Երեւան: Մեդիամաքս: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանն այսօր ասել է, որ «էներգետիկ անվտանգության տեսանկյունից Հայաստանը միանշանակորեն շահում է` միանալով Մաքսային միությանը»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր, ներկայացնելով Եվրասիական զարգացման բանկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության էներգետիկ եւ տրանսպորտային բաժինները, Սեւակ Սարուխանյանն ասել է, որ Մաքսային միությանը չմիանալու դեպքում Հայաստանում կգրանցվեր ռուսական բնական գազի սակագնի նշանակալի աճ, ինչը բացասական ազդեցություն կթողներ տնտեսության վրա:
Նա նաեւ նկատել է, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում էլ երաշխիք չկա, որ գազի սակագինը անփոփոխ կմնա, քանի որ Մաքսային միությունը դեռեւս գտնվում է էներգետիկ ընդհանուր քաղաքականության մշակման գործընթացում:
«Խոսք է գնում այն մասին, որ Մաքսային միության շրջանակներում կկիրառվի համաչափ եկամտաբերության սկզբունքը: Եթե այս տրամաբանությամբ առաջ շարժվենք, ապա Հայաստանում բնական գազի սակագինը կկազմի մոտ $ 210` 1000 խմ մետրի դիմաց: Այսինքն, կունենանք բնական գազի ոչ միջազգային, այլ բավականին ցածր տարածաշրջանային գին»,- ասել է նա:
Երկրորդ կարեւորագույն նկատառումը, ըստ Սարուխանյանի, այն է, որ կլուծվի հայկական ատոմակայանի խորքային արդիականացման խնդիրը:
Ինչ վերաբերում է տրանսպորտային խնդիրներին, Սեւակ Սարուխանյանն ասել է, որ թե՛ Մաքսային միության, թե Ասոցացման համաձայնագրի դեպքում բացակայում են այն լուրջ փաստաթղթային հիմքերը, որոնք թույլ կտային Հայաստանին ճեղքել տրանսպորտային շրջափակումը:
«Ասոցացման համաձայնագրի դեպքում մենք տեսականորեն կարող էինք ակնկալել, որ կօգտագործեինք Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգիծը, քանի որ Թուրքիան, լինելով ԵՄ հետ ազատ առեւտրի գոտու անդամ, որեւէ լծակ չէր կարող կիրառել մեր արտադրանքի արտահանման դեմ: Սակայն վերջին շրջանի միտումները ցույց տվեցին, որ այս հարցում Վրաստանը չի կարող հաշվի չնստել Ադրբեջանի հետ, որը այս երկաթգծի կառուցման ֆինանսավորողն է: Մաքսային միության դեպքում որեւէ խոսք չկա ընդհանուր տրանսպորտային համակարգի ձեւավորման մասին, եւ այն չի ենթադրում երկաթգծերի զարգացման ծրագիր: Սակայն, Մաքսային միությանն անդամակցելում դեպքում Հայաստանի համար շահավետ կլինի Աբխազական երկաթգծի վերաբացումը, ինչն արմատապես կարող է լուծել երկրի շրջափակման խնդիրը»,- նշել է Սեւակ Սարուխանյանը:
Այս համատեքստում փորձագետն ասել է, որ ոուսական կողմը նախատեսում են շուրջ $500 միլիոն ներդնել Հայաստանի երկաթգծի արդիականացման ուղղությամբ:
«Սա որոշակի հույսեր է ներշնչում, որ Հայաստանի երկաթգծի համակարգի զարգացումը կապված է Աբխազական երկաթգծի վերաբացման հնարավորության հետ: Սակայն այս խնդիրն ավելի շուտ քաղաքական ոլորտում է, քան տնտեսական, եւ կախված է նրանից, թե որքանով Հայաստանն ու Ռուսաստանը կկարողանան համաձայնության գալ Վրաստանի հետ երկաթգծի վերաբացման հարցում»,- նկատել է Սեւակ Սարուխանյանը:
















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: