ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանի գանգատը - Mediamax.am

Փետրվար 16, 2026
220 դիտում

ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանի գանգատը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունել է քննության ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին փաստաբան Իրինա Դանիելյանի կողմից ներկայացված գանգատն եւ այն պաշտոնապես հաղորդել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել դիրքորոշում։

 

Պաշտպանական խմբի հայտարարության մեջ ասված է. 

 

«Դիմումը քննության է ընդունվել «well-established case-law» ընթացակարգով, ինչը նշանակում է, որ դրանում բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնց առնչությամբ Եվրոպական դատարանն արդեն ձեւավորել է կայուն եւ հաստատված նախադեպային իրավունքի շրջանակ։ Այլ կերպ ասած՝ նմանատիպ իրավիճակներում խախտումները նախկինում բազմիցս արձանագրվել են դատարանի կողմից, եւ առկա է ձեւավորված իրավական գնահատական։

 

Գանգատը վերաբերում է՝

 

▪ կալանքի` իրավաչափությանը,  տեւողության հիմնավորվածությանը,

▪ դատարանների որոշումների պատճառաբանվածությանը,

▪ իրավական որոշակիության եւ կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը։

 

Դավիթ Տոնոյանը շուրջ երեք տարի գտնվել է կալանքի տակ։

 

Սույն փուլում քննությունը վերաբերում է բացառապես Կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին եւ չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաեւ չի կանխորոշում դատավարության արդյունքը։

 

Ի դեպ, հարկ ենք համարում հատուկ շեշտադրել նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը նույնպես վարույթ է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հիշյալ վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշում չի կայացվել:

 

Դատական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է»։




Մեր ընտրանին