Մայր Աթոռ. Կեղծ մեղադրանքներով չպետք է ձախողել Եպիսկոպոսաց ժողովը - Mediamax.am

Հունվար 22, 2026
164 դիտում

Մայր Աթոռ. Կեղծ մեղադրանքներով չպետք է ձախողել Եպիսկոպոսաց ժողովը


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «խորապես ցավ է ապրում հակաեկեղեցական արշավին ու դրանում ներգրավված կարգալույծներին համախորհուրդ տասը եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ ընթացքի համար»։

Այսօր տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի վարչապետի նախաձեռնած շարժմանը հարող եպիսկոպոսներին ուղղված հորդորներն ու հրավերները մինչեւ այսօր մնացել են անպատասխան եւ անտեսվել են կանոնական դաշտ վերադառնալու, խնդիրները եկեղեցական ատյաններում քննելու առաջարկները։ 

 

«Միեւնույն ժամանակ թե՛ անցյալում, թե՛ առավել եւս այսօր հիշյալ եպիսկոպոսների կողմից որեւէ կերպ չեն մատնանշվել իրատեսական ճանապարհները Եկեղեցու եւ իշխանությունների միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ընդհակառակը՝ ակնհայտ ազդեցության ներքո շարունակ փորձեր են կատարում խնդիրները հանգուցալուծելու ոչ կանոնական դատապարտելի ուղիներով։

 

Անընդունելի է կասկածի տակ դնել եկեղեցական մարմինների իրավազորությունը, որոնց աշխատանքներին տասնամյակներ շարունակ հիշյալ եպիսկոպոսներից շատերը իրենց մասնակցությունն են բերել, որոշումներ ընդունել եւ պատասխանատվություն ստանձնել Եկեղեցու գործունեության հետ առնչված։ Այս կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ արդեն իսկ պաշտոնապես տրվել են։

 

Իշխանությունների հակասահմանադրական քայլերի հետեւանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակի հաղթահարման ճանապարհներից է նաեւ հրավիրյալ Եպիսկոպոսաց ժողովը, որի կանոնականությունը որեւէ կերպ չի պայմանավորվում գումարման վայրով։ Եկեղեցական կյանքը հուզող կարեւորագույն հարցերը, այդ թվում՝ բարձրաձայնվող խնդիրները, պետք է քննության առնվեն եւ պատշաճ լուծումներ գտնեն Եկեղեցու ընկալյալ կարգի համաձայն, բացառապես եկեղեցական ժողովական մարմիններում։ Հարկ չկա կանխակալ տրամադրություններ ձեւավորել եւ հիմնազուրկ պատճառաբանություններով ու կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ Հայաստանում տարատեսակ բռնաճնշումները։

 

Եկեղեցական կյանքի վերանորոգումը եւ զորացումը շարունակական գործընթաց է, որը պահանջում է աղոթական միություն, տեւական ու միասնական աշխատանք եւ ուխտապահություն»,- ասվում է Մայր Աթոռի հայտարարությունում:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-ից 19-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին