Երեւան: Մեդիամաքս: Կանադահայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը ուղերձով դիմել է Հայ Առաքելական Եկեղեցու քահանա հայրերին՝ Հայաստանում եւ սփյուռքում:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Այս օրերին, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անցնում է ծանր փորձությունների միջով, երբ վտանգված է նրա միասնությունը, առկա է պառակտման սպառնալիք, երբ խռովության ու գայթակղության ալիքները փորձում են խաթարել ներեկեղեցական եւ ներազգային խաղաղությունը, հատկապես դո՛ւք, որ ծառայում եք Հայաստանում, ձեր կեցվածքով վկայեցիք, թե ի՛նչ է նշանակում լինել ճշմարիտ հովիվ. դուք չխոնարհվեցիք իշխանության պահանջների եւ ճնշման առջեւ, չտատանվեցիք, չվախեցաք՝ հավատարիմ մնալով դարերով սրբագործված Ավանդությանը, Հայ Առաքելական Եկեղեցու սկզբունքներին ու կանոններին, մեր հոգեւոր առաջնորդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին:
Այն պահին, երբ ձեզանից սպասվում էր զիջում, դավաճանություն եւ դավադրություն, ճշմարտության խեղաթյուրում, դուք ցուցաբերեցիք անսասանություն եւ բարձր պահեցիք քահանայի արժանապատվությունը: Երբ առաջարկվում էր հարմարավետություն, դուք ընտրեցիք խաչը՝ հավատարիմ մնալով քահանայական կոչմանը, կանգնեցիք Աստծու եւ ժողովրդի միջեւ՝ առանց խեղաթյուրելու ճշմարտությունը եւ առանց դավաճանելու խղճին»:














Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: