Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամի Երեւանում անցկացված առաջին խոշոր գալա ընթրիքի ընթացքում միջոցներ են նվիրաբերվել զարգացման նոր ծրագրերի համար, որոնցից երկուսը վերաբերում են «Այբ» ավանի զարգացմանն ու առանձին բաղադրիչների կառուցմանը:
Կրթական ավանում կկառուցվի ավագ դպրոցի նոր մասնաշենք՝ BIG (Bjarke Ingels Group) ճարտարապետական ընկերության հետ:

Հիմնադրամից հայտնել են, որ նոր մասնաշենքի կառուցումը կկրկնապատկի ավագ դպրոցի աշակերտների թիվը, որոնց միջինում 70%–ը սովորում է բարերարների աջակցությամբ: Սա նշանակում է, որ, ընտանիքի ֆինանսական կարողություններից անկախ, ավելի շատ երեխա հնարավորություն կունենա ստանալու լավագույն կրթություն: Այս նախագծի նպատակով գալա ընթրիքին նվիրաբերվեց
$ 5 մլն:
Ավանի մյուս կարեւոր բաղադրիչը Սբ Թարգմանչաց եկեղեցու կառուցումն է, որը խորհրդանշում է ճանաչողության եւ հոգեւոր արժեքների կապն ու սրբոց Թարգմանչաց շարժման խորհուրդը, որն «Այբ»-ի ձեւավորման հիմքերում է: Այս նպատակով գալա ընթրիքի ընթացքում նվիրաբերվեց $ 1 մլն դոլարը:

Գալա ընթրիքի ժամանակ հայտարարվեց նաեւ մարզերում նոր դպրոցներ ստեղծելու ծրագրի համար առաջին $ 1 մլն նվիրատվության մասին:
Դրամահավաքի նպատակներից է ապահովել սոցիալական աջակցության ծրագրի շարունակականությունն «Այբ» ավագ դպրոցի աշակերտների համար, որոնց կրթությունը կազմակերպվում է «Արարատյան բակալավրիատ» ծրագրով՝ ապահովելով համապարփակ եւ արժեքահեն կրթություն:
Բացի վերոնշյալ ծրագրային $ 7 մլն-ից՝ երեկոյի ընթացքում կատարված նվիրատվություններն ու խոստումները կազմում են 167 մլն դրամ, որոնք կուղղվեն կրթավճարային ֆոնդի համալրմանն ու զարգացման այլ ծրագրերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: