Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ու թվային գրագիտության բարձրացմանը։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կողմերը համատեղ ջանքեր կգործադրեն «Ուղի՝ երեխաների պաշտպանությունն առցանց ռիսկերից եւ վնասներից» ծրագրի իրագործման նպատակով։
«Այսօր կիբեռանվտանգությունը դառնում է ամենալուրջ մարտահրավերներից մեկը եւ պատշաճ գործիքակազմերի ներդրումը, մարդկային կարողությունների զարգացումն ու համակարգային մոտեցումը մեզ կմոտեցնեն պաշտպանվածության ավելի բարձր մակարդակի: Մենք այս ուսումնական տարին անվանել ենք «Ապահով եւ անվտանգ կրթական միջավայրի տարի»: Հետեւողական ջանք ենք ներդնում դպրոցներում մեծացնելու իրազեկվածությունը՝ կիբեռանվտանգության եւ վիրտուալ տարածքում հիգիենայի կանոնների պահպանման վերաբերյալ», - ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Կառավարության հանձնառությունն է՝ տեղային եւ միջազգային գործընկերների աջակցությամբ շատ արագ եւ սթափ արձագանքել աշխարհում տեղի ունեցող դինամիկ տեղաշարժերին, որոնք պայմանավորված են տեխնոլոգիաների արագընթաց զարգացմամբ: Մենք նաեւ պատասխանատվություն ենք կրում մեր երեխաների կիբեռպաշտպանության համար», - ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Հուշագրի շրջանակում «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը ստորագրել են ֆինանսավորման համաձայնագիր։















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: