Գագիկ Մակարյան. Գազի սակագնի բարձրացումը լրջորեն հարվածելու է փոքր եւ միջին բիզնեսին - Mediamax.am

Փետրվար 21, 2026
5287 դիտում

Գագիկ Մակարյան. Գազի սակագնի բարձրացումը լրջորեն հարվածելու է փոքր եւ միջին բիզնեսին


Գագիկ Մակարյան
Գագիկ Մակարյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսоր հայտարարել է, որ գազի սակագնի բարձրացումը լուրջ հարված է հասցնելու էներգատար արտադրություններին եւ փոքր ու միջին բիզնեսին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Գագիկ Մակարյանի փոխանցմամբ, գազի սակագնի բարձրացումը բացասական ազդեցություն է ունենալու հատկապես հրուշակեղենի եւ հացամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների վրա:

 

«Մեր երկրում փոքր եւ միջին բիզնեսն արդեն իսկ գտնվում է ստորին շահութաբերությանն վրա: Պատկերացրեք, թե ինչ կկատարվի, եթե դրան գումարվի գազի սակագնի բարձրացումը: Այդ ընկերությունները ստիպված են լինելու կամ բարձրացնել իրենց արտադրանքի գինը, կամ էլ զրկվել շահույթից»,- նկատել է Գագիկ Մակարյանը:

 

Նրա խոսքերով, երկրի բնակչության նվազումը եւ մարդկանց գնողունակության անկումն արդեն իսկ նկատելի վնաս են հասցրել փոքր ու միջին ձեռնարկություններին:

 

Գագիկ Մակարյանը տարակուսանք է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ գազի սակագնի 30%-ը սուբսիդավորելու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ:

 

«Ինձ համար անհասկանալի էր վարչապետի հայտարարությունը, համաձայն որի նա դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Նախեւառաջ, այդ հանձնաժողովն անկախ մարմին է: Բացի այդ, եթե վարչապետը դիմում է վերանայման նպատակով, ուրեմն կարելի է եզրակացնել, որ նախապես հայտնի է, թե հանձնաժողովն ինչ սակագին է որոշելու»,- ասել է Գագիկ Մակարյանը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է,որ  ՀայՌուսգազարդը դիմել է ՀԾԿՀ բնակչության համար գազի սակագինը 67%-ով բարձրացնելու առաջարկով:




Մեր ընտրանին