Թումանյան փողոցում քաղաքը միշտ շտապում է․ մեքենաների ձայն, սրճարանների աղմուկ, անցորդների արագ քայլեր։ Բայց կա մի դուռ, որից ներս մտնելիս Երեւանը կարծես փոխում է տեմպը։ Քայլդ դանդաղում է, ձայնդ՝ մեղմանում, եւ հայտնվում ես մի տարածքում, որտեղ օդը հիշեցնում է տան հոտը։ Այստեղ է տեղափոխվել Common Ground-ը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Հիմնադիր Գրիգորի Կարելսկին շրջայց է անում՝ ցույց տալով մանրուքներ, որոնք պատահական չեն․ սպիտակ դաշնամուրը, հին Common Ground-ից տեղափոխված պաստառները։
Գրիգորի ԿարելսկինԼուսանկարը` Մեդիամաքս
«Փորձել ենք հնարավորինս վերականգնել նախկին բեմահարթակի չափերն ու տրամադրությունը», - պատմում է Գրիգորին։
Նոր տարածքը գտնվում է քաղաքի սրտում՝ Թումանյան-Աբովյան խաչմերուկին մոտ, բայց միաժամանակ թաքնված է գլխավոր հոսքից։ Սա այլ զգացողություն է ստեղծում, ասում է Գրիգորին։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Բաղրամյան 6-ում մենք շատ տեսանելի էինք։ Այստեղ մի քիչ ավելի «թաքնված» ենք, բայց դա վատ չէ։ Մարդիկ արդեն գիտեն մեզ, գալիս են հատուկ նպատակով»։
Մինչ խոսում ենք, ներս են մտնում մարդիկ՝ ծանոթներ, ընկերներ, նախկին այցելուներ։ Ոմանք պարզապես գալիս են տեսնելու՝ ինչ է փոխվել, ոմանք բարեւում են, մի քանի բառ փոխանակում։ Տարածքը շնչում է։
Գրիգորի ԿարելսկինԼուսանկարը` Մեդիամաքս
Գրիգորին ժպտում է․ «Ահա մեր առօրյան։ Մարդիկ հին հիշողությամբ գտնում են մեզ, նույնիսկ երբ դեռ ամբողջությամբ պատրաստ չենք»։
Նոր Common Ground-ի առաջին իրական փորձությունը տեխնիկական բացումն էր։ Գրիգորին խոստովանում է՝ սպասում էին մարդկանց, բայց ոչ այդքան շատ։
«Մոտ հարյուր մարդ եկավ՝ դահլիճը լեփ-լեցուն էր, բակը նույնպես»։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մարդիկ գալիս էին մինչեւ կեսգիշեր, հոսքը չէր դադարում։ Հասկացանք, որ սա մի տարածք է, որտեղ պետք է ավելի կամերային միջոցառումներ անել. այդ երեկոն մեզ համար յուրահատուկ ստրես-թեստ էր»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Թեեւ ձմեռ է, եւ այգին դեռ չի բացվել, Գրիգորին մեծ ոգեւորությամբ պատմում է առաջիկա գարնան մասին։ Մոտ 200 քմ տարածք ունեցող այգին պետք է դառնա նոր Common Ground-ի սիրտը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Երբ սեպտեմբերին գտանք այս տունը, այգին ծածկված էր խաղողի վազով։ Նաեւ թզենիներ եւ բալենիներ կան՝ իրական պտղատու այգի։ Երբ դուրս ես գալիս աղմկոտ Թումանյան փողոցից ու մտնում այս փոքրիկ դռնով, հայտնվում ես մի ուրիշ աշխարհում։ Շատերը ասում են՝ սա կարծես քաղաքում գտնվող «դաչա» լինի»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Տարածքը փոխվել է, բայց Common Ground-ի գաղափարախոսությունը նույնն է մնացել։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Կոնցեպտուալ առումով ոչինչ չի փոխվել, բայց ամեն տարածք իր բնավորությունն ունի։ Նախկին շենքը պաթետիկ առանձնատուն էր, իսկ այս տարածքը 80-ականների վեռնակուլյար ճարտարապետության օրինակ է՝ ոչ մի ուղիղ անկյուն գրեթե չկա։ Այն ավելի ճկուն է, կենդանի, կարող է փոխվել մեզ հետ միասին»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Արդեն մեկնարկել են առաջին կինոդիտումները, հանդիպումները, քննարկումները։ Իսկ գարնանը, այգու բացումով, ծրագրերը կընդլայնվեն՝ տոնավաճառներ, հատուկ միջոցառումներ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Նոր տունը բառացիորեն հավաքվել է ընկերների, համախոհների ձեռքերով։ Գրիգորին պատմում է, որ ճարտարապետներն ու դիզայներները օգնել խորհուրդներով, իրերով, գաղափարներով.
«Մի տեսակ հավաքական աշխատանք է դարձել։ Մարդիկ զգում են, որ իրենք էլ մասնակցել են այս վայրի ստեղծմանը»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Գրիգորի Կարելսկու համար համար Common Ground-ը պարզապես նախագիծ չէ.
«Սա իմ ամբողջ կյանքն է այստեղ՝ Երեւանում»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մոտ ապագայում մեկնարկելու է սեփական հրատարակչական ծրագիրը․ տպագրության է հանձնված առաջին գիրքը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Գրիգորին պատմում է, որ բանակցություններ է վարում անիմացիայի լեգենդ Յուրի Նորշտեյնի ներկայացուցիչների հետ՝ նրան Երեւան հրավիրելու համար։ «Ես համառ պրոդյուսեր եմ», - ժպտում է նա։
Երբ դուրս ես գալիս նոր Common Ground-ից եւ կրկին հայտնվում Թումանյանի աղմուկի մեջ, զգում ես, որ մի կարճ ժամանակ ապրել ես ուրիշ ռիթմով՝ ավելի դանդաղ, ավելի մարդկային։
Լուսանկարը` Մեդիամաքս
Տունը դեռ կաճի, կփոխվի, կլցվի մարդկանց ձայներով, այգու կանաչով, գրքերի հոտով։ Բայց արդեն հիմա պարզ է․ սա պարզապես նոր հասցե չէ։ Սա մի վայր է, որը շարունակում է հավաքել մարդկանց։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի



















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: