IDeA հիմնադրամը աջակցում է Վիքի-նախագծերին Հայաստանում - Mediamax.am

15103 դիտում

IDeA հիմնադրամը աջակցում է Վիքի-նախագծերին Հայաստանում


Ռուբեն Վարդանյանը եւ Վերոնիկա Զոնաբենդը
Ռուբեն Վարդանյանը եւ Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան


Երեւան: Մեդիամաքս: IDeA հիմնադրամը, որը միավորում է հայտնի գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, ընկերներին ու համախոհներին, որոշել է աջակցել «Վիկիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությանը:

Ս.թ. օգոստոսին ստորագրված պայմանագրի համաձայն, IDeA հիմնադրամը աջակցում է «Վիքիմեդիա Հայաստան»-ի այն նախագծերին, որոնք ուղղված են Սյունիքի եւ Տավուշի մարզերում վիքի-նախագծերի առաջխաղացմանը եւ ազատ հանրագիտարանի նախագծերում մարզերի երիտասարդության ներգրավվմանը: Համագործակցության գկխավոր նպատակը հայերեն Վիքիպեդիայի որակական եւ քանակական ընդլայնումն է:

 

«IDeA հիմնադրամի հովանու ներքո իրագործվում են ռազմավարական բարեգործական նախաձեռնություններ` ուղղված կրթության եւ տուրիզմի զարգացմանը, ազգային ավանդույթների եւ հոգեւոր վերածննդի ապահովմանը: Այս լույսի ներքո մենք կարեւորում են հայերեն Վիքիպեդիայի զարգացումը՝ հայկական ժառանգությունը ցանցային տիրույթում արժանի կերպով ներկայացնելու համար»,- ասել է IDeA հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանը:

 

«Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանն ասել է, որ «IDeA հիմնադրամի հետ համագործակցության այս կարճ ժամանակահատվածում Գորիսում սեմինար էր կազմակերպվել «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի շրջանակներում, որի շնորհիվ երիտասարդները վիքի- նախագծերին մասնակցելու որոշակի հմտություն են ձեռք բերել, իսկ ազատ հանրագիտարանը հարստացել է Սյունիքի եւ Տավուշի մասին պատմող հոդվածներով ու լուսանկարներով»:

 

Սյունիքի եւ Տավուշի մարզերի ընտրությունը պատահական չէ. այս մարզերում IDeA հիմնադրամն իրականացնում է լայնածավալ բարեգործական նախագծեր՝ Դիլիջանի միջազգային դպրոցը եւ «Տաթեւի վերածնունդը»:

 

Հոկտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում կկայանա «Վիքիկոնֆերանս Երեւան 2013»-ը, որը կամփոփի հայկական վիքի համայնքի տարեկան ձեռքբերումները եւ կմշակի վիքի-նախագծերի եւ ազատ բովանդակության զարգացմանն ուղղված նոր մոտեցումներ:

 

«Վիքիմեդիա Հայաստան»-ը ոչ առեւտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2013 թ. մայիսին եւ հանդիսանում է Վիքիմեդիա Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ։ Կազմակերպության նպատակն է խթանել վիքի-նախագծերի տարածումը եւ զարգացումը Հայաստանում եւ տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը։ 2013 թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ հայերեն Վիքիպեդիայում կար 97 հազար հոդված:  

 

IDeA հիմնադրամ-ը (Initiatives for Development of Armenia) Հայաստանի, Արցախի եւ հայկական սփյուռքի համար իրականացնում է ռազմավարական բարեգործական նախաձեռնություններ, որոնք ուղղված են ազգային-հոգեւոր եւ պատմական ժառանգության պահպանմանը, վերածնմանը եւ միջազգային ճանաչմանը, կրթության զարգացմանը, մշակութային հարստացմանը եւ ազգի մրցունակության բարձրացմանը: IdeA-ն ստեղծվել է RVVZ հիմնադրամի կողմից, որի հիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանը եւ Վերոնիկա Զոնաբենդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին