«Անտարբերությունը ժամանակակից աշխարհում տիրող բարոյական խառնաշփոթի եւ արժեքային քայքայման մեջ յուրահատուկ դրսեւորում ունի: Ոմանք անտարբերությունը համարում են ծանր մեղք եւ լրջագույն հոգեկան խանգարում՝ դրա մեջ տեսնելով եսապաշտության անպատասխանատվության եւ անգործության տարատեսակ երանգներ»,- այս խոսքերով է Տեր Մեսրոպ քահանա Արամյանը սկսել սեպտեմբերի 18-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցած «Ինքնություն եւ արժեքներ» շարքի նոր եթերաշրջանի առաջին հանդիպմանը՝ «Ինչու՞ ենք մենք անտարբեր» թեմայով։
Հրավիրված բանախոսներն էին Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ FAST հիմնադրամի համահիմնադիր եւ խորհրդի անդամ Արթուր Ալավերդյանը:
Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձել են աճող անտարբերության համաշխարհային միտումներին, հայ հասարակությունում անտարբերությունը սնող պատճառներին եւ փորձել առաջ քաշել ժամանակակից աշխարհին բնորոշ այս հիվանդության բուժման դեղատոմսը:
Անտարբերությունը՝ վախի հետեւանք
Ռալֆ Յիրիկյան. Հատկապես վերջին տասնամյակներին անտարբերությունն աճել է ոչ միայն հայերիս մոտ, այլեւ աշխարհում, որովհետեւ տարածվում է գլոբալիզացիա կոչվող միտումը: Այն հենվում է տեխնոլոգիաների վրա, եւ մի քիչ էլ, իբրեւ արժեհամակարգ, Աստծուց հեռանում է:
Անտարբերությունը խրախուսող բաղադրիչները շատ են: Դրանցից մեծ ազդեցություն ունի տեխնոլոգիան, որում մի մասի մեղավորը, կարծում եմ, ես եմ: Մարդիկ կարող են նստած լինել, մեկն իրենց հետ խոսի, բայց իրենք հեռախոսի մեջ լինեն եւ իրենց անգամ չհետաքրքրի, թե դիմացինն ինչ է ասում: Սա շատ վտանգավոր երեւույթ է:

Լուսանկարը` Մեդիամաքս
Անտարբերությունը քաջալերող գործոններից է նաեւ համապատասխան դաստիարակության բացակայությունը, որի հետեւանքով մարդն անընդունակ է դիմագրավելու մարտահրավերներին եւ չի գիտակցում, որ մարտահրավերներով է, որ փորձ ենք ձեռք բերում, կարողանում առաջ գնալ: Քանի որ այդ մոտեցումը չկա, առաջնորդում է վախը եւ տանում անտարբերության, որ ապրես առանց գլխացավանքի:
Որքան անցնում են տարիները, այնքան հայկական Սփյուռքը եւս անտարբեր է դառնում: Իհարկե, կան անհատներ, որոնք հրաժարվել են անտարբեր լինելուց, սակայն մի քանիսով չենք կարող առաջ գնալ, պետք է միշտ հոգանք ու միշտ համախմբվենք բոլորս միասին:
«Ո՞րն է ավելի մեծ մեղք՝ գործած չարի՞քը, թե՞ չգործած բարիքը»
Տեր Մեսրոպ. Որոշ ժամանակակից մտածողներ անտարբերությունը համարում են 8-րդ մահացու մեղքը, որն ավելի վտանգավոր է՝ իր մեջ տարբեր կերպ արտահայտված ունենալով մյուս մահացու մեղքերը: Նրանք իրավացի են, որովհետեւ սա ծանրագույն մեղք է, որ քայքայում է մարդուն, հասարակությունները, թույլ չի տալիս ո´չ ապրել, առաջ գնալ, ո´չ էլ հասկանալ իր պատմական հետագիծը, ինքնությունը, արժեքային համակարգը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նաեւ հարց է առաջանում, թե որն է ավելի մեծ մեղք՝ ակնհայտ գործած չարի՞քը, թե չգործած բարիքը. չէ՞ որ քեզ տրված է որոշակի ժամանակ եւ այդ ժամանակի մեջ դու պետք է առաջ շարժվես, պետք է ստեղծես, արարես, բարիք գործես: Անգործության, անտարբերության մատնվելով՝ դու կորցնում ես իրապես ապրելու հնարավորությունն ու դրանով բարիք ստեղծելու շանսը, որ տրված է:
Գաղջն ու նավարկային համակարգի կորուստը
Տեր Մեսրոպ. Նույնիսկ օրենսդրության մեջ է է դա ամրագրված: Կա հանցավոր անգործություն: Սովետական միության ժամանակ դա շատ ծանր հոդված էր: Այդպիսի վիճակում հայտնված մարդիկ պետք է հասկանան, որ իրենք չեզոք վիճակում չեն: Հասկանալով, որ կան տեխնոլոգիաներ, մանիպուլյացիաներ, արտաքին գաղափարական ճնշումները, պատերազմներ, միեւնույն է, անհուսությունը, որը անտարբերության դրսեւորումներից է, որեւէ ձեւով արդարացված չէ. ինքդ ունես քո սեփական մեղավորության աստիճանը, որ չես կարողանում ոտքի կանգնել եւ առաջ շարժվել:
Հայտնության գրքի մեջ մի հետաքրքիր արտահայտություն կա. «Գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես եւ ո՛չ տաք. երանի դու սառն լինէիր եւ կամ տաք. իսկ դու գաղջ ես»: (Հայտնություն 3.15-16): Երբ մարդը հայտնվում է այդ գաղջ վիճակում, չես կարող հասկանալ՝ ինքն ինչ է իրենից ներկայացնում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ժամանակակից աշխարհում սա սնուցող պատճառները շատ են՝ անընդհատ մեդիայում քարոզվող հաճոյապաշտություն, եսապաշտություն: Սրանք են բերում հոգեկան ապատիայի, հոգեկան անգործության: Խարխլվում են արժեքները, որովհետեւ արժեքն այն է, ինչ մարդը կարեւորում է, եւ հնարավոր չէ ասել՝ ես արժեք ունեմ, բայց ոչինչ չանել: Դա անիմաստ արտահայտություն կլինի: Այսինքն՝ այդ անտարբերության վիճակում գտնվող մարդը կորցրել է իր արժեքները, իր նավարկային համակարգը եւ դա վատագույն բանն է, որ կարող է պատահել մարդու հետ՝ որպես այս տիեզերքում արարող էակի:
Կամքը՝ անկումից դեպի վերելք
Ռալֆ Յիրիկյան. Մեծ հայրիկս՝ Մարտիրոսը, 12-13 տարեկան էր, երբ ստիպված գաղթել է Ադանայից: Նա հրաժարվում էր իր թոռնիկների հետ հայերեն խոսել. մենք իր հետ հայերեն էինք խոսում, ինքը արաբերեն էր պատասխանում: Երեխա ժամանակ չէի հասկանում, թե ինչու չի խոսում հայերեն: Մարդու ապրածի տրավման շատ խորը բացասական հետք է թողնում, եւ եթե մարդ ժամանակին դա չգիտակցի, կսկսի դառնալ անտարբեր ու կյանքն իր համար այլեւս արժեք չի ունենա: Պետք է ունենանք ամուր կամք, ամեն ինչում գտնենք դրականն ու լինենք կառուցողական՝ անկախ դժվարություններից: Ցանկացած աղետից հետո երկիրը, հասարակությունն անկում է ապրում, բայց եթե կա կամք, վերելքը տեղի է ունենալու: Կարծում եմ՝ մեր մեջ կա այդ կամքը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ես ծնվել ու մեծացել եմ Բեյրութում, 15 տարվա քաղաքացիական պատերազմի ականատես եղել: Շատ մարդիկ չէին հավատում, որ քնելուց հետո զարթնելու են ու տեսնելու են վաղվա օրը: Բայց մենք ապրեցինք, պայքարեցինք, դպրոց գնացինք: Ռումբերը տեղում էին մեզ վրա, բայց մենք ցանկացանք անպայման սովորել, հրաժարվում էինք հանձնվել, ուզում էինք միշտ գնալ առաջ, զարգանալ ու փոխանցել մյուսներին: Այսպես բոլորս պետք է անենք ու անտարբերությունը քշենք հեռու մեզանից:
Արթուր Ալավերդյան. Ազգ-բանակ գաղափարն այժմ վերաձեւակերպվել է ու կոչվում է համապարփակ անվտանգության համակարգ: Այն ներառում է տնտեսական անվտանգություն, հոգեւոր, մշակութային, կրթական բաղադրիչներ, ասիմետրիկ պատերազմ վարելու ունակություն: Այս համակարգն է, որ թույլ է տալիս փոքր ազգերին դիմակայել մեծ ուժերի դեմ: Եթե ուսումնասիրեք այլ երկրների փորձը՝ Շվեյցարիա, Սինգապուր, Ֆինլանդիա, նաեւ Էստոնիա, կտեսնեք, որ սա աշխատող եւ ռացիոնալ ճանապարհ է, որը մեզ թույլ կտա կառուցել իսկապես կայուն եւ ուժեղ անվտանգության համակարգ: Այս հարցում առաջին հերթին ինքներս մեր ուժերին պետք է հավատանք:
Համակարգի «վինտիկ»-ից՝ համակարգ ստեղծող
Արթուր Ալավերդյան. Այն համակարգը, որից դուրս է եկել մեր երկիրը, ստիպում էր, որ մարդը հանգիստ իր տեղը զբաղեցնի, համակարգի մեջ մի «վինտիկ» դառնա ու այլ որեւէ բանի մասին չմտածի: Այս հիշողությունը կարեւոր գործոն է մեզանում, որովհետեւ թեեւ գալիս է այլ իրավիճակ, այս կաղապարը երեւան է գալիս ու շարունակում աշխատել:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հիմա, երբ որոշակի հիմքեր փլուզվեցին, ճգնաժամ եղավ, աշխարհը սկսեց փոխվել, մարդիկ մնացել են անորոշության մեջ, հարցեր են տալիս, որոնց պատասխանները, հաճախ, չեն գտնում: Չկա այն գլխավոր ճանապարհը, որը կուղղորդի՝ որն է ճիշտը, դեպի ուր շարժվել: Այս իրավիճակին ամենահեշտ արձագանքն անտարբերությունն է:
Մեր դեմ վարվող կոգնիտիվ պատերազմը եւս իր ազդեցությունն է ունենում: Այն տարվում է մարդկանց ուղեղների մեջ, ստեղծում վախերի մթնոլորտ: Մարդը չի տեսնում կամ չի ուզում տեսնել, ո իր գործողությունները բերում են որոշակի հետեւանքների, որից էլ վախենալով ընտրում է անգործությունը: Վախերից կծկվում ես, ոզնու նման դառնում ...
Տեր Մեսրոպ. ... ու վերջանում ես:
Մեր կյանքը մեկ բառով՝ փախուստ
Տեր Մեսրոպ. Պատմականորեն ձեւավորված իրողություններ կան, որոնց ժառանգությունը մենք կրում ենք, ու ունենք նաեւ բացասական ժառանգություն:
Դարերով ապրելով այլ համակարգերում՝ ստիպված ենք եղել ապրել ուրիշի կանոններով, կորցրել ենք համակարգային մտածողությունը: Դրա համար էլ երբ հնարավորություն ենք ստացել սեփական համակարգերը ստեղծելու, դրանք հաճախ վատն են կամ ընդհանրապես չեն աշխատում, պատճենվածներն էլ չեն համապատասխանում մեր ժողովրդի խնդիրներին:

Լուսանկարը` Մեդիամաքս
Երբ մարդը չի հետաքրքրվում համակարգային հարցերով, դրա անխուսափելի հետեւանքը եսապաշտությունն է: Քո իրական շահը կարճաժամկետ մի բան չէ: Պետք է մտածես՝ ինչ ժառանգություն ես թողնում, ինչ երկիր ես թողում: Երջանկությունն ինքնին հանրային կյանքի դրսեւորում է, չես կարող դու միայնակ երջանիկ լինել, երբ շուրջբոլորը դժբախտ են:
Իսկ ո՞րն է հանրային շահը, ազգային շահը: Կարծում եմ՝ այս հարցի ձեւակերպումը մենք ձախողել ենք: Եթե մեկ բառով բնութագրելու լինեմ մեր կյանքը, ապա կասեմ՝ փախուստ: Մենք անընդհատ կարծես փախուստի մեջ լինենք՝ փախուստ իրականությունից, պատասխանատվությունից, եւ որ ամենասարսափելին է, փախուստ տեր կանգնելուց, որովհետեւ դրա համար լուրջ զոհողությունների պիտի գնաս:
Պետական գործիչների փոխարեն՝ զուտ քաղաքական գործիչներ
Տեր Մեսրոպ. Միքելանջելոն ասել է, որ ամենամեծ խնդիրն այն չէ, որ մարդիկ բարձր նպատակներ են սահմանում եւ չեն հասնում դրանց, այլ այն է, որ մարդիկ ցածր նպատակներ են սահմանում եւ հասնում են դրանց:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ռալֆ Յիրիկյան. Չունենք լայն մտածելակերպ՝ հեռուն նայող, չգիտենք՝ ինչ է նշանակում ռազմավարություն, որը մեզ պետք է ստիպեր պլանավորել ու բարձր նշաձողեր սահմանել 20-30-50 տարվա համար:
Եթե քաղաքական տեսանկյունից խոսենք, ապա պետական գործիչներ չունենք, ունենք քաղաքական գործիչներ, որոնց առավելագույն հեռանկարային մտածելակերպը ընտրությունից ընտրություն է, ու դա կործանիչ է ազգի համար: Եթե մենք ուզում ենք գոյատեւել ու անտարբերության փակուղուց դուրս գալ, ապա պետք է սովորենք, որ եթե ուզում ենք կառուցել պետություն, պետք է 50 տարվա ծրագիր կազմենք: Քանի որ այդ ընթացքում կարող է երկու սերունդ փոխվել, պետք է սկսենք մանկապարտեզից եւ դպրոցից:
Համամարդկային պատասխանատվության գիտակցումը
Տեր Մեսրոպ. Մենք պետք է հասկանանք, որ մի օր մենք երկրավոր տեսանկյունից վերջանում ենք: Ինչպես Ավետարանի Տաղանդների առակում է՝ մենք չենք կարող մեկին մեկ Աստծո տվածը վերադարձնենք, որովհետեւ Աստված չի տվել մեզ, որ անպտուղ վերադարձնենք, մեր ստացածի վրան պետք է, անպայման, ավելացնենք:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք պետք է նաեւ հստակեցնենք, թե որն է մեր ազգային տեսլականը, մեր ազգային առաքելությունը: Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն»-ը համակարգային գաղափարախոսության ձեռնարկ է, որից մենք գիտենք՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս, եւ դրա վրա կարող ենք ամուր եւ հզոր ազգ կառուցել: Թեեւ այդ գործը վերջանում է ողբով, բայց այդ ողբի մեջ չկա ոչ մի անհուսության նշան:
Կարեւոր է նաեւ հասկանալ, թե ինչ համամարդկային առաքելություն ունենք: Ինչպես ցույց ենք տալիս «Արարատից Սիոն» ֆիլմում՝ հայերս մեծ դերակատարություն ենք ունեցել առնվազն քրիստոնեական քաղաքակրթության ձեւավորման գործում: Պետք է հասկանանք, որ մեր պատասխանատվությունը միայն մեր ազգի համար չէ. մենք համամարդկային պատասխանատվություն ես կրում:
Գրի է առել Գայանե Ենոքյանը
Լուսանկարները՝ հեղինակի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: