2014 թվականի հոկտեմբերից Հայաստանում գործում է «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը:
Ներկայում գործարանը զբաղվում է բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ` թողարկելով ռազմատեխնիկական նշանակության այնպիսի արտադրատեսակներ, ինչպիսիք են կեղծ թիրախները, տեխնիկական եւ այլ վրանները, սաղավարտները, զրահաբաճկոնները, քողարկող ցանցերը եւ այլն:
Մեդիամաքսի թղթակիցն ու լուսանկարիչն այցելել են հայ-լեհական համատեղ ձեռնարկությունը, շրջել գործարանի տարածքում եւ զրուցել «Լյուբավա-Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Յարոսլավ Ռուխի հետ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ընկերության տնօրենի խոսքով՝ այս պահին ձեռնարկության արտադրանքի հիմնական պատվիրատուն եւ սպառողն ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Գործարանի արտադրանքից օգտվում է նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Գործարանի բոլոր աշխատակիցները հայեր են: Այստեղ միայն ես եմ ազգությամբ լեհ: Մեր աշխատակիցների մի մասը մեկամսյա վերապատրաստում է անցել Լեհաստանում: Եթե մեր ընկերության արտադրանքի հանդեպ պահանջարկը մեծանա, կավելանա նաեւ աշխատակիցների թիվը»,- ասել է Յարոսլավ Ռուխը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ընկերության տնօրենը հույս է հայտնել, որ «Լյուբավա-Արմենիան» կարճ ժամանակահատվածում կընդլայնի իր արտադրությունը` դուրս գալով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ միջազգային այլ շուկաներ:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հայաստանը փոքր շուկա ունի, եւ այդ պատճառով մեր արտադրանքի մեծ մասը նախատեսված է արտահանման համար: Հուսով ենք՝ բանակացությունները կտան ցանկալի արդյունքները»,- ասել է «Լյուբավա-Արմենիա»-ի տնօրենը:
Նրա խոսքով՝ «Լյուբավա-Արմենիա»-ի հաջողությանը կհետեւեն նաեւ ռազմարդյունաբերական ոլորտի այլ ընկերություններ` դրանով իսկ մեծացնելով Հայաստանի պաշտպանության բնագավառում լեհական ներդրումների թիվը:
Եկատերինա Պողոսյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: