՝ «պադավատի» միակ կին վարորդը - Mediamax.am

exclusive
10085 դիտում

Մագդան՝ «պադավատի» միակ կին վարորդը


Մագդա Սեյրանյանը
Մագդա Սեյրանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մագդա Սեյրանյանը
Մագդա Սեյրանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մագդա Սեյրանյանը
Մագդա Սեյրանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մագդա Սեյրանյանը
Մագդա Սեյրանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մագդա Սեյրանյանը
Մագդա Սեյրանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մագդա Սեյրանյանը
Մագդա Սեյրանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Առավոտյան՝ ժամը 8-ին, Կոմիտասի պողոտայի բակերից մեկում ավտոմեքենայի շարժիչի շատ խուլ ձայն է լսվում: Պետական համարանիշներով սեւ մեքենայի ղեկին նստած կինը եւս մեկ անգամ ստուգում է, որ ամեն բան կարգին լինի ու ճանապարհ ընկնում: 

 

Առաջին կանգառը Պուշկին փողոցում է: Թղթապանակներով տղամարդը նստում է մեքենայի հետնամասում, ինչից հետո ճանապարհը շարունակվում է մինչեւ Կառավարության 3-րդ տուն: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը ճանապարհին ներկայացնում է օրվա անելիքները եւ վայրերը, ուր պետք է գնան, այնուհետեւ՝ մտնում շենք, իսկ նրա վարորդը՝ Մագդան, մեքենան տանում կայանելու: 

 

Մագդա Սեյրանյանն արդեն մեկ ամիս է, որ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի վարորդն է, նրա աշխատանքային օրվա առաջին մեկ ժամը, սովորաբար, այսպես է անցնում: Երբեմն՝ առավոտյան՝ մինչեւ ժամը 9-ը, Ավետիք Էլոյանին կարելի է հանդիպել Պուշկին փողոցով անցնելիս, ինչը նշանակում է, որ նա որոշել է աշխատանքի գնալ ոտքով, այդ դեպքերում՝ Մագդան էլ միանգամից ավտոմեքենայով գնում է Կոմիտե: 

 

Յուրահատուկ հայտարարությունը

 

«Կազմակերպության ղեկավարի համար պահանջվում է վարորդ: Նախապատվությունը տրվելու է կին-վարորդներին: Համագործակցության համար պետք է ունենալ աշխատանքային փորձ և լինել կիրթ…»:

 

Մասնագիտությամբ հոգեբան, 33-ամյա Մագդայի ուշադրությունը հայտարարությունը միանգամից գրավեց. սա հնարավորություն էր ունենալ աշխատանք, որի ընթացքում զբաղվելու էր իր ամենասիրելի գործով՝ մեքենա էր վարելու: 

 

Մագդա Սեյրանյանը Մագդա Սեյրանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մագդան նախկինում էլ չէր աշխատել որպես հոգեբան, թեեւ իր մասնագիտությունը շատ է սիրում եւ ասում, որ այն իրեն շատ է օգնել բոլոր այն գործերում, որոնցով զբաղվել է: 

 

«Ինձ համար շատ կարեւոր է, որ աշխատանքը, որով զբաղվում եմ, ինձ հաճելի լինի: Իսկ մեքենա վարելը սիրում եմ դեռ մանկուց, արդեն չեմ էլ հիշում, թե երբ եմ սովորել վարել։ Աշխատանքի հայտարարությունը պատահական տեսա, նշված էր, որ պահանջվում է կին-վարորդ։ Դիմեցի եւ մոտ երկու շաբաթ հետո հրավիրեցին հարցազրույցի։ Այլ թեկնածուներ եւս կային: Հարցազրույցից հետո ասացին, որ հարմար եմ աշխատանքի համար։ Հաջորդ օրը փորձնական վարեցի մեքենան։ Նախկին վարորդը ցույց տվեց այն վայրերը, որտեղ պետք է հանդիպումներ լինեին։ Հետո զանգեցին եւ ասացին, որ ընդունված եմ աշխատանքի»։ 

 

Վարորդ աշխատելու որոշմանը Մագդայի շրջապատում չէին սպասում, բոլորի համար անակնկալ էր, բայց ամուսինը միանգամից աջակցեց նրան: Սկզբում ընկերները հումորով ընդունեցին, թեեւ ոգեւորված էին այն փաստով, որ նա որոշել էր կարծրատիպ կոտրել եւ լինել պետական համակարգում աշխատող կին-վարորդ: 

 

Առաջին օրը

 

Առաջին աշխատանքային օրը հանգիստ անցավ՝ առանց լարվածության: Նախկին վարորդը Մագդային հանձնեց մեքենան, ինչից հետո նա ուղեւորվեց Ավետիք Էլոյանին հանդիպումից աշխատավայր՝ Կառավարության 3-րդ շենք, տանելու: 

 

«Աշխատանքային օրը, սովորաբար, ավարտվում է 18:00-ին, երբեմն՝ մի ավելի երկար է ձգվում: Առաջին օրն էլ այդ ժամերին պարոն Էլոյանին տարա տուն։ Անկեղծ ասած՝ ղեկավարիս հետ առաջին շփման ժամանակ լարված էի, չգիտեի, թե ում վարորդն եմ լինելու, ինչպիսի աշխատանք է լինելու: Հարցազրույցից հետո արդեն լարվածությունը թեթեւացել էր, Էլոյանն էլ ավելի ինձ ոգեւորեց»։  

 

Մագդա Սեյրանյանը Մագդա Սեյրանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մեկ ամիս անց արդեն՝ Մագդան աշխատանքում ավելի հանգիստ է ու չի լարվում: Ազատ ժամանակը անցկացնում է իրեն տրամադրված աշխատասենյակում. որպեսզի ժամանակը զուր չանցնի՝ այդ ընթացքում անգլերեն է սովորում։ 

 

Կրկնակի պատասխանատվությունը

 

Պետական համակարգում կին-վարորդի Մագդան չի հանդիպել, ասում են՝ առաջինն է։ Նախարարությունում աշխատող մյուս վարորդների հետ էլ հարաբերությունները շատ լավ են, օգնում են մեքենայի կայանման ժամանակ, հաճախ նաեւ զիջում են:

 

Մագդան ասում է, որ պետական համարանիշներով ավտոմեքենա վարելիս պատասխանատվությունն ավելի մեծ է. ավելի զգույշ է, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե կառավարական մեքենա վարողն իրեն որոշակի իրավունքներ է վերապահում։ Մարդիկ, ովքեր տարբերակում են, որ մեքենան պետական է, կին-վարորդին տեսնելիս՝ միանգամից ժպտում են:

 

«Պարոն Էլոյանի առաջին պահանջն էլ այն էր, որ ես զիջեմ կանանց ու աղջիկներին։ Սկզբում նա հաճախ էր դրա մասին հիշեցնում, մինչեւ ես էլ սովորեցի, որ պետք է միշտ այդպես անեմ»։ 

 

Մագդա Սեյրանյանը Մագդա Սեյրանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ինչպես հետո պարզվեց՝ կին-վարորդ փնտրելու միտքը հենց այստեղից էր գալիս. Ավետիք Էլոյանը ստիպված էր լինում նախորդ վարորդին խնդրել եւ հաճախ էլ կրկնել խնդրանքը, որպեսզի զիջի փողոցն անցնող կանանց եւ աղջիկներին:

 

«Ճանապարհներին շփվում ենք, պարոն Էլոյանը միշտ լավ տրամադրությամբ է լինում, իմ՝ հոգեբանի մասնագիտության կարիքը այդ մասով չի լինում (ծիծաղում է,- հեղինակ): Շատ դրական մարդ է»:

 

Նոր աշխատանքում միայն երկու բարդություն կա. խցանումներն ու կայանելու համար ազատ տարածքներ գտնելը, երկրորդի դեպքում հարցերը հեշտությամբ են լուծվում. «Հաճախ է լինում, որ պարոն Էլոյանն ասում է՝ հարմար մի տեղ գտի՛ր, ես կքայլեմ»:

 

Ընտանիքը

 

Այն օրերին, երբ Ավետիք Էլոյանը որոշում է ոտքով վերադառնալ աշխատանքից, Մագդան եւս կարողանում է ավելի վաղ գնալ տուն: Երեկոյան, երբ մենակ է լինում, միացնում է իր սիրելի երաժշտությունն ու ճանապարհ ընկնում: Նոր աշխատանքային գրաֆիկը Մագդային հնարավորություն է տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ. հասցնում է օգնել երեխաներին՝ պատրաստել դասերը կամ պարզապես վայելել երեկոներն ամուսնու հետ: 

 

Կոտրված կարծրատիպը

 

Մագդան շատ է ոգեւորվում, երբ տեսնում է, թե ինչպես են արձագանքում մարդիկ իր նոր աշխատանքին: Ուրախանում է հատկապես այն մտքից, որ, այսպիսով` կարող է կոտրվել կարծրատիպը, որ կին-վարորդները պետական համակարգում չեն լինում:  

 

Մագդա Սեյրանյանը Մագդա Սեյրանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Հիմա հաճախ են զարմանքով նայում մարդիկ, իսկ եթե շատ լինեն աշխատող կին-վարորդները, սովորական կդառնա, ինչպես որ տարիների ընթացքում մեր հասարակության աչքին սովորական դարձան ղեկին նստած կանայք: Այսինքն՝ չլինի այնպես, որ օրինակ՝ կանայք դիմեն աշխատանքի համար միայն այն դեպքում, երբ հայտարարության մեջ հիշատակվում է, որ նախապատվությունը տրվելու է կին-վարորդներին: Ի դեպ, եղել է, որ ես դիմել եմ աշխատանքի համար այնպիսի դեպքերում, երբ պարզապես վարորդ են փնտրել՝ առանց սեռային տարբերակման»: 

 

Մագդան հույս ունի, որ իր օրինակը ձնագնդի էֆեկտ կունենա, եւ կանայք ավելի համարձակ կդառնան, հատկապես, որ այժմ կան նաեւ կին-վարորդներ, ովքեր աշխատում են տաքսի-ծառայություններում: 

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին