Սերժ Թանգյանն ու Ատոմ Էգոյանը զորակցություն են հայտնել Վարդան Օսկանյանին - Mediamax.am

4028 դիտում

Սերժ Թանգյանն ու Ատոմ Էգոյանը զորակցություն են հայտնել Վարդան Օսկանյանին


Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ատոմ Էգոյանը
Ատոմ Էգոյանը

Երեւան: Մեդիամաքս: Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խորհրդի անդամներ Սերժ Թանգյանն ու Ատոմ Էգոյանը հանդես են եկել հայտարարություններով Վարդան Օսկանյանի գործի կապակցությամբ:

«Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետապնդումն ակնհայտորեն քաղաքական բնույթ ունի: 2011թ. Ջոն Հանթսմանի հիմնադրամը Սիվիլիթասի միջոցով գումար էր տրամադրել Օսկանյանին: Մինչդեռ պարոն Օսկանյանի դեմ գործողությունները ձեռնարկվեցին այն բանից հետո, երբ նա 2012թ. քաղաքականություն վերադարձավ: Սիվիլիթաս հասարակական կազմակերպությունը, որ հիմնադրել է պարոն Օսկանյանը, հրաշալի աշխատանք է կատարել Հայաստանում, իսկ երկրից դուրս՝ դիվանագիտական գործ Հայաստանի համար:Այն չափազանց կարեւոր է զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրի համար, որը պետք է վերջ դնի մամուլի, տնտեսության եւ պետական կառույցների նկատմամբ մենաշնորհին: Չափազանց կարեւոր է, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան ազատ արտահայտել իրենց նախապատվություններն ու բողոքները՝ ազատ եւ արդար ընտրությունների միջոցով՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դիտարկմամբ: Հարյուրամյակներ շարունակ մենք եղել ենք այս կամ այն օտար երկրի լծի տակ: Եվ չնայած որպես պետություն մենք ունենք հավատարիմներ ու դաշնակիցներ եւ որպես ազգ՝ աջակցության կարիք, սակայն մեր ժողովրդավարությունն ու տնտեսությունը չպետք է զոհաբերվեն Արեւմուտքից (գլխավորապես՝ ԱՄՆ-ից) կամ Ռուսաստանից եկող ազդեցություններին:

 

Մենք պետք է միահամուռ հաղթահարենք խորհրդային շրջանից ժառանգած տնտեսությունն ու քաղաքականությունը վերահսկելու անհեռատես այս քաղաքականությունը եւ մեր քաղաքացիներին ընձեռենք դարերի ընթացքում վաստակած կամաարտահայտության ազատությունը», - ասված է Սերժ Թանգյանի ուղերձում:

 

«Ես ճանաչում եմ Վարդան Օսկանյանին երկար տարիներ եւ համոզված եմ, որ նա փայլուն պետական գործիչ է, Հայաստանի բարգավաճման ու բարօրության նվիրյալ: Նա իրավամբ միջազգային հեղինակություն ունի՝ ունակ ստեղծելու կարեւոր կապեր եւ բերելու ժողովրդավարական բարեփոխման թանկ գաղափարներ, ազատ մեդիա մի երկիր, որը դեռ չի թոթափել խորհրդային ժամանակաշրջանի ավելի քան յոթանասուն տարիների վերահսկողությունը: Այս գիտակցումով ես առանց վարանելու ընդունեցի Սիվիլիթասի ստեղծման գործում ներգրավվելու պարոն Օսկանյանի առաջարկը: Ես ականատեսն եմ եղել, թե ինչպես է կարեւոր այս կազմակերպությունը նպաստել բաց եւ հրապարակային բանավեճին մի երկրում, որն ինձ համար թանկ է եւ որով ես հպարտ եմ: Սա է պատճառը, որ ես այսքան ցնցված եմ եւ վրդովված ներկայիս մեղադրանքներից, որոնք առաջադրվել են պարոն Օսկանյանի դեմ: Վարդան Օսկանյանին հալածելը պախարակելի եւ քաղաքական դրդապատճառներ ունեցող արարք է, որը չափազանց վտանգավոր է երկրի առողջության համար: Հայաստանի գլխավոր դատախազին ես հորդորում եմ լրջորեն հաշվի առնել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ շինծու մեղադրանքներով դատապարտելու հետեւանքները: Այս գործողությանը մեծագույն մտահոգությամբ հետեւում են բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգված են խոսքի ազատությամբ իրապես ժողովրդավարական եւ ժամանակակից երկրում», - ասված է Ատոմ Էգոյանի ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին