[Բաց]ահայտ եւ թաքուն փոխնակ մայրություն. մաս III - Mediamax.am

exclusive
20603 դիտում

[Բաց]ահայտ եւ թաքուն փոխնակ մայրություն. մաս III


Լուսանկարը` whitneymwangi.wordpress.com

Դավիթը եւ Սոֆյան
Դավիթը եւ Սոֆյան

Լուսանկարը` Վարդոյանների ընտանեկան արխիվից

Դավիթը եւ Սոֆյան՝ բժիշկների հետ
Դավիթը եւ Սոֆյան՝ բժիշկների հետ

Լուսանկարը` Վարդոյանների ընտանեկան արխիվից

Պաբլո Պիկասոյի «Մայրություն» կտավը
Պաբլո Պիկասոյի «Մայրություն» կտավը
Գուստավ Կլիմտի «Հույսը» կտավը
Գուստավ Կլիմտի «Հույսը» կտավը

Լուսանկարը` Gracy Berkeley

Սիփան վարդապետը
Սիփան վարդապետը

Լուսանկարը` անձնական արխիվից


Հայաստանում ծնվում են տասնյակ երեխաներ, որոնք լույս աշխարհ են գալիս ոչ թե կենսաբանական, այլ փոխնակ (սուրոգատ) մայրիկի օգնությամբ: Մեր հայրենակիցները այս երեւույթին տարբեր կերպ են վերաբերում՝ ոմանք ողջունում են՝ ասելով, որ շատ զույգերի համար այն երեխա ունենալու միակ հնարավորությունն է: Ոմանք էլ մերժում են՝ ասելով, որ բժիշկները չպետք է իրենց վրա վերցնեն այն, ինչը վերապահված է Աստծուն: Մեդիամաքսը որոշեց հետազոտել փոխնակ մայրության թեման եւ զրուցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

 

Հատուկ ռեպորտաժի առաջին մասը կարդացեք այս հղումով:

 

Հատուկ ռեպորտաժի երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Մեզ մոտ եւ Ֆրանսիայում

 

Մարդու Պտղաբերության Կենտրոնի (Fertility Center) հիմնադիր եւ տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանը շեշտում է, որ

փոխնակ մայրությունը անպտղության դեմ պայքարելու մեթոդ է:

 

«Շատ երկրներում այն արգելված է, քանի որ դիտարկվում է որպես մարմնավաճառության որոշակի տեսակ (կինը՝գումարի դիմաց «տրամադրում» է իր արգանդը), սակայն ոչ մի կերպ չեմ կարող համաձայնել նման տեսակետի հետ: Փոխնակ մայրության շնորհիվ բազմաթիվ զույգեր հնարավորություն են ունենում վայելել ծնող լինելու բերկրանքը», - ասում է բժիշկը:

 

Իրավագետ Եվգենիա Մուրադյանը, ով ֆրանսիական Ժան Մուլեն 3 համալսարանի դոկտորանտ է, Մեդիամաքսի հետ զրույցում փաստում է, որ փոխնակ մայրության նկատմամբ աշխարհում միանշանակ մոտեցում չկա՝ մի երկրում այն արգելվում է, մյուսում՝ թույլատրվում է, նաեւ կան երկրներ, որտեղ այս հարցն օրենսդրորեն չի կարգավորվում:

 

«Գոյություն ունի փոխնակ մայրության երկու ընթացակարգ՝ վճարովի եւ անվճար (խոսքը վերաբերում է միայն փոխնակ մորը վճարելուն): Միայն անվճար փոխնակ մայրություն թույլատրվում է Անգլիայում, Դանիայում, Բելգիայում եւ Կանադայում:

Վճարովի հիմունքներով փոխնակ մայրությունը թույլատրվում է Հայաստանում, ԱՄՆ որոշ նահանգներում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Ուկրաինայում:

Օրենսդրորեն փոխնակ մայրությունը արգելվում է Ֆրանսիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բուլղարիայում եւ Չինաստանում», - պատմում է Եվգենիա Մուրադյանը:

 

[Բաց]ահայտ եւ թաքուն փոխնակ մայրություն. մաս I

1994 թվականից Ֆրանսիայի Քաղաքացիական օրենսգրքի 16-7 հոդվածի համաձայն՝ առոչինչ են ճանաչվել փոխնակ մայրության վերաբերյալ  բոլոր համաձայնությունները: Ֆրանսիայում փոխնակ մայրությունն արգելվում է՝ հիմք ընդունելով հետեւյալ սկզբունքները. փոխնակ մայրությունը խախտում է մարդկային արժանապատվության սկզբունքը, մարդու ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, քանի որ մարդու մարմինը չի կարող հանդիսանալ պայմանագրի առարկա ոչ վճարովի եւ ոչ անվճար հիմունքներով:

 

Հայ եկեղեցին պաշտոնական տեսակետ չունի

 

Իսպանիայում եւ Պորտուգալիայում արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ Սիփան վարդապետ Գեւորգյանն ասում է, որ արհեստական բեղմնավորման եւ փոխնակ մայրության վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցին պաշտոնական տեսակետ դեռ չունի:

Սիփան վարդապետը Սիփան վարդապետը

Լուսանկարը` անձնական արխիվից

«Ավանդական բոլոր եկեղեցիները՝ հռոմեակաթոլիկ, ուղղափառ, հստակ դիրքորոշում ունեն: Փոխնակ մորը դիմելու կատեգորիկ արգելք կա: Որոշ ուղղափառ հոգեւորականներ փորձեցին արտոնել ամուսինների ձվաբջջի եւ սերմի միջոցով բեղմնավորումը, բայց դրա մեջ էլ վտանգներ կան: Ձվաբջջի եւ սերմի ստացումն արդեն իսկ շատ բարդ պրոցես է. ընդունում են հաբեր, հորմոններ, որոնք կնոջ համար կարող են վատ վերջաբան ունենալ:

 

Տղամարդու պարագայում ոչնչացվում են բժշկական տեսակետից թույլ սերմնաբջիջներ, թողնում են ավելի ուժեղները, որոնք կարող են բեղմնավորվել: Այսինքն՝ կատարվում է զտում, եւ սպանվում են կենդանի բջիջներ: Սաղմը պոտենցիալ մարդ է, չենք կարող կամայականորեն ոչնչացնել, իրավունք չունենք», - Մեդիամաքսին ասել է Սիփան վարդապետը:

 

Պատիժ, թե՞ փորձության մի շրջան

 

«Արդյոք մեր իրավո՞ւնքն է, որ պտուղը ձեւավորվի իր կենսաբանական մոր օրգանիզմից դուրս: Հետագայում մենք ինչպե՞ս ենք բացատրելու, որ երկու մայր ունի՝ մեկը, որ նրան ֆիզիկապես հասունացրել է, մյուսը, որ կենսաբանական ծնողն է: Պտղի արժանապատվությունն է ոտնահարվում:

 

Ինձ համար սա նաեւ թրաֆիքինգի տարբերակ է: Մարդը դառնում է առեւտրի նյութ, ինկուբատոր՝ ինձ վճարեք, զավակ ունենամ, տամ ձեզ: Մարդ «ստեղծելու» եւ երջանկացնելու այս առեւտրային մոտեցումն ինձ համար ընկալելի չէ:

 

[Բաց]ահայտ եւ թաքուն փոխնակ մայրություն. մաս II

Զավակ չունենալը հաճախ մեկնաբանվում է որպես պատիժ: Իմ կարծիքով դա պատիժ չէ, այլ՝ փորձության մի շրջան: Մեր ազգն այնքան ծանր է տանում զավակ չունենալը, որ զույգերը հաճախ ամուսնալուծվում են: Սա էլ ընդունելի չէ ինձ համար, որովհետեւ մարդիկ ամուսնացել են սիրելով միմյանց», - ասում է հոգեւորականը:

 

Ամուսնության գերնպատակը զավակ ունենալը չէ

 

«Ես կողմ եմ որդեգրությանը: Ամուսնության գերնպատակը զավակ ունենալը չէ: Մենք տղամարդու եւ կնոջ սիրո միությունն ենք օրհնում: Ինչպես մեր «Մաշտոց» ծիսամատյանն է ասում, հոգեւորականն աղոթում է՝ թող Աստված զավակներ շնորհի ըստ իր կամքի: Մենք հավատում ենք, որ զավակ ունենալն Աստծո կամքի դրսեւորում է: Սա չի նշանակում կույր հնազանդություն, այլ երբ մարդը գիտակցում է իր հարաբերություններն Աստծո հետ, չի պարտադրում իր կամքը, հնազանդվում է Աստծո կամքին: Աստված հուսախաբ չի անում այն մարդկանց, ովքեր հավատքով եւ վստահությամբ դիմում են իրեն: Իսկ երբ մենք փորձում ենք մեր ընկալումներով, տարբերակներով շրջանցել Աստծո կամքը եւ մերը պարտադրել նրան, դա ընդունելի չէ:

 

Մենք այս կարծիքը չենք պարտադրում, բայց հատկապես այն մարդիկ, որոնց հետաքրքրում է եկեղեցու տեսակետը, Աստծո օրհնությունը, պիտի լսեն ու իրագործեն այն:

 

Այստեղ նաեւ բարոյական հարց կա, եւ եթե աթեիստը հոգեւոր բարձր գիտակցություն չունի, անշուշտ ունի բարոյականություն: Սուրոգատ մոր երեւույթը ընտանիքի ինստիտուտն է հարվածի տակ դնում, եւ մարդիկ կամայականորեն, առանց օրենք, հասարակական, հոգեւոր-բարոյական կարծիք հաշվի առնելու՝ համառորեն ասում են՝ մենք պիտի զավակ ունենանք ինչ գնով էլ լինի:

Գուստավ Կլիմտի «Հույսը» կտավը Գուստավ Կլիմտի «Հույսը» կտավը

 

Մենք խաչը չենք հանում այս մարդկանց, բայց փորձում ենք ավելի ճիշտ հոգեւոր ու բարոյական ախտորոշում տալ այս հարցին: Բժշկական տեսակետը եւս ոչ բոլորի համար է ընդունելի: Արտերկրում մի զույգի պսակի արարողություն արեցի, ամուսինը հայ էր, կինը՝ չիլիացի: Մի տղա ունեին, բայց երկրորդ զավակ ունենալ չէին կարող. առողջական խնդիրների պատճառով բժիշկներն արգելել էին կնոջը: Ինձ հարցրեցին, թե կարելի՞ է դիմել փոխնակ մորը, ես բացատրեցի բոլոր այն թերի կողմերը, որ կարող է ունենալ այս հարցը, եւ իրենք հրաժարվեցին:

 

Հայաստանում ճանաչում եմ մի ընտանիքի, որը տարիներ շարունակ զավակ չէր ունենում, դիմեցին սուրոգատ մորն ու զավակ ունեցան: Ցավոք սրտի, զավակը որոշ առողջական խնդիրներ ունի: Իսկ երկու տարի հետո նրանք բնական ճանապարհով զավակ ունեցան ու մինչեւ հիմա խղճի խայթ ունեն, որ ավելի շատ ապավինեցին բժշկական միջոցներին եւ երեխան այսպիսի խնդիր ունի, մինչդեռ Աստված բնական ճանապարհով իրենց զավակ պարգեւեց: Անշուշտ, սրանք օրինակներ են, բացարձակ ճշմարտություն չէ, գուցե ուրիշներն էլ հարյուրավոր այլ օրինակներ բերեն», - ընդունում է Սիփան վարդապետը:

 

«Մարդ ստեղծելու առաքելությունը վերապահված է Աստծուն»

 

«Ինձ հարցրել են, թե արհեստական բեղմնավորման ճանապարհով ծնված երեխային պե՞տք է մկրտենք, թե՝ ոչ: Անշուշտ, չմկրտել չենք կարող, որովհետեւ այդ պատասխանատվությունն ավելի շատ ընկնում է ծնողների վրա: Մենք չենք կարող մերժել այն մարդուն, ով արհեստական բեղմնավորման ճանապարհով է լույս աշխարհ եկել: Մենք չենք կարող մեզ Աստծո տեղը դնել եւ ասել, որ արհեստական բեղմնավորման ճանապարհով ծնված երեխայի նկատմամբ Աստծո սերը պակաս է, որ նա արժեզուրկ է, քան՝ բնական ճանապարհով ծնվածը:

Պաբլո Պիկասոյի «Մայրություն» կտավը Պաբլո Պիկասոյի «Մայրություն» կտավը

 

Երկու կարեւոր հարց կա՝ կյանք երկարացնել եւ կյանք ստեղծել: Մենք ուրախ ենք, որ բժշկությունն այնքան է առաջացել, որ հաճախ կանխում է մահաբեր հիվանդությունները, համաճարակները: Եկեղեցին դեմ է կյանք ստեղծելու բժշկական ջանքերին: Մենք խորապես հավատում ենք, որ մարդ ստեղծելու առաքելությունը վերապահված է Աստծուն: Պետք չէ բժշկին աստվածացնել», - եզրափակում է հոգեւորականը:

 

Կինը պետք է գիտակցի, որ գնալու է զոհողությունների

 

Փոխնակ մայրիկ Լիլիթը (անունը փոխված է) երկու անգամ է հանդես եկել այդ դերում: Ահա նրա պատմությունը.

 

«Առաջին բալիկին ունեցել եմ 6 տարի առաջ, երբ 22 տարեկան էի: Նոր էի ամուսնալուծվել, երկու փոքր երեխա ունեի, ոչ մի կերպ չէի կարողանում աշխատանք գտնել: Մի օր ծանոթներիցս մեկը խոստովանեց, որ հանդես է եկել որպես փոխնակ մայր: Հասկացա, որ ինձ համար էլ սա կարող է դժվար իրավիճակից դուրս գալու միջոց լինել:

 

Շատ լավ, բարի, հավատքով զույգ էր, որի հետ ամբողջ ինը ամսվա ընթացքում հիանալի հարաբերություններ ենք ունեցել: Փոխնակ մայր լինել ցանկացող յուրաքանչյուր կին պետք է գիտակցի, որ գնալու է որոշ զոհողությունների: Դրանք թե՛ հղիությունից առաջացած հնարավոր առողջական խնդիրներն են, թե՝ հոգեբանական մեծ ճնշումը, որը պայմանավորված է մեծագույն պատասխանատվության, երեխային չկապվելու, ծնողների կողմից հսկվելու, ծանոթներից թաքնվելու եւ մի շարք այլ գործոնների հետ: 

 

Լիովին գիտակցելով, որ արգանդիդ մեջ աճող երեխան ոչ մի կապ չունի քեզ հետ եւ դու միայն «ինկուբատորի» դեր ես կատարում, միեւնույնն է՝ անհնար է ոչինչ չզգալ, երբ լսում ես նրա «խաղը»: Դրա հետ մեկտեղ հարկավոր է հոգեպես հանգիստ լինել, լավ տրամադրված եւ հղիության ընթացքում կատարել բոլոր նշանակումներն այնպես, ինչպես դա կանեիր սեփական երեխայիդ համար:

 

Դժվար է այդ ընթացքում լինել սահմանափակված՝գրեթե յուրաքանչյուր գործողության մեջ: Սակայն պետք է հասկանալ, որ ապագա ծնողների համար դու օտար մարդ ես, եւ բնական է, որ մինչեւ երեխայի ծնվելը ցանկանում են ամեն ինչից տեղյակ լինել: Բայց զույգն էլ պետք է գիտակցի, որ դու գումարով գնված սեփականություն չես, եւ չի կարելի պայմանագրում նշված կետերից զատ փորձել նաեւ վերահսկել փոխնակ մայրիկի ողջ անձնական կյանքը: Վստահությունն այս պարագայում անհրաժեշտ է:

 

Երեխային ունենալու ճանապարհը ընտրվում է ըստ զույգի ցանկության եւ բժշկական ցուցումների, բայց անձնական փորձից ելնելով, կասեմ, որ կեսարյան հատումը շատ ավելի ցանկալի է՝ ծննդաբերելու ընթացքում կարող են առաջանալ մայրական բնազդներ:

Լուսանկարը` Gracy Berkeley

Նույնը վերաբերում է կրծքով կերակրելուն: Ծննդաբերությունից հետո մայրը ինձ առաջարկեց երեխային կրծքով կերակրել, սակայն ես հրաժարվեցի, քանի որ հոգեբանորեն ինձ ավելի ծանր կլիներ երեխայից բաժանվել:

 

Երկրորդ անգամ փոխնակ մայր եղել եմ երկու տարի առաջ՝ զույգ բալիկների համար: Ծնողները հայաստանաբանակ չէին եւ Երեւան վերադարձան, երբ արդեն մոտենում էր երեխաների ծնվելու օրը: Չնայած նրան, որ այս դեպքում էլ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, այնուամենայնիվ, ծննդաբերությունից հետո առաջին հերթին ինքս եմ ցանկացել աստիճանաբար կրճատել շփումը:

 

Ես ընդամենը միջոց եմ եղել՝ իրենց երեխաներին լույս աշխարհ բերելու համար, այդ քայլին դիմել եմ մեծ կարիքից ելնելով եւ չեմ կարծում, որ թե՛ իրավական, թե՛ անձնական տեսակետից հետագա կապը պետք է շարունակելի լինի: 

 

Մեկ երեխայի դեպքում ստացել եմ 10 000 $ , որին գումարվում էին ամսական վճարումներ՝ ամենօրյա ապրուստը ապահովելու համար:

 

Հաճախ եմ լսում քննադատական խոսքեր փոխնակ մայրերի հասցեին,նույնիսկ շատերը պնդում են, որ դա «հակաաստվածային» գործ է: Ոչ ոք չի կարող ասել, այս քայլը Աստծո կողմից ընդունված է, թե ՝ոչ: Ես կարծում եմ, որ ամեն բան կատարվել է Աստծո կամոք՝ ընտանիքների եմ օգնել, որոնք ինձ օրհնում են մինչեւ այսօր, ես էլ իրենց եմ շատ շնորհակալ: Երկու դեպքում էլ երեխաների ծնողները հավատքով, աստվածավախ մարդիկ են եղել, առաջին զույգի հետ նաեւ պատարագի ենք մասնակցել: 

 

Այժմ պարբերաբար հանդես եմ գալիս որպես ձվաբջջի դոնոր, եւ այս դեպքում,եթե ինձ փորձեն քննադատել, երեւի թե կլռեմ, քանի որ լիովին գիտակցում եմ, որ հանձնելով ձվաբջիջը՝ արդեն իմ գենետիկան եմ փոխանցում եւ կարող եմ ինչ-որ զույգի մոտ ծնված երեխայի կենսաբանական մայրը լինել: Աշխատում եմ չմտածել այդ մասին եւ երբեք չեմ հարցնում՝ հղիացե՞լ են իմ ձվաբջջի օգնությամբ, թե՝ոչ:

Առողջական առումով ձվաբջիջ հանձնելը շատ ավելի ծանր է, քանի որ ամեն անգամ կիրառվում են մեծ քանակությամբ հորմոնալ դեղամիջոցներ՝ հնարավորինս շատ ձվաբջիջներ ստանալու համար: Դոնոր կարելի է լինել տարեկան 6 անգամ, այլապես՝ վտանգվում է կնոջ առողջությունը:

 

Ամեն անգամ մտածում եմ, որ էլ չեմ գա ձվաբջիջ հանձնելու, սակայն հետո կրկին ստիպված եմ լինում դիմել այդ քայլին, քանի որ ունեմ շատ հստակ նպատակ՝ մեծացնել երեխաներիս»:

 

Երբ զույգը չի թաքնվում

 

ԱՄՆ-ում բնակվող Անահիտ Վարդոյանը Մեդիամաքսին պատմել է, որ ամուսնացած է մոտ 40 տարի, 25 տարեկան դուստր ունեին, երբ ամուսնու հետ որոշեցին նորից զավակ ունենալ:

 

Ստորեւ ներկայացնում ենք նրա պատմությունը, որը վստահեց Մեդիամաքսին.

 

«Տարիներն անցնում էին, ես չէի կարողանում երեխա ունենալ կամ կորցնում էի երեխային, եւ որոշեցինք դիմել փոխնակ մոր օգնությանը: Բնակվում ենք ԱՄՆ-ում, բայց այդ ժամանակահատվածում եկանք Հայաստան, ապրեցինք Երեւանի մեր տանը եւ ցանկացանք, որ փոխնակ մայրը հայ լինի:

 

Ամուսինս շատ էր ուզում տղա երեխա ունենալ: Մենք մի երեխա էինք ուզում, բայց փոխնակ մոր միջոցով երկուսն ունեցանք ՝ ե՛ւ աղջիկ, ե՛ւ տղա: Աստված մեզ երկուսին պարգեւեց:

 

Մեզ շրջապատող մարդկանց կարծիքները հիմնականում դրական են եղել: Բոլորն ասում էին, որ շատ լավ բան ենք որոշել անել: Աղջկաս սկեսուրը, ամուսնու բարեկամները, որոնք ամերիկացիներ են, հիացած էին մեր որոշմամբ:

 

Փոխնակ մոր հետ մինչեւ հիմա կապ ենք պահպանում եւ ամբողջ կյանքում նրա հետ լավ ընկերներ ենք մնալու: Լավ կլիներ՝ նա էլ Ամերիկայում լիներ, երեխաների կողքին: Մենք բարեկամացել ենք նրա հետ: Նա մեր երեխաներին 7 ամիսների ընթացքում կրել է, բարդ հղիություն է ունեցել, շարունակ բժշկի հսկողության տակ է գտնվել, մեծ գործ է արել մեզ համար: Նա իմ ընկերուհին է դարձել: Միասին հրաշալի ժամանակ ենք անցկացրել: 

 

Ծննդաբերության ժամանակ մենք հիվանդանոցում էինք, սակայն ոչ վիրահատական սենյակում. բժիշկը խորհուրդ չտվեց այդ պահին սենյակում գտնվել: Մենք պատրաստված գնացել էինք՝ մեր երեխաների հագուստներով եւ բոլոր անհրաժեշտ պարագաներով: Ի դեպ, մանկական հագուստը եւ պարագաները փոխնակ մայրիկի հետ միասին էինք ընտրել: Ծննդաբերության ժամանակ ես, ամուսինս եւ փոխնակ մամայի մայրը հիվանդանոցում էինք: Վիրահատությունից հետո ես կարճ ժամանակով կարողացա տեսակցել մեր փոխնակ մայրիկին: Մի քանի ժամ հետո էլ մեր երեխաներին բերեցին իմ սենյակ: Մեզ ասացին, որ ես պետք է առանձին սենյակում լինեմ երեխաների հետ, փոխնակ մայրը՝ առանձին: Երեւի թե այդպես ավելի ճիշտ էր, փոխնակ մայրը վիրահատություն էր տարել, եւ նրան հանգիստ էր պետք:

 

Երեխաներին տեսնելու առաջին զգացողությունը հրաշալի էր: Ես մեկ անգամ արդեն մայրացել էի եւ այդ պահին էլ նույն զգացողությունն էր՝ մայրական: Տղաս առաջին վայրկյանից ուշադիր ինձ էր նայում եւ մինչեւ հիմա էլ ինձ շատ կապված է: Աղջիկս էլ հայրիկի հետ է շատ կապված:

Դավիթը եւ Սոֆյան Դավիթը եւ Սոֆյան

Լուսանկարը` Վարդոյանների ընտանեկան արխիվից

Փոխնակ մայրիկը երեխաների ծննդից երկու շաբաթ անց գրեց, որ կուզեր տեսնել երեխաներին, եթե դեմ չենք: Ես էլ ասացի, որ անպայման պետք է այցելի մեզ ու տեսնի երեխաներին: Նա նվերներով եկավ՝ իր մայրիկի ու աղջկա հետ:

 

ԱՄՆ մեկնելուց երկու օր առաջ այցելեցինք Պտղաբերության կենտրոն, որպեսզի հանդիպենք մեր բժշկին՝ Քնարիկ Ալեքսանդրյանին եւ Էդուարդ Համբարձումյանին: Նրանք գրկեցին երեխաներին եւ նկարվեցին: Ես էլ հրապարակեցի այդ նկարը եւ գրեցի՝ «Երբեք ուշ չէ իրականացնել երազանքդ այս հրաշալի թիմի օգնությամբ: Մենք մեկ երեխայի մասին էինք երազում, բայց նրանք մեզ տվեցին երկուսին՝ Դավիթին եւ Սոֆիային:

Դավիթը եւ Սոֆյան՝ բժիշկների հետ Դավիթը եւ Սոֆյան՝ բժիշկների հետ

Լուսանկարը` Վարդոյանների ընտանեկան արխիվից

Տղայի անունը ընտրելիս չէինք կողմնորոշվում: Մտածում էի անունը դնենք Արքա, Նոյ կամ Սայաթ: Բայց «Էրեբունի» կենտրոնում երեխաների ծնունդն ընդունող բժիշկը՝ Դավիթ Աբովյանը, այնքան լավ մարդ էր, որ որոշեցինք Դավիթ դնել անունը»:

 

Հատուկ ռեպորտաժի առաջին մասը կարդացեք այս հղումով:

 

Հատուկ ռեպորտաժի երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Աննա Բուբուշյան, Լուսինե Ղարիբյան, Մարիամ Մանոյան, Թագուհի Հովհաննիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին