Ճշմարտության հատվածական ներկայացումը, ճշմարտության մենաշնորհի ձգտումը, պատմության խորության մերժումն ու խմբային մեկուսացումն աղանդավորությունը բնորոշող երեւույթներ են, որոնք դրսեւորվում են ոչ միայն հոգեւոր, այլեւ մշակութային ու քաղաքական դաշտում: Նման շարժումների ակտիվացումը մի կողմից հնարավոր է դառնում հիմնավոր, արժեքային կրթության թուլացման պարագայում, եւ մյուս կողմից ավելի է խորացնում տգիտությունը՝ շարունակելով սնվել դրանից:
Այս թեմայի շուրջ էր հոկտեմբերի 18-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցած «Ինքնություն եւ արժեքներ» շարքի հերթական հանդիպումը:
«Աղանդավորություն՝ հոգեւոր, մշակութային, քաղաքական» թեմայով քննարկման հրավիրյալ բանախոսներն էին քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանը եւ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Նրանք հանդիպումների շարքի հեղինակ եւ վարող արժանապատիվ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ փորձել են սահմանել աղանդավորության հիմնական դրսեւորումները, դրանց ազդեցությունը մարդկային մտածողության, ապրումների, աշխարհընկալման վրա, ինչպես նաեւ այդ համատեքստում դիտարկել Հայաստանում ներկայումս տեղի ունեցող մի շարք գործընթացներ:
Ի՞նչ է աղանդավորությունը
Տեր Մեսրոպ
Աղանդավորությունը փակ համակարգ է, որը մերժում է իրենից դուրս ցանկացած բան, մերժում է մարդկանց միավորող գրեթե բոլոր սրբությունները, անհատներին, նրանց դերակատարությունը պատմության մեջ: Աղանդավորական խմբավորումներն ունեն փրկության իրենց ըմբռնումը, որին կարող են արժանանալ միայն այն մարդիկ, որոնք ուղղակիորեն մաս են դառնում իրենց աղանդավորական շարժման:
Աղանդավորները ճշմարտության հանդեպ ունեն հատվածական մոտեցում: Այնպես չէ, որ իրենք բացարձակ սխալ բան են պնդում, փոխարենը վերցնում են ճշմարտության միայն այն մասը, որը համապատասխանում է իրենց, որի վրա սեւեռված է իրենց քարոզչությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Աղանդավորական շարժումներին նաեւ բնորոշ է վարքային ծայրահեղությունը: Աղանդավորները ոչ թե ուզում են ծառայել ճշմարտությանը, այլ իրենց համար գերխնդիրը ճշմարտությունը սեփականաշնորհելն է. ամեն ինչ սկսվում է իրենցից եւ վերջանում է իրենցով, իսկ իրենցից դուրս ամեն ինչ սխալ է: Դրանից էլ բխում են նրանց բոլոր գործողությունները՝ մեկուսացումը, այլակարծության, այլախոհության, այլադավանության մերժումը:
Նրանք մերժում են նաեւ ժամանակը եւ պատմությունը, իրենցից առաջ բոլորը սխալվել են: Դրա համար էլ նրանց համար չկան հերոսներ կամ սրբեր, այդ իրենք ունեն անմիջական կապ Աստծո հետ, ու ցանկացած Սրբի առկայությունը նսեմացնում է իրենց այդ էքսկլյուզիվությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Սա ոչ միայն հոգեւոր երեւույթ է, այլեւ դրսեւորվում է կյանքի բոլոր ոլորտներում՝ մտածողություն, արվեստ, գիտություն, քաղաքականություն: Քաղաքականության մեջ աղանդավորության շատ հայտնի դրսեւորում է բոլշեւիզմը, որն այսօր էլ բավականին տարածված երեւույթ է:
Չգիտակցված աղանդավորություն. ինչպե՞ս ախտորոշել
Արամ Աբրահամյան
Աղանդավորության տարբերակումը ես այսպես կձեւակերպեի.
Սիրելի հեռուստադիտող, եթե դու կարծում ես, որ
- քեզնից տարբեր մտածողը, քեզ հետ չհամաձայնողը ծախված է կամ ապուշ,
- եթե դու հակված ես սխալ ընդհանրացումների (օրինակ՝ բոլոր կանայք վատ վարորդներ են, բոլոր լրագրողները ծախված են եւ այլն),
- եթե դու բաժանում ես սեւի եւ սպիտակի (օրինակ ասում ես՝ ով այս մի բանը չի անում, ուրեմն ինքը հայ չի (կամ այլ)),
ապա շատ հնարավոր է, որ դու աղանդավոր ես:
Տեր Մեսրոպ
Եթե չենք ձեւակերպում դավանաբանական ուղղափառությունը, աղանդավորության մասին չենք կարող խոսել: Եթե չկա ճշմարտության հասկացողությունը, ապա չենք կարող ասել, թե ինչ է ճշմարտությունից շեղումը: Այդ լույսի ներքո ամեն մարդ պետք է իրեն հարց տա՝ արդյոք ճշմարտությունը կարեւո՞ր է իր համար: Եթե կարեւոր չէ, կամ այդ ճշմարտությունը կարելի է առավոտյան առնել, իսկ երեկոյան վաճառել, ապա այդ մարդը շատ վատ վիճակում է, կարող ենք ասել՝ պոտենցիալ աղանդավոր:

Լուսանկարը` Մեդիամաքս
Եթե մարդը առավոտից երեկո մտածում է միայն նյութապաշտության մասին կամ այլ մեղքերի է ծառայում, եւս կարող ենք համարել, որ այդ մարդը բարոյական տեսանկյունից ունի աղանդավորական դրսեւորումներ:
Մտահոգվելու տեղ ունի նաեւ այն մարդը, որը բացառիկ կերպով կատարում է հրամաններ՝ առանց անդրադառնալու, թե ինչպիսին են դրանք: Օրինակ՝ եթե պաշտոնյան ստանում է անօրինական գործողություններ կատարելու հրամաններ եւ դիմում է անօրինական գործողությունների, ապա դա եւս ակնհայտ աղանդավորական դրսեւորում է:
Մարդիկ իրենք իրենց պետք է վերլուծեն, ինչը շատ հաճախ չեն անում: Մարդն ամենավատն ինքն իրեն է ճանաչում: Ամենամեծ խարանը, որն այսօր մեր հասարակության ճակատին կպցված է այն է, որ ճշմարտությունը մեզ համար անկարեւոր բան է դարձել: Սա է ամենամեծ վտանգը՝ դրանից բխող մյուս բոլոր վտանգներով:
Ինչու՞ են այսօր հատկապես տարածվում աղանդավորական շարժումները
Արամ Աբրահամյան
21-րդ դարում, հատկապես այն պարագայում, երբ չկան լուրջ հեղինակություններ, երբ հեղինակություն բառը ինքնին վարկաբեկված է, շատ հեշտ է մարդկանց մտցնել ինչ-որ աղանդի մեջ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Պարզ ճշմարտություններ մատուցելն ավելի հեշտ է՝ ես սպիտակ եմ, մնացյալ բոլորը սեւ են, եւ հենց այս մոտեցմամբ են գործում աղանդների առաջնորդները, որոնք, օրինակ, կարող են մարդկանց մղել ինքնասպանությունների: Այդպիսի առաջնորդները դառնում են ճշմարտության սեփականատեր եւ կարողանում են բոլորի վրա վաճառել այդ «ճշմարտությունը», քանի որ այն հեշտ է: Այն ինչ չկա մահկանացու, որը տիրապետում է ճշմարտությանը, միայն Աստված է ճշմարտություն: Դա աղանդավորները չեն ընկալում:
Տեր Մեսրոպ
Կարծում եմ, որ աղանդավորության տարածման պատճառներից է նաեւ ճշմարտության կորուստը: Ճշմարտությունը դարձել է շատ սուբյեկտիվ մի բան: Աղանդավորությունը սնում է նաեւ անհատապաշտությունը, այդ ինդիվիդուալիզմը, երբ ինքն է աշխարհի կենտրոնը, ինքն է որոշում՝ ինչն է լավը, ինչը վատը:
Ժամանակակից աշխարհը հոգեկան տեսանկյունից դառնում է շատ անառողջ եւ հիվանդագին, եւ այս հիվանդագին վիճակը պարարտ հող է դառնում տարբեր տեսակի մշակութային, մտածելակերպային, քաղաքական աղանդների տարածման համար: Մարդկանց զրկում են մտածելու, վերլուծելու կարողությունից, որը շատ բնորոշ է աղանդավորներին: Շատ աղանդավորական շարժումներում ընդհանրապես արգելված է մտածել, եւ անգամ երբ որ քեզ մոտ հարց է առաջանում, չպետք է մտածես, այլ պիտի գնաս ու հարցնես պատասխանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Իրենց հետ, շատ հաճախ, հնարավոր չէ ունենալ երկխոսություն, որովհետեւ իրենք չեն լսում, այլ սպասում են, որ երբ ասելիքդ ավարտես, իրենք նորից միացնեն այն, ինչ արդեն ձայնագրված է իրենց մեջ: Շատ դժվար է իրենց հետ ինչ-որ քննական զրույցի մեջ մտնել, եւ կան ակնհայտ զոմբիացման երեւույթներ: Իհարկե, կան մարդիկ, որոնց մտածելու կարողությունը դեռ ամբողջովին չի ոչնչացվել, եւ մենք ունենք բավականին շատ դեպքեր, երբ մարդիկ կարողացել են դուրս գալ աղանդավորական խմբերից եւ գալ դեպի Եկեղեցի: Այդ ջանքերը պետք է շարունակել:
Աղանդավորական դրսեւորումները ժամանակակից հեղափոխություններում
Արսեն Գասպարյան
Խորհրդային միության փլուզումից հետո շատերին թվում էր, թե լիբերալ ժողովրդավարությունը տարածվելու է եւ սփռվելու է բազմաթիվ երկրներում, բայց այսօր ամենամեծ ճգնաժամը հենց լիբերալ ժողովրդավարությունն է ապրում:
Այսօր լիբերալ ժողովրդավարությունները փոքրամասնություն են կազմում աշխարհում՝ ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից լիբերալ ժողովրդավար են շուրջ 40-ը: Մյուս կողմից էլ ունենք այնպիսի երեւույթներ, ինչպիսին Չինաստանն է, որտեղ մարքսիզմը, կապիտալիզմը եւ կոնֆուցիականությունը միացնելով՝ կարողացան աշխարհի երկրորդ տնտեսությունը ստեղծել:

Լուսանկարը` Մեդիամաքս
Լիբերալ ժողովրդավարության գաղափարը տապալվեց, բայց Արեւմտյան Եվրոպայում այն փոխարինելն առայժմ չի ստացվում, կա նաեւ քաղաքական առաջնորդների ճգնաժամ:
Տեր Մեսրոպ
Նայենք, թե ինչ է ընդհանուր առմամբ այսօր աշխարհում կատարվում, ինչ որակի մարդիկ են գալիս իշխանության, գիտակցության ինչ տեսակի մանիպուլյացիաներ են իրականացվում. սարսափելի վիճակ է: Իշխանության եկողները ոչ մի կապ չունեն այդ ոլորտի հետ, չունեն փորձառություն, բայց կարեւորն այն է, թե ինչպես են կարողանում մասսաների գիտակցության վրա ազդել եւ հնարավորինս շատ անիրական խոստումներով կերակրել մարդկանց: Մարդկանց վիճակը եւս շատ վտանգավոր է, որովհետեւ նրանցից է սկսվում այդ իշխանությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Կեղծիքը շատ քաղցր է հնչում շատերի ականջում, որովհետեւ սուտը, կեղծիքը ոչ մի պատասխանատվության առջեւ չեն դնում մարդուն: Մարդիկ շատ հաճախ չեն ցանկանում հանդիպել ճշմարտությանը, որովհետեւ այն լուրջ պատասխանատվության առջեւ է կանգնեցնելու:
Աղանդավոր մտածելակերպի կանխարգելման երկարաժամկետ լուծումներ
Տեր Մեսրոպ
Ցավոք, մեր հասարակության հոգեւոր գիտելիքները շատ կցկտուր են, մենք տեղյակ չենք նույնիսկ, թե ինչ է Քրիստոնեությունը, լավ չենք կարդում կամ ընդհանրապես չենք կարդում Սուրբ Գիրքը, բայց մեզ համարում ենք առաջին քրիստոնյա ազգը:
Հաճախ, հենց աղոթող մարդ են տեսնում, ասում են՝ աղանդավոր է. շատերի համար անգամ նորմալ բարեպաշտությունը տարօրինակ է: Շատ տարածված է իրենց համար ցանկացած տարօրինակ բան որակել աղանդավոր բառով, եւ սա բխում է տգիտությունից:

Լուսանկարը` Մեդիամաքս
Արամ Աբրահամյան
Առաջին հերթին պետք է զարգացնել քննադատական մտածողությունը, այսինքն՝ ոչ մի բան հալած յուղի տեղ չընդունել: Երկրորդը՝ չհրաժարվել պատմական խորությունից. եթե դու ասում ես, թե Հայաստանի պատմությունը սկսվել է 2018 թվականից, ապա դու քո իսկ պետությունը զրկում ես խորությունից, եւ դա, բնականաբար, վնաս է բերում: Եվ երրորդը՝ Ավետարանը. ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմից է: Բոլշեւիկներն ասում էին՝ ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է, իսկ Ավետարանում հակառակն է՝ ով մեզ հակառակ չէ, նա մեզ հետ է: Պետք է հասկանալ տարբերությունը:
Ընդհանրապես կարդացեք Արսենի հոդվածը պետությունում մեր քրիստոնեական արժեքների հնարավոր ներդրման մասին, որը կարծում եմ՝ կօգնի երկարաժամկետ լուծումներ գտնելու հարցում:
Արսեն Գասպարյան
Արամի հիշատակած հոդվածը, որը հեղինակել եմ, հիմնված է մեր երկու հիմնական ռեսուրսների վրա՝ Հայ Առաքելական Եկեղեցու եւ Սփյուռքի, որովհետեւ կարծում եմ, որ ուրիշ ռեսուրս մենք չունենք: Այս այլընտրանքային մոդելն առաջարկել եմ, որովհետեւ տեսել եմ՝ Հայաստանում ընդդիմադիր դաշտը քաղաքական օրակարգ չունի: Կարծում եմ, առաջարկածս մոդելը տարբերակներից մեկն է, որով հնարավոր է ճգնաժամից դուրս բերել մեր ժողովրդին եւ պետությունը:
Ելքը՝ Հայաստանի աղանդավոր իրողություններից
Տեր Մեսրոպ
Աղանդավորություն բառը շատ լավ բնորոշում է այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում. երկարաժամկետ մտածողության բացակայություն, մեկուսացում, մանիպուլյացիա, անձի պաշտամունք, կեղծ փրկչական դերակատարություն, պատմության վերանայում, հերոսների վրա հարձակումներ, հակահերոսների ակտիվացում, խորհրդանիշների դեմ պայքար: Ինչ ասես, որ չի կատարվում այսօր Հայաստանում. ո՞րն է ելքը:
Արամ Աբրահամյան
Կրթության, գիտելիքի պակասը կործանարար դեր ունի: Մարդկանց գիտելիքները խիստ սահմանափակվում են, պետք է երիտասարդներին, երեխաներին դաստիարակել եւ´ գիտելիքի, եւ´ բարոյականության առումով, ես ելքը դրանում եմ տեսնում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Արսեն Գասպարյան
Քանի որ երկար տարիներ Հայաստանում չեմ ապրել, ինձ համար շատ հետաքրքիր էր համեմատականներ եմ տանել Հայաստանում Խորհրդային միության տարիների, փլուզմանը հաջորդած տարիների եւ վերջին յոթ տարիների միջեւ: Այդ հետազոտության ժամանակ այսօրվա Հայաստանում նկատել եմ երեւույթներ, որոնք բացակայում են թե´ Խորհրդային Հայաստանում, թե´ նորանկախ Հայաստանում: Մի օրինակ բերեմ՝ բնակչության անդաստիարակությունը: Դա եւս վատ կրթության հետեւանք է:
6000-ից ավելի հարցազրույցների հիման վրա իմ հետազոտությամբ կարող եմ ասել, որ այսօր Հայաստանում կա ընդամենը հինգ դպրոց, որը երեխաներին գիտելիք է տալիս: Իսկ եթե փորձեմ հաշվել, թե Խորհրդային Հայաստանում գիտելիք տվող քանի դպրոց կար՝ անգամ հաշվի առնելով խորհրդային կրթության բոլոր բացասական կողմերը, ապա միայն իմ հիշողությամբ առնվազն 30 դպրոց կարող եմ թվել:
Հայաստանում չի ստեղծվել արդյունավետ կրթական համակարգ, մինչդեռ բացասական հետեւանքների վերացման միակ լուծումը կրթությունն է:

Լուսանկարը` Մեդիամաքս
Տեր Մեսրոպ
Հաճույքով կմիանամ կրթության վերաբերյալ ձեր պնդումներին, բայց պիտի ասեմ, որ այդքան շատ ժամանակ մենք չունենք: Կրթությունը երկարատեւ գործընթաց է, մինչդեռ մեզ հենց հիմա քայլեր են պետք: Այսօրվա մտածողությունը կարճաժամկետ է, այսօրվա շահն է կարեւոր. այս պարագայում ի՞նչ կրթության մասին ենք խոսում, եթե չենք սահմանել, որոնք են մեր կարեւորագույն արժեքները եւ ինչի վրա ենք մենք կազմակերպում կրթությունը, ինչ տեսակի մարդ ենք ուզում ձեւավորել:
Խնդիրն այն է, որ հիմա մենք ունենք շատ սուր հարցեր. հենց այսօր փորձ է արվում մեզանից խլելու մեր սրբությունները, մեր խորհրդանիշները, այն ամենը, ինչ նվիրական է մեզ համար: Վաղը այդ սիմվոլների նկատմամբ հարգանք տածելը կարող է հանցանք դառնալ:
Արարատ լեռը մեր ինքնության խորհրդանիշն է, սակայն զուտ լեռան սիմվոլից ավելի կարեւորն այն է, թե ինչ կատարվեց Արարատյան դաշտում, երբ Աստված ուխտ կնքեց ոչ թե զուտ հայ ժողովրդի, այլ ամբողջ մարդկության հետ, եւ մենք դարձանք այդ ուխտի պահապանները: Այս հողը հիշողություն ունի, հիմա փորձ է արվում այդ հիշողությունը մեզանից խլելու, այդ առաքելությունը՝ համընդհանուր եղբայրության գաղափարի պահպանությունը մեզանից խլելու:
Ինձ սարսափեցնում է, որ այս ամբողջ տեղի ունեցողի ֆոնին մենք անտարբեր վիճակում ենք: Ես չեմ տեսնում գիտակցված, խորը, հոգեւոր դիմադրություն, հասարակական մակարդակում չեմ տեսնում մաքրվելու գործողություն: Մենք պիտի խորքային հոգեւոր գործողություններ կատարենք, այլապես ամեն օր մեզ վրա է փաթաթվում ամենատարբեր հակահերոսների ակտիվացումը՝ որպես իսկական հայրենասերների, իսկ հերոսները նսեմացվում են որպես թե մոլորյալ մարդիկ, որոնց նահատակությունը պետք չէր, կարելի էր ավելի «խելոք» մոտեցում ցուցաբերել ու գնալ «բարիշելու»: Թե այդ ինչ գնով ենք մենք հիմա «բարիշում», Աստված գիտի:
Գրի է առել Գայանե Ենոքյանը
Լուսանկարները՝ հեղինակի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: