«Բարի եկար Լիբանան». Մաս 1-ին - Mediamax.am

exclusive
5655 դիտում

«Բարի եկար Լիբանան». Մաս 1-ին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լիբանանահայերի քայլերթը ապրիլի 24-ին, Բեյրութ
Լիբանանահայերի քայլերթը ապրիլի 24-ին, Բեյրութ

Լուսանկարը` Twitter

Սբ Գրիգոր Լուսավորիչ - Սբ Եղիա աթոռանիստ կաթողիկե եկեղեցի, Բեյրութ
Սբ Գրիգոր Լուսավորիչ - Սբ Եղիա աթոռանիստ կաթողիկե եկեղեցի, Բեյրութ

Լուսանկարը` Մեդիամաքս

Սբ Գրիգոր Լուսավորիչ - Սբ Եղիա աթոռանիստ կաթողիկե եկեղեցի, Բեյրութ
Սբ Գրիգոր Լուսավորիչ - Սբ Եղիա աթոռանիստ կաթողիկե եկեղեցի, Բեյրութ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիբանանի խորհրդարանի շենքը
Լիբանանի խորհրդարանի շենքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերժ Դուրսարքիսյանը
Սերժ Դուրսարքիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերժ Դուրսարքիսյանը
Սերժ Դուրսարքիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը
Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը
Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բեյթեդդին
Բեյթեդդին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիբանանում ՀՀ դեսպանությունը
Լիբանանում ՀՀ դեսպանությունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բեյրութի փողոցները
Բեյրութի փողոցները

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հարգելի՛ ուղեւորներ, մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանում»:

 

Շաբաթական երկու անգամ Middle East Airlines-ն իրականացնում է Երեւան-Բեյրութ-Երեւան կանոնավոր չվերթներ: Երկու ժամ թռիչք, եւ դու արդեն Բեյրութում ես: Այս ամառ Բեյրութից Երեւան մեկնող ինքնաթիռում ազատ տեղ չես գտնի:

 

Լիբանանահայերը Հայաստան են շտապում՝ ամառային արձակուրդներն անցկացնելու, Համահայկական խաղերին մասնակցելու նպատակով: Մինդեռ Երեւան-Բեյրութ չվերթում ինձ պես հայաստանցի զբոսաշրջիկի շատ չես հանդիպի: Չնայած ՀՀ քաղաքացին այսօր լիբանանյան վիզա կարող է ստանալ միանգամից Բեյրութի օդանավակայանում, այնուամենայնիվ, հայ զբոսաշրջիկների համար այս երկիրը մատչելի եւ նախընտրելի  հանգստավայր չէ: «Ավիատոմսը սուղ է»,- պնդում է ինքնաթիռում կողքս նստած բեյրութահայը, որը Հայաստան է գալիս տարին մեկ անգամ:

 

Օդանավակայանից մեքենայով շարժվում ենք դեպի Բեյրութի կենտրոն: Քաղաքի գլխավոր պողոտաներում, խանութների ցուցափեղկերին կարելի է տեսնել մանուշակագույն մեծ ու փոքր անմոռուկներ, «Հիշում եմ եւ պահանջում» բազմալեզու գրություններ: Անկախ քեզանից՝ փշաքաղվում ես:

Բեյրութի փողոցները Բեյրութի փողոցները

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիբանանը Մերձավոր Արեւելքի դեռեւս միակ երկիրն է, որի օրենսդիր մարմինը, 1999թ. ընդունելով հատուկ հայտարարություն, իսկ 2000թ. մայիսին՝ բանաձեւ, պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 

Անցնում ենք Անթիլիասի մայրավանքի տարածքին հարող գլխավոր պողոտայով: Ինձ հյուրընկալող ընկերուհիս պատմում է. այս տարվա  ապրիլի 24-ին Բեյրութի հենց այս պողոտայով ավելի քան 50 հազար լիբանանահայ, բազմալեզու կարգախոսներով եւ հայկական դրոշներով, մայրավանքից քայլարշավով հասել է քաղաքի հայաբնակ թաղամասի՝ Բուրջ Համուդի մարզադաշտ:

Լիբանանահայերի քայլերթը ապրիլի 24-ին, Բեյրութ Լիբանանահայերի քայլերթը ապրիլի 24-ին, Բեյրութ

Լուսանկարը` Twitter

Ընդհանրապես, Լիբանանն այն երկրներից է, որտեղ որեւէ խոչընդոտ չկա Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման հարցում: Այս տարի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Լիբանանում գործող բոլոր դպրոցներում առաջին անգամ ապրիլի 24-ը հայտարարվել էր ոչ ուսումնական օր:

 

Լիբանանահայությունը համարվում է հայկական ամենաավանդական համայնքներից մեկը: Ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցները շատ կարճ ժամանակում կարողացել են Լիբանանում ստեղծել ծաղկուն հայկական գաղթօջախ` եկեղեցիներով, վանքերով, դպրոցներով, մամուլով, մշակութային, մարզական, բարեգործական կառույցներով: Լիբանանում այսօր գործում է 26 հայկական դպրոց, որում սովորում է շուրջ 8000 աշակերտ:

 

Հայերը հիմնականում բնակվում են Բեյրութի Բուրջ Համուդ եւ Հաճն թաղամասերում, Լեռնալիբանանում, Այնճար գյուղում եւ այլ շրջաններում: Լիբանանի դերը Սփյուռքում պահպանվում է շնորհիվ նաեւ այն բանի, որ այստեղ են գտնվում բազմաթիվ հայկական եկեղեցիներ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք-կաթողիկոսի (Կաթողիկոս պատրիարք Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց) եւ Մերձավոր Արեւելքի ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահի նստավայրերը։

Սբ Գրիգոր Լուսավորիչ - Սբ Եղիա աթոռանիստ կաթողիկե եկեղեցի, Բեյրութ Սբ Գրիգոր Լուսավորիչ - Սբ Եղիա աթոռանիստ կաթողիկե եկեղեցի, Բեյրութ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիբանանի իշխանությունների եւ ժողովրդի վերաբերմունքի շնորհիվ հայերն այստեղ կարողացել են պահպանել հայկական ինքնությունը: Իրենց աշխատասիրության եւ տաղանդի շնորհիվ նրանք շոշափելի ներդրում ունեն Լիբանանի զարգացման գործում:

 

Ներկայում հայ համայնքը Լիբանանի կառավարությունում ներկայացված է ի դեմս էներգետիկայի եւ ջրի նախարար Արթուր Նազարյանի: Ըստ Լիբանանի Սահմանադրության, ինչպես նաեւ 1989թ. կնքված Թաիֆի համաձայնագրի՝ հայ համայնքը երկրի խորհրդարանում ունի 6 պատգամավորական մանդատ:

Լիբանանի խորհրդարանի շենքը Լիբանանի խորհրդարանի շենքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մասնագիտությամբ փաստաբան Սերժ Դուրսարքիսյանը Լիբանանի խորհրդարանում ներկայացնում է Բեյրութի Հայ Կաթողիկե համայնքը: Առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 2000թ., այնուհետ վերընտրվել է 2005թ. եւ 2009թ.:

 

Ուղեկցելով մեզ իր գրասենյակ՝ հայազգի պատգամավորը պատմում է, որ էթնիկ, կրոնական, քաղաքական բազմազանությամբ աչքի ընկնող Լիբանանում յուրաքանչյուր համայնք ունի իր խնդիրները եւ, օգտագործելով իր լծակները, փորձում է հասնել դրանց լուծմանը:

Սերժ Դուրսարքիսյանը Սերժ Դուրսարքիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հայոց ցեղասպանության ճանաչման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստան-Սփյուռք համագործակցության եւ համայնքին հուզող հարցերում համայնքն իր բոլոր կառույցներով ավանդաբար ցուցաբերում է միասնական մոտեցում: Օրենսդիր մարմնում հայազգի պատգամավորները եւս հանդես են գալիս միասնական ճակատով: Սերժ Դուրսարքիսյանը խոստովանում է՝ այդ պահերին պատգամավորները մոռանում են նեղ կուսակցական, անձնական շահերի մասին:

Սերժ Դուրսարքիսյանը Սերժ Դուրսարքիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինչ-որ հայկական նիւթ է, մինչեւ վերջ իրարու հետ ենք»,- հաստատակամ նշում է Դուրսարքիսյանը: 

 

Հայազգի պատգամավորները փորձում են նպաստել հայ-լիբանանյան տնտեսական կապերի զարգացմանը: Պատգամավորի վկայությամբ, այս տեսանկյունից նշանակալի դեր է խաղացել երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը, ինչպես նաեւ լիբանանահայերին ՀՀ քաղաքացիության տրամադրման ընթացակարգերի արագացումը:

 

«Մենք՝ որպէս երեսփոխան, անշուշտ պիտի քաջալերենք երկկողմ կապերը: Որ քաջալերենք մէկը գնայ ապրի, բիզնէս ընէ Հայաստան, պիտի քիչ մը դիւրինցնենք այդ: Վիզան պիտի դիւրին ըլլայ, պասպորթի հարցնալ դիւրին ըլլայ: Պէտք է թուրիսթիք սթրաթեջի դրուի Հայաստանի մէջ: Հայաստանը պէտք է աւելի պրոֆեշիոնալ աշխատի թուրիզմի վրայ», - նկատում է պատգամավորը:

 

*****

Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բեյրութի կենտրոնից ոչ հեռու՝ 28 Rue des Jasmins հասցեում գտնվող շենքի վրա, ծածանվում է ՀՀ պետական դրոշը: Այստեղ է Լիբանանում ՀՀ դեսպանությունը, որի շենքը 1998թ. կառուցվել է ՀԲԸՄ-ի աջակցությամբ: Դեսպանատանը մեզ ջերմությամբ դիմավորում է դեսպան Աշոտ Քոչարյանը:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեսպանի խոսքով՝ ավանդաբար հայ-լիբանանյան հարաբերություններն աչքի են ընկել բարձր մակարդակով: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ: Քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի պահպանմանը եւ զարգացմանը մեծապես նպաստել են վերջին տարիներին երկու երկրների նախագահների փոխայցելությունները: Այս տարվա մայիսին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Բեյրութ կատարած պաշտոնական այցի ընթացքում վերահաստատվել է քաղաքական փոխհարաբերությունների բարձր մակարդակը:

 

Աշոտ Քոչարյանի համոզմամբ՝ առկա է մեծ ներուժ՝ զարգացնելու երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերությունները:  Դեսպանությունն այժմ աշխատանքներ է տանում Լիբանանում հայկական ապրանքների ցուցահանդես կազմակերպելու ուղղությամբ: Ներկայում Հայաստանում գործում է լիբանանյան կապիտալով շուրջ 100 ընկերություն:

 

«Բոլորովին վերջերս լիբանանյան «Գարդենիա» ընկերությունը Հայաստանում գործարկեց մեկնարկային ծրագիր, որով Կոտայքի մարզում նախատեսում է «պեկան» տեսակի ընկույզ աճեցնել: Այս ծրագրի շրջանակում առաջիկա տարիներին Հայաստանում նախատեսվում է բացել շուրջ 200 աշխատատեղ»,- պատմում է դեսպանը:

 

Նրա խոսքով՝ վերջին տարիներին աշխուժացում է նկատվում զբոսաշրջության, տնտեսական, մշակութային, ռազմաքաղաքական եւ կրթական ոլորտներում: 2014թ. կազմակերպվել են հայաստանյան եւ լիբանանյան զբոսաշրջային տուրօպերատորների փոխայցելություններ՝ զբոսաշրջության ոլորտում համագործակցության հիմքեր ստեղծելու նպատակով:

 

Ակտիվ են շփումները նաեւ մշակույթի ոլորտում: Երկու տարի անընդմեջ` փետրվար-մարտ ամիսներին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մասնակցում է «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնին: Երեւանի կամերային երգչախումբն ապրիլին մասնակցել է հոգեւոր երաժշտության երգչախմբերի Լիբանանի միջազգային փառատոնին: Համերգներից երկուսը նվիրված էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Բեյթեդդին Բեյթեդդին

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր այցի օրերին (օգոստոսի 8-ին) Բեյթեդդինի 2015թ. արվեստի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, պետական կամերային եւ «Հովեր» պետական կամերային երգչախմբերի, ինչպես նաեւ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ, հանդես էր գալիս 100-րդ տարելիցին նվիրված մեծ համերգով:

 

Դեսպանը կարեւորում է նաեւ 2014թ. նոյեմբերից Լիբանանում իտալական հրամանատարության կազմում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում մասնակցող մեր 32 խաղաղապահների առաքելությունը:

 

******

Մինչեւ 1970-ականները Լիբանանում բնակվում էր շուրջ 250-300 հազար հայ: Քաղաքացիական երկարատեւ պատերազմի ու դրա հետեւանքով առաջացած անապահովության ու տնտեսական ճգնաժամերի հետեւանքով Լիբանանում բնակվող մեր հայրենակիցների թիվը կրճատվել է՝ հասնելով 140-150 հազարի: Պատգամվոր Դուրսարքիսյանի համոզմամբ՝ որքան էլ ներկայում Լիբանանում իրավիճակն անկայուն է (երկիրն արդեն մեկ տարի է՝ չունի նախագահ, խորհրդարանը չի կարողանում քվորում ապահովել ընտրություններ անցկացնելու համար եւ այլն), քաղաքացիական պատերազմից հետո երկրում մնացած լիբանանահայերը չեն լքի այն:

 

Հազարավոր լիբանանահայեր անցած 30 տարիների ընթացքում, պահպանելով Լիբանանի քաղաքացիությունը, թեեւ արտագաղթել են, սակայն պահպանել են իրենց անունները ընտրացուցակներում եւ, ըստ լիբանանյան օրենքի, կարող են մասնակցել ընտրություններին:

Լիբանանում ՀՀ դեսպանությունը Լիբանանում ՀՀ դեսպանությունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերջին տարիներին 15-20 անգամ ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը:

 

Շաբաթը մեկ-երկու անգամ դեսպանատանը կազմակերպվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն: Հայաստանի ազգային օրհներգի հնչյունների ներքո ՀՀ անձնագրեր են հանձնվում մեր լիբանանահայ, սիրիահայ եւ իրաքահայ հայրենակիցներին:

 

Շարունակելի

Երեւան- Բեյրութ

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին