Մայր Աթոռը մանրամասներ է հայտնել Գերագույն հոգեւոր խորհրդի չկայացած նիստից - Mediamax.am

Նոյեմբեր 28, 2025
219 դիտում

Մայր Աթոռը մանրամասներ է հայտնել Գերագույն հոգեւոր խորհրդի չկայացած նիստից



Երեւան: Մեդիամաքս: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված էր Գերագույն հոգեւոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով:

Մայր Աթոռից հայտնել են, որ նիստը չի գումարել Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի, Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Տ. Գեւորգ եպիսկոպոս  Սարոյանի բացակայության պատճառով։

 

«Այնուամենայնիվ ներկա ժողովականները մասնավոր անդրադարձ ունեցան նոյեմբերի 27-ին ինը եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Արձանագրվեց, որ հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Տ. Արշակ արք Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Հանձնախումբը, ըստ էության, որեւէ նիստ չի գումարել եւ անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ Սրբազանին հանդիպելու իր հետ, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ 

 

Նշվեց նաեւ, որ հանձնախմբի կողմից որեւէ պաշտոնական դիմում չի կատարվել Քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ եւ լիարժեք չէ եւ չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որով եւ չէր կարող ընդունելի նկատվել Հայոց Հովվապետի կողմից։ Տեղեկացվեց նաեւ, որ նոյեմբերի 24-ին հանձախմբի ատենապետ Տ. Խաժակ արք Պարսամյանը, հաշվի առնելով առկա հանձնախմբի արդյունավետ աշխատելու դժվարությունները, գրություն է ուղղել Վեհափառ Հայրապետին՝ առաջարկելով հարցի արդար քննության իրականացման համար ձեւավորել երեք անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաեւ քննարկել Սրբազանի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Նոր հանձնախմբի առաջարկի վերաբերյալ նոյեմբերի 25-ին իրազեկվել են եւ համաձայնություն տվել գործող հանձնախմբի անդամները։

 

Այսու, ակնհայտ է, որ հայտարարության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են եւ շինծու, Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձեւավորումը՝ անթույլատրելի։

 

Դատապարտելի եւ անընդունելի համարելով որդեգրված սույն կեցվածքը՝ ժողովականները խիստ հրամայական նկատեցին, որ եկեղեցականները վերադառնան կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով Եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում, եւ չխաթարեն Եկեղեցու միաբանությունը»,- ասում է Մայր Աթոռի հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին