Մեդիամաքսն առանձնացրել է օգոստոսի 16-17-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:
Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:
Օգոստոսի 16 (շաբաթ)
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Մայրամուտի արշավ Արտանիշ
Շաբաթ օրն ակումբը հրավիրում է համատեղել հանգիստն ու արշավը Սեւանա լճի հյուսիսային ափին գտնվող Արտանիշ թերակղզում։ Առավոտյան կմեկնեք Հայկական ճամբար, որտեղ ողջ կեսօր կհանգստանաք, կկարղանաք լողալ, սնվել եւ օգտվել ջրային զվարճանքներից:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Ժամը 16:00-ից կսկսվի վերելքը Արտանիշ լեռ (2461 մ)՝ դիմավորելու մայրամուտի 50 երանգները: Այս լեռան գագաթը միակ կետն է, որտեղից կարող եք տեսնել Մեծ ու Փոքր Սեւաններն իրենց ողջ հմայքով: Արշավի երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 530 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ԱՐԻ Խոխա. 3-6 տ. խոխա արշավ Քարի լիճ
Օգոստոսի 16-ին ակումբը 3-6 տարեկան երեխաների եւ ծնողների հետ գնում է թափառելու Արագածի լանջերին:

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա
Արշավը սկսվելու է Քարի լճից, որտեղից կքայլեք Արագած լեռնավահանի շուրջ, հեռվից կվայելեք ձյունածածկ գագաթները, կփորձեք անգամ մի փոքրիկ վերելք ունենալ մոտակա գագաթ։ Արշավի ընթացքում նախատեսված է հանգիստ Քարի լճի ափին: Երթուղու երկարությունը 5 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ArmLand արշավական ակումբ. Վերելք Վիշապասար լեռ եւ Վիշապալիճ
Շաբաթ օրն արշավական ակումբն ուղեւորվում է Կոտայքի մարզ՝ վերելք կատարելու Վիշապասար լեռ (3157 մ): Պարզ եղանակին գագաթից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի Սեւանա լիճը, Արարատը, Արագածը, Արա եւ Հատիս լեռները: Արշավը սկսվելու է Գեղարդ գյուղից, որտեղից բեռնատարներով կբարձրանաք Վիշապալիճ (Վանքի լիճ) եւ կսկսեք քայլել։ Լճի ափին կան վիշապաքարեր, որոնք ունեն հազարամյակների պատմություն: Երթուղու երկարությունը 12կմ է, բարդության աստիճանը՝ միջին:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ Քարի լճից Մանթաշի ջրվեժ
Շաբաթ օրն ակումբն իրականացնելու է քայլարշավ Քարի լճից Մանթաշի ջրվեժ։ Այն Արագածի քիչ հայտնի բնության հուշարձաններից է։ Արշավը սկսվելու է Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճից՝ 3200 մ բարձրությունից։ Ալպիական մարգագետիններով ճանապարհը ձեզ կհասցնի Մանթաշ գետի վրա առաջացած համանուն ջրվեժ։

Լուսանկարը` ArmGeo
Երթուղու երկարությունը 14 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 500 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Օգոստոսի 17 (կիրակի)
Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Արագածի Հյուսիսային գագաթ
Կիրակի օրն ակումբն իրականացնելու է վերելք Արագածի Հյուսիսային գագաթ (4090 մ): Առավոտյան Երեւանից ուղեւորվելու եք Արագած գյուղ, որն Արագածի լեռնազանգվածի արեւելյան կողմում է՝ ծովի մակարդակից 2000 մ բարձության վրա։ Արագածից բեռնատարը Գեղարոտի կիրճով ձեզ կհասցնի մինչեւ 2900 մ բարձրություն, որտեղից կսկսվի վերելքը դեպի Արագածի Հյուսիսային գագաթ։ Արշավը միջինից բարդ է։ Դրան կարող են մասնակցել միայն լեռնագնացության փորձ ունեցող մարդիկ, որոնք վերջին ամիսներին բարձրացել են 3000 մ-ից բարձր լեռներ:

Լուսանկարը` ArmGeo
Երթուղու երկարությունը 13 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1100 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
North Peak լեռնային ակումբ. Արագածի լճեր՝ Մթնալիճ, Աստղկան, Ռապի
Օգոստոսի 17-ին ակումբը բոլոր լեռնասերներին հրավիրում է միանալ դեպի Արագածի լճեր իրականացվող քայլարշավին: Երեւանից մեկնելու եք Գեղաձոր գյուղ, որտեղից բեռնատարով կուղեւորվեք դեպի Ռապի լիճ: Այստեղից կսկսվի քայլարշավը դեպի Արագածի ամենաբարձրադիր Մթնալիճը (3446 մ)։ Այնուհետեւ կմոտենաք Աստղկան լճին, որից հետո նորից կիջնենք դեպի Ռապի լիճ:

Լուսանկարը` North Peak
Երթուղու ընդհանուր երկարությունը՝ 10 կմ, հարաբերական բարձրությունը՝ 500 մ:
Մանրամասները՝ հղումով:
Գիտարշավ ակումբ. Քայլարշավ Աղվերանում
Կիրակի օրն ակումբը մեկնում է Աղվերան՝ քայլելու դեպի Գհուկի (Բոլորահար), Չորուտի (Իշխանավանք) եւ Նեղուցի վանքեր: Նախ կքայլեք Գհուկ վանք, որը կառուցվել է 13-րդ դարում եւ հարուստ է վիմագիր արձանագրություններով: Հաջորդ կանգառը կլինի Չորուտում, որը 1207թ.-ին կառուցել է Վահրամ Չաուշ իշխանը: Քայլարշավի վերջում կայցելեք Արզականում գտնվող չքնաղ Նեղուցի վանք (10-13-րդ դարեր)։ Այն հայտնի է գավթի յուրօրինակ շքամուտքով եւ բազմաթիվ զարդաքանդակներով։ Երթուղու ընդհանուր երկարությունը 5 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
«Ճանապարհորդ» արշավախումբ. Վերելք Սպիտակասար լեռ
Կիրակի օրն ակումբը վերելք կիրականացնի Գեղամա լեռների բարձր գագաթներից մեկը՝ Սպիտակասարը (3555 մ), որը երեք մարզի սահմանին է (Կոտայք, Արարատ, Գեղարքունիք):

Լուսանկարը` «Ճանապարհորդ»
Սկսելով Գեղարդ գյուղից՝ բեռնատարով կհասնենք ծովի մակարդակից ավելի քան 3000 մ բարձրության վրա, որտեղից կքայլեք դեպի փռված հրաբխի գագաթ: Այստեղից հիանալի տեսարաններ են բացվում դեպի Սեւանա լիճ, Արագած եւ Արարատ: Լեռան ստորոտին կան բազմաթիվ գեղեցիկ լճակներ եւ արշավի ընթացքում նախատեսված է հանգիստ Բադերի լճի մոտ: Երթուղու երկարությունը 14 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 400 մ:
Մանրամասները՝ հղումով:
That Trail արշավական ակումբ. Երթուղին՝ Գեղարոտի ջրվեժ
Օգոստոսի 17-ին ակումբն ուղեւորվում է Գեղարոտի ջրվեժ՝ հովանալու Արագած լեռան հյուսիս-արեւելյան լանջին: Ջրվեժը ծովի մակարդակից 3000 մ բարձրության վրա է: Արահետին մոտենալու եք մարդատար ամենագնացներով: Երթուղու երկարությունը 8 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մ:
Մանրամասները՝ հղումով:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: