Մահացել է Ֆրանցիսկոս Պապը - Mediamax.am

255 դիտում

Մահացել է Ֆրանցիսկոս Պապը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: 88 տարեկան հասակում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, հաղորդում են Reuters-ը ու France Press-ը՝ վկայակոչելով Վատիկանի պաշտոնական աղբյուրները:

Ֆրանցիսկոս Պապը հոսպիտալացվել էր ս.թ. փետրվարի կեսին բրոնխիտով, որն այնուհետեւ վերածվել էր երկկողմանի թոքաբորբի:

 

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Վատիկան էր վերադարձել մարտի 23-ին՝ հիվանդանոցում 38 օր մնալուց հետո:

 

Ապրիլի 20-ին նա մի քանի րոպե ողջունել էր հավատացյալներին Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից:

 

2024 թ. նոյեմբերին Վատիկանում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանցիսկոս Պապի հետ: Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին՝ հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։

 

2016 թվականի հունիսի 24-ին մեկնարկել էր Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան:

 

Ժամանելով Երեւան, նա, մասնավորապես, ասել էր.

 

«Խոնարհվում եմ Տիրոջը, որ հայ ազգը եղավ առաջինը 301թ., որն ընդունեց քրիստոնեությունը, մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հռոմում դեռ շարունակվում էին բորբոքվել հալածանքները: Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել զգեստ, որը կարելի է հագնել կամ հանել՝ պարագաների կամ առիթներով պայմանավորված, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգեւ՝ ուրախությամբ ընդունելի, ժրաջանությամբ եւ ուժով պահպանելի: Տերը թող օրհնի ձեզ հավատի այս օրինակելի պահպանման համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին