Հոկտեմբերի 18-19-ի արշավները. Վերելք Շունքար լեռ եւ աշնանային Դսեղ - Mediamax.am

Հոկտեմբեր 15, 2025
146 դիտում

Հոկտեմբերի 18-19-ի արշավները. Վերելք Շունքար լեռ եւ աշնանային Դսեղ


Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ԱՐԻ

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Լուսանկարը` North Peak

Լուսանկարը` «Խարույկ»

Լուսանկարը` «Ճանապարհորդ


Հոկտեմբերը Հայաստանի բնությամբ հիանալու լավագույն շրջաններից է: Անտառներն արդեն ստացել են աներեւակայելի գունավորում, իսկ տերեւափաթ դեռեւս չի եղել: Այնպես որ, առաջիկա հանգստյան օրերին դեռ կհասցնեք հիանալ աշնանային տեսարաններով: 

 

Մեդիամաքսն առանձնացրել է հոկտեմբերի 18-19-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները: 

 

Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:

 

Հոկտեմբերի 18 (շաբաթ)

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Քայլարշավ Օկոնավանք 

 

Աշնանային խորհրդավոր անտառների սիրահարնե՜ր, հոկտեմբերի 18-ին ԱՐԻ արշավական ակումբը գնում է Իջեւանի լեռներ՝ հիանալու Խաչաղբյուրի կիրճի վերին մասում գտնվող միջնադարյան վանական կառույց Օկոնավանքով։

Լուսանկարը` ԱՐԻ

Քայլարշավը սկսվելու է «Ապագա» ռեզորտի մոտից, այնուհետեւ աշնանային գույնզգույն անտառի միջով կհասնեք եռանավ բազիլիկ Օկոնավանք, որի դիմաց կտեսնեք 13-րդ դարի յուրօրինակ թեւավոր խաչքարը։ Քայլարշավի ընթացքում կգտնեք նաեւ եզակի սնկատեսակներ:

 

Երթուղու երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 780 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ Շամլուղից Ախթալա 

 

Շաբաթ օրն ակումբն իրականացնելու է արշավ Շամլուղից Ախթալա։: Երթուղու նպատակակետը Լոռվա սարերում գտնվող Կկվի բույն բերդն է։

 

Քայլքը սկսվելու է Շամլուղ գյուղից։ Առաջին նպատակակետը կոլորիտային Բենդիկ գյուղն է, որն աչքի է ընկնում յուրահատուկ ճարտարապետությամբ տներով ու եկեղեցով։

Լուսանկարը` ArmGeo

Այնուհետեւ շարունակելու եք ճանապարհն անտառային արահետներով դեպի Կկվի բույն կոչվող բարձրադիր բերդը։ Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Դեբեդի կիրճն ու Լոռվա լեռնաշխարհը։ Բերդից իջնելու եք այլ ճանապարհով՝ դեպի Ախթալա։ Արշավն ավարտվելու է Ախթալայի վանական համալիրի մոտ։ Երթուղու երկարությունը 13 կմ է, բարձրանալու եք մոտ 400 մ, իջնելու՝ 900 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

Հոկտեմբերի 19 (կիրակի)

 

ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. Արշավ Գոշի լիճ 

 

Քանի որ արդեն գույնզգույն աշուն է, կիրակի օրն ակումբը 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների հետ մեկնում է վայելելու աշնանային մոգական անտառը։

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Հասնելով Տավուշի մարզ՝ արշավելու եք դեպի լեռնային անտառապատ Գոշի լիճ։ Քայլքը սկսվելու է համանուն գյուղից: 80 մ լայնություն ունեցող լճի շուրջ պտտվելուց հետո նախատեսված է հանգիստ խարույկի շուրջ:

 

Երթուղու երկարությունը 6,5 կմ է: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

ArmLand արշավական ակումբ. Վերելք Դիմաց լեռ եւ Թաքնված ջրվեժ 

 

Հոկտեմբերի 19-ին ակումբը մեկնում է հեքիաթային Տավուշ՝ բարձրանալու Իջեւանի լեռների գագաթներից Դիմաց լեռը (2378մ): Իջեւանի լեռներն աչքի են ընկնում նմանը չունեցող բնապատկերներով: Դիմաց լեռան երթուղին սկսելիս հնարավորություն կունենաք տեսնել նաեւ Թաքնված ջրվեժը:

 

Երթուղու երկարությունը 19 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Armenian Geographic արշավական ակումբ. Աշնանային Դսեղ 

 

Կիրակի օրն ակումբն ուղեւորվում է  Դսեղ` վայելելու լոռվա աշնանային հրաշք ու աննկարագրելի գույները:

 

Երթուղին անցնելու է Դսեղի շրջանաձեւ արահետով, որը տարվա այս եղանակին անկրկնելի գեղեցիկ է: Արշավը սկսվելու է Դսեղ գյուղից, որտեղից քայլելու եք դեպի Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր եկեղեցի՝ կառուցված 13-րդ դարում Մամիկոնյանների տոհմի կողմից: Այնուհետեւ, շարունակելով քայլարշավը, կխորանաք դեպի Մարցի ձոր։ 

Լուսանկարը` ArmGeo

Դուրս գալով Մարցի ձորից կտեսնենք «Սիրուն խաչ» խաչքարը, որի անվանումը խաչքարին տվել են տեղացիները՝ հազվագյուտ գեղեցկությունը շեշտելու համար։

Երթուղու երկարությունը 9 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 600 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

North Peak լեռնային ակումբ. Վերելք Շունքար լեռ

 

Հոկտեմբերի 19-ին North Peak լեռնային ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին վերելք կատարել Շունքար լեռ (2079 մ):

 

Այն Տավուշի մարզում է: Շունքարը Միափորի լեռների գագաթներից մեկն է: Վերելքը սկսվելու է Դիլիջան-Ճամբարակ ճանապարհից: 

Լուսանկարը` North Peak

Երթուղու երկարությունը 15 կմ է, հարաբերական բարձրությունը`1000 մ:

 

Մանրամասները՝ հղումով

 

«Խարույկ» արշավական ակումբ. 3 գագաթ Սեւորդյաց լեռներում 

 

Կիրակի օրն ակումբը վերելք կկատարի Սեւորդյաց լեռների երեք գագաթ՝ Եղնախաղաց (1944 մ), Մրձաքար (2203 մ), Դժարսար (2246 մ):

Լուսանկարը` «Խարույկ»

Առավոտյան մեկնելու եք Քարինջ գյուղ, որտեղից եւ սկսվելու է քայլքը: Բարձրանալու եք Եղնախաղաց գագաթը, ապա թամբով շարունակելու եք ճանապարհը դեպի Մրձաքար եւ Դժարսար գագաթները: Արշավն ավարտվելու է Մարց գյուղում: Երթուղու երկարությունը 23 կմ է: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

«Ճանապարհորդ» արշավախումբ. Քայլարշավ Քարաբերդից Վահագնաձոր 

 

Հոկտեմբերի 19-ին ակումբն իրականացնելու է քայլարշավ Բազումի անտառապատ լեռների ստորոտներով ու Վահագնի գետի գունագեղ ձորով:

 

Սկզբում կլինեք Լոռու մարզի Քարաբերդ գյուղում, որտեղից կսկսեք քայլարշավը դեպի Բազումի լեռների ժայռոտ կատարները: Ժամանակ ունենալու դեպքում կբարձրանաք Շիկալիճ կոչվող լեռան ժայռոտ գագաթը (2402 մ): 

Լուսանկարը` «Ճանապարհորդ

Անցնելով Սեւակնի լեռնանցքը՝ կսկսեք աստիճանաբար իջնել Վահագնի գետակի անտառապատ կիրճ, որտեղով ձորամիջյան անտառապատ ճանապարհով կշարունակեք քայլարշավը մինչեւ Վահագնաձոր գյուղ:

 

Երթուղու երկարությունը 16 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 650 մ:

 

Մանրամասները՝ հղումով

 

Հատիս Տուր. Վերելք Արա լեռ 

 

Կիրակի օրը Հատիս Տուրն ուղեւորվելու է Կոտայքի մարզ՝ վերելք կատարելու Արա լեռ: Այն հայտնի է ոչ միայն տպավորիչ բնությամբ, այլեւ՝ առասպելական պատմությամբ: Լեռն իր անունը ստացել է հայ դիցաբանության գեղեցկության եւ սիրո խորհրդանիշ Արա Գեղեցիկից։ Լեռան լանջերն ու գագաթը պատված են հարուստ բուսականությամբ․ այստեղ աճում են ավելի քան 650 տեսակ անոթային բույսեր, ինչը կազմում է Հայաստանի բուսականության մոտ 20%-ը։ Ուղեւորության ընթացքում ձեզ սպասում են հիասքանչ տեսարաններ, մաքուր լեռնային օդ եւ աշնան ոսկեգույն բնություն: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին