Սերժ Թանգյանի նամակը Սերժ Սարգսյանին` «Ժամանակն է փոփոխության. միավորեք մեզ, ոգեւորեք մեզ» - Mediamax.am

exclusive
23583 դիտում

Սերժ Թանգյանի նամակը Սերժ Սարգսյանին` «Ժամանակն է փոփոխության. միավորեք մեզ, ոգեւորեք մեզ»


Սերժ Թանգյանը եւ Սերժ Սարգսյանը
Սերժ Թանգյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկահայ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` փետրվարի 18-ին կայացած ընտրությունների առնչությամբ:

Նամակը Մեդիամաքս-ին է տրամադրել երգչի մենեջեր Ջորջ Տոնիկյանը:

 

Նամակում ասված է.

 

«Հարգելի Պարոն Նախագահ,

 

Շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե` ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների հաղորդումներին կեղծիքների մասին` անկախ ԵԱՀԿ զեկույցից, գիտականորեն անհնար է թվում նույնիսկ Ձեր համար, պարոն Նախագահ, իմանալ` արդյո՞ք ստացել եք ձայների մեծամասնությունը, թե ոչ:

 

Բավականին ծիծաղելի է ստացվում այնպես չէ՞, որ Դուք, Հայաստանի Նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՞ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը, թե՞ ոչ: Անձամբ ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի առաջնորդել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեին այդ ընտրությունը:

 

Այլապես ես կտիրանայի Հայաստանին և կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր, կամ որևէ այլ ածականներ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դուրս է եկել եւ օլիգարխների խավիարը վերջացել է, եւ նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանան: Ինչեւէ, ժամանակն է փոփոխության: Ազնվորեն եք հաղթել, թե ոչ, ինչ-որ կերպով Դուք այժմ նորից Նախագահն եք:

 

Դա ի՞նչ է նշանակում Ձեր համար: Այո, Արցախը կարեւոր է բոլորիս համար, եւ պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ` թե ինչպե՞ս եք պատրաստվում հայերի շահերը պաշտպանել Հայաստանում և աշխարհում, ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական և քաղաքական ճգնաժամից: Օբաման թեկուզ հույս է խոստանում, չնայած որ հիասթափեցրել է բոլորիս:

 

Տարիներ առաջ, ես արշավ սկսեցի` խնդրելով նախագահ Օբամային հետեւել իր խոստումին եւ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Դուք երդում եք ընդունել պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին եւ ներքին թշնամուց:

 

Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, ներքին թշնամիներ են եւ պետք է պատժվեն: Դա պետք է Ձեր պարտքը լինի այն ի կատար ածել, եթե նույնիսկ ոմանց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաեւ պետք է մտածեք խորհրդարանը լուծարելու եւ առաջին հայ ռեֆորմիստ Նախագահը դառնալու մասին, որն անում է ամեն ինչ համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար եւ ներկայացուցչական կլինեն:

 

Սերժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաեւ, որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Ինչպես եւ բազմաթիվ սփյուռքահայեր, ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց` ուղղակիորեն եւ հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ, կաշառակերության եւ անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է մեզ բոլորիս համար: Դուք պետք է սա իմանաք:

 

Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության` առավել քան որեւէ բանի: Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր:

 

Դուք կարող եք այն իրագործել հիմա, անձնական oրինակով եւ նախագահական հրամանագրով: Միավորեք մեզ, Սերժ: Ոգեւորեք մեզ: Խնդրում եմ, ընդունեք այս կոչը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին