2026թ. փետրվարի 25-ին Ռուսական արվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում ներկայացվեցին 1940-60-ականների խորհրդահայ պաստառները. գիրքը ձեռքին երիտասարդներ, ընթերցասրահներ, դպրոցական դասարաններ։
Մի քանի տասնամյակ առաջ դրանք նախատեսված էին փողոցի, ակումբի կամ գործարանի պատի համար։ Այժմ դրանք պատմական արտեֆակտեր են։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Սիրեցեք գիրքը. խորհրդահայ պաստառների ցուցահանդեսը» կազմակերպվել է Ռուսական արվեստի թանգարանի եւ Հայաստանի ազգային գրադարանի համատեղ նախաձեռնությամբ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով։
Լուսանկարը` Մեդիամաքս
Խորհրդային շրջանում գիրքը ներկայացվում էր ոչ միայն որպես կրթության միջոց, այլեւ որպես «լուսավոր ապագայի» կառուցման հիմք. անգրագիտության վերացումը եւ ընթերցանության խրախուսումը պետական քաղաքականության մաս էին կազմում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցադրության համադրող Արթուր Աթայանի խոսքով՝ 1950-ականների սկզբին Հայաստանում մեկ տարվա ընթացքում տպագրվում էր շուրջ 6 միլիոն գիրք՝ 1,2 միլիոն բնակչության համար՝ մոտ 5 գիրք մեկ շնչի հաշվով։ Խորհրդային Միությունում տպաքանակները հասնում էին հարյուրավոր միլիոնների, իսկ 1970-ականներին՝ 1,5 միլիարդի։
Լուսանկարը` Մեդիամաքս
Պաստառը համակարգի կարեւոր օղակներից էր. տարեկան տպագրվում էր 40-50 միլիոն պաստառ, որոնց 20 տոկոսը ագիտացիոն եւ գովազդային բնույթի էր։
Լուսանկարը` Մեդիամաքս
1940-ների վերջին ԽՍՀՄ-ում սկսեցին բարձրացնել պաստառների որակը եւ խթանել երիտասարդ նկարիչների ներգրավումը տպարաններում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Արթուր Աթայանի խոսքով՝ հենց այդ գործընթացների շնորհիվ ձեւավորվեց այն միջավայրը, որը 1960-ականներին բերեց «ոսկե դար» կոչվող փուլին. հետպատերազմյան նմուշները երբեմն զիջում էին գեղարվեստական բազմազանությամբ, բայց կարեւոր էին որպես անցումային փուլ։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ուղերձը գիրք գնելու մասին չէ։ Ուղերձը դարաշրջան ուսումնասիրելն է, հասկանալը, թե ինչպես էր գաղափարախոսությունը կառուցում մարդու ինքնությունը։ Այն հեղինակները, որոնք այդ ժամանակ ընտրվում էին որպես պարտադիր ընթերցանություն, ձեւավորել են մեր ընկալումները մինչեւ այսօր»,- ասում է Արթուրը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցադրության հիմքում Արթուր Աթայանի 2019 թվականի հետազոտությունն է, որը բացահայտել է գրադարանի պաստառային հարուստ ֆոնդերը։ Ներկայիս ցուցադրությունում ընդգրկված նմուշները ընտրվել են թեմատիկ ամբողջականություն ապահովելու համար։
Լուսանկարը` Մեդիամաքս
Արթուր Աթայանը նշում է, որ հետազոտությունից հետո մնացել են հարցեր՝ ինչպես էին ընտրվում պատկերներն ու կարգախոսները, ինչ դեր ունեին խմբագիրները, ինչպես էր համամիութենականը համամշակվում տեղական մոտիվների հետ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս նյութերը թույլ են տալիս ուսումնասիրել ոչ միայն գեղարվեստական լեզուն, այլեւ սոցիոլոգիական, լեզվաբանական եւ քաղաքական ենթատեքստերը:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Նմուշներին ձեռք տալով՝ ժամանակի մեքենայով հետ ես գնում», - անկեղծանում է Արթուր Աթայանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Պաստառներում գիրքը ներկայացված էր որպես ապագայի խոստում՝ հանրային ինքնության ձեւավորման խորհրդանիշ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մնում է պարզել՝ ինչ է այդ խոստումից հասել մեր օրեր եւ ինչն է մնացել անցյալի պատերին։
«Սիրեցեք գիրքը․ խորհրդահայ պաստառների ցուցահանդեսը» գործելու է մինչեւ մարտի 25-ը։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի


















