Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է փաստաբան Ավրաամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին իր որոշումը:
Ընտանիքի միջոցով փոխանցված հայտարարության մեջ Ռուբեն Վարդանյանն ասել է.
«Հոկտեմբերի 21-ի դատական նիստի ընթացքում հայտարարեցի իմ պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին: Սա հարկադրված որոշում էր: Միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաեւ հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի: Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորություններն սպառված են:
1. Ինձ այդպես էլ թույլ չտվեցին ծանոթանալ գործի նյութերին եւ մեղադրական եզրակացությանը: Նյութերին հասանելիություն ունենալը մինչ օրս մերժվում է. ես չեմ կարողանում ծանոթանալ իմ գործի 422 հատորներին, դատարանը չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը:
2. Ինձ դատարանում պաշտպանվելու հնարավորություն չի տրվել: Ես հնարավորություն չեմ ունեցել առանց սահմանափակումների եւ նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ ՝ դատական նիստերին պատրաստվելու համար, հասանելիություն չեմ ստացել ձայնա եւ տեսանյութերին, որոնք ներկայացվում են որպես իմ մեղքի ապացույց:
3. Իմ բոլոր միջնորդություններն անտեսվել են քննչական մարմինների եւ դատարանի կողմից: Պաշտպանի կարեւոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատավարության համար, նույնպես մնացել են անպատասխան:
4. Պաշտպանից հրաժարվելու մյուս պատճառը դատարանի մերժումն էր հրավիրելու վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները եւ հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը: Դատարանը հրաժարվեց բավարարել այս միջնորդությունը՝ վերջնականապես զրկելով գործընթացը օբյեկտիվության եւ արդարության որեւէ նշույլից:
Ժամանակի ընթացքում իրավիճակը միայն վատթարացավ: Այս անհեթեթության թատրոնում պաշտպանի դերը, անկախ նրա ցանկությունից եւ ջանքերից, սահմանափակվում է միայն այս գործընթացի ձեւական օրինականության ապահովմամբ: Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին: Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում»:
«Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը կարող եք գնել «Բուկինիստ», «Զանգակ», «Էպիգրաֆ» ցանցերի գրախանութներում, ինչպես նաեւ առցանց՝ այս հղումով https://premium.mediamax.am/am/books/ruben-vardanyan:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: