ՍՕՍ մամա Աննա՝ սեր առանց պարտավորությունների - Mediamax.am

exclusive
9449 դիտում

ՍՕՍ մամա Աննա՝ սեր առանց պարտավորությունների


Աննա Թադեւոսյանը
Աննա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Թադեւոսյանը
Աննա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Աննա մամային հարցնում եմ, թե քանի երեխա ունի, սկսում է ծալել մատները: Երկու ձեռքը բռունցք է դառնում, բայց դեռ շարունակում է՝ «Կարենս, Անիս, Փայլակս…»: 33 տարեկանում Աննան որոշեց՝ ուզում է մայր դառնալ, ու տեղափոխվեց Կոտայքում գտնվող «ՍՕՍ մանկական գյուղ»: Այստեղ են ապրում առանց ծնողական խնամքի մնացած, նաեւ կյանքի դժվար իրավիճակներում գտնվող երեխաները՝ իրենց ՍՕՍ մայրիկների հետ: Միանման տնակներից կազմված գյուղի առաջին բնակիչները 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով որբացած երեխաներն էին: Հիմա 12 ՍՕՍ մայրերի խնամքին 53 երեխա կա:

 

Աննա Թադեւոսյանը գյուղի ամենափորձառու մայրիկներից մեկն է: 25 տարում 15 երեխա է մեծացրել ու մեծացնում: Մինչ բազմազավակ մայր դառնալու վերջնական որոշում կկայացներ, տեւական ժամանակ այցելել է գյուղ ու հասկացել՝ սա իր տեղն է: Այստեղ ամեն մեկը գտնում է այն, ինչ փնտրում է՝ կինը՝ երեխա, երեխան՝ մայր, եւ երկուսը՝ ընտանիք:

 

«Գյուղը միայն երեխաների համար չէ, այլ՝ այն մեծերի, որոնք ցանկանում են իրենց ընտանիքն ունենալ: Դու էլ ես երեխաներ գտնում, քեզ համար ընտանիք ես ստեղծում: Մամաս ընդհանրապես համաձայն չէր որոշմանս հետ, բայց պապաս ընդունեց: Մշտապես գալիս-գնում էր, իսկ մայրս ընդամենը 3 անգամ է եկել գյուղ, բայց երեխաներիս ընդունում է, տատիկություն անում, գնում ենք մեր տուն: Սա մենաստան չէ, դուռը միշտ բաց է. կարողացար կայանալ, հասկացար, որ քոնը սա է, կմնաս, եթե՝ ոչ, կարող ես գնալ, ոչ ոք պարտավորություններ չի դնում քեզ վրա»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննան հիմա երեք երեխա ունի՝ 11-ամյա Նարեկն ու Հոկոբը եւ 13-ամյա Տիգրանը: Տիգրանն ու Հակոբը հարազատ եղբայրներ են, բայց եթե չլինի արտաքին նմանությունը, գլխի չես ընկնի: Ընտանիքում բոլորը հավասար իրավունքներ ունեն, արտոնյալներ ու առավել սիրելիներ չկան: «Անծանոթներին միշտ ասում եմ՝ երեքից երկուսը հարազատ են, դուք որոշեք՝ ով ում ազգականն է: Չեն կարողանում»,- ծիծաղում է Աննան:

 

Աննային, ինչպես մյուս ՍՕՍ մայրերին, օգնում են մորաքույրները: Իրինայի հետ կազմակերպում են ընտանիքի կենցաղը՝ եփում-թափում, տղաներին դպրոց ճանապարհում, դասերը պատրաստում, հիվանդ ժամանակ խնամում, միասին տոներ նշում… ինչպես բոլոր ընտանիքներում: Պարտականություններ ունեն նաեւ տղաները. «Գործերը բաժանում ենք, մի շաբաթ փոշեկուլ եմ անում, հետո հատակ մաքրում, հետո՝ զուգարան»,- ասում է Հակոբը: Նարեկը կողքից ավելացնում է՝ վերջերս «Մայրաքաղաքային» աղցան են պատրաստել:

 

Տարիներ առաջ Աննան իսկական բազմազավակ մայր էր: Միաժամանակ 9 երեխա ուներ, 4-ը՝ նույն ընտանիքից: Ինչպես դիմել ՍՕՍ մայրերին, երեխաներն իրենք են որոշում:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեծերս ինձ միշտ մամա են ասել: Երկրաշարժից հետո հիմնականում ծնողազուրկ էին: Հիմա երեխաները ծնողներ ունեն, սոցիալապես են անապահով: Կան երեխաներ, որ մայրեր ունեն, բայց ինձ «մամա» են ասում: Մի աղջիկ ունեմ՝ Անին, մայրը հիվանդ էր, վեց ամիս մորաքույրն էր պահել իրեն: Անին իր մորը «մամա» էր ասում, մորաքրոջը «մամա» էր ասում, գյուղ եկավ ինձ էլ «մամա» ասաց: Ուրախանում էր՝ «3 մամա ունեմ»,- պատմում է Աննան:

 

Երեխաները գյուղում ապրում են մինչեւ 15 տարեկան, հետո տեղափոխվում են Երեւան՝ Երիտասարդական տուն, որտեղ սովորում են ինքնուրույն կյանքին: Բաժանումը դժվար է լինում, արցունքներով: «Երբ առաջին աղջիկս գնաց, քանի կիլո նիհարեցի»,- հիշում է Աննան: Առիթ գտնում է գնալու եւ տեսնելու՝ երեխաներն ինչպես են հարմարվել, ինչի կարիք ունեն: Բայց ամեն ինչ անում է, որ նրանք ազատ լինեն ու չզգան, թե պարտավոր են իրեն ինչ-որ բան վերադարձնել:

 

«Չեմ ընդունում, որ ասում են՝ երեխա ունես, պարտավոր է քեզ պահել: Հենց սկսում ես ակնկալիք ունենալ, ամեն ինչ քանդվում է: Երեխան էլ պիտի հասկանա, որ դու իր նկատմամբ լավ վերաբերմունք ունես ոչ թե նրա համար, որ ծերության ժամանակ քեզ հոգ տանի, այլ որովհետեւ միասին ապրել եք, ընդհանուր արժեքներ ունեք:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք պիտի մեկս մյուսիս համար շատ կարեւոր ու հարազատ մարդ դառնանք: Իրենց մայրերն իրենց տեղն ունեն, մենք նրանց տեղը չենք զբաղեցնում: Ես իմ տեղն ունեմ, հարսանիքներին, կնունքներին իրենց ծնողների, հարազատների հետ նստում եմ նույն սեղանի շուրջ»: 

 

Աննայի դերերը շատացել են՝ մայր է, տատիկ, սկեսուր, զոքանչ: Ոմանց հետ հազվադեպ է շփվում՝ տարին մեկ-երկու անգամ կամ Ամանորին: Մյուսների հետ առնվազն 2 ամիսը մեկ հանդիպում է, հեռախոսով զրուցում: Ասում է՝ այդպես ազնիվ է, չես կարող ստիպել, որ քեզ սիրեն:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Իրենք էլ չեն ուզում դատարկ գան ինձ տեսնելու, ուզում են արդյունքի հասած լինեն: Հենց մի լավ բան է լինում, միանգամից զանգում են, բայց եթե տեւական դադար է լինում, զգում եմ, որ մի բան էն չի: Իմ մեծ երեխաներն ինձ են հենարան դարձել: Իրենք կայացել են, ամեն մանրուքով ինձ չեն անհանգստացնում, բայց ես ինչ-որ բան անելուց ո՞նց կլինի Ալբերտին, Արտակին, Փայլակին տեղյակ չպահեմ: Ես տուն եմ վերանորոգել, բոլոր տղաներս եկել են, տեսել, տիրություն են արել:

 

Առաջ ավելի հաճախ էի գնում մեծ տղայիս մոտ: Ոսկերիչ է, հիմա ազատ օրեր քիչ ունի: Իհարկե, հաճելի է շփվել հարսիս, թոռներիս հետ, բայց ինձ համար իմ տղան է կարեւոր: Վերջին անգամ, որ գնացի, ասացի՝ Մարինե ջան, չնեղանաս, բայց ուզում եմ էնպես գալ, որ տղուս տեսնեմ»,-ծիծաղելով պատմում է մամա Աննան:

Աննա Թադեւոսյանը Աննա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամենամեծ պարգեւն ու գնահատականը, ասում է, երեխաներին կայացած, ինքնուրույն տեսնելն է: Նրանց մեծ ու փոքր հաղթանակները նաեւ իրենն են:

 

«Տղաներից մեկն արդեն ընտանիք ունի, տղամարդ է դարձել ու ինձ էլ չափի մեջ է դրել, որ ամեն ինչի մեջ «քիթս չխոթեմ», իրենից առաջ չանցնեմ: Մի անգամ ասաց՝ իմ դժվարությունը ես պիտի ապրեմ, իմ ուրախությունն էլ ընտանիքով պիտի ապրենք»: 

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին