Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտություններով, եկեղեցական կարգ ու կանոնների, ինչպես եւ ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության կոպիտ խախտումներով, հավատացյալների հոգեւոր զգացմունքները վիրավորելով ու պառակտում սերմանելով «Պատարագի» արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներում։
Մայր Աթոռի հայտարարության մեջ ասվում է.
«Թեմակալ առաջնորդի հոգեւոր իշխանության շրջանցումով, եկեղեցական ընկալյալ կարգի ու կանոնի անտեսումով որեւէ եպիսկոպոսի մասնակցությունը «Պատարագներին» կանոնական կոպտագույն խախտում է, ինչը տեղի ունեցավ Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) առաջնորդանիստ եկեղեցում։
Դեռեւս զերծ մնալով խիստ միջոցների կիրառումից՝ Մայր Աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը եւ կեղծ ու մտացածին բովանդակությամբ հրապարակային ելույթները, վերադառնալ կանոնական դաշտ՝ հետեւելով մեր Սուրբ Եկեղեցու դարերով նվիրագործված ավանդույթներին, գործել բացառապես հոգեւոր ասպարեզում եւ օրինականության ու միասնականության պահպանման բարձր գիտակցությամբ, որը եպիսկոպոսի՝ իբրեւ առաքելական հաջորդականությամբ օժտված սպասավորի պարտականությունն է, կոչումն ու առաքելությունը»։
















