Ապրիլի 19-20 արշավները. Վերելք Գեղասար, արշավ դեպի Դեղձնուտի վանք եւ Օրգովի աստղադիտակ - Mediamax.am

586 դիտում

Ապրիլի 19-20 արշավները. Վերելք Գեղասար, արշավ դեպի Դեղձնուտի վանք եւ Օրգովի աստղադիտակ


Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` 4 Peaks Alpine Club

Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Լուսանկարը` «Խարույկ»


Մեդիամաքսն առանձնացրել է առաջիկա հանգստյան օրերի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:

 

Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:  

 

Ապրիլի 19 (շաբաթ)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Շիկաքար լեռ եւ Կոշաբերդ ամրոց

 

Ապրիլի 19-ին ակումբը հրավիրում է մասնակցել էքսպեդիցիոն արշավի դեպի Շիկաքար լեռ եւ Կոշաբերդ ամրոց։

 

Արշավը սկսվելու է նախկինում հունաբնակ, կոլորիտային Մադան գյուղից։ Սկզբում բարձրանալու եք Վիրահայոց լեռների գագաթներից մեկը՝ Շիկաքարը (1698 մ)։ Այնուհետեւ շարունակելու եք ճանապարհը դեպի Լոռվա միջնադարյան բերդերից մեկը՝ Կոշաբերդը, որը համանուն լեռան վրա է։

Լուսանկարը` Armenian Geographic

Բերդից բացվում է հրաշալի տեսարան դեպի Դեբեդի կիրճ, Հաղպատ եւ Ակներ գյուղերն ու Ալավերդի քաղաքը։

 

Երթուղու երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 900 մ։

 

Մանրամասները՝ հղումով։

 

Ակումբի մյուս երթուղները՝ այստեղ։

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Քայլարշավ Հավուց Թառից Գառնու տաճար

 

Շաբաթ օրը ակումբը մեկնում է Կոտայքի մարզի պատմամշակութային եւ բնական ժառանգությունը բացատահայտելու։ Արշավը սկսվելու է Ազատի կիրճից՝ Հավուց թառ վանական համալիրի ուղղությամբ։ Այն Խոսրով արգելոցում է, որտեղ աճում է մոտ 1849 բուսատեսակ, եւ ապրում 283 կենդանատեսակ։

 

Արշավի ընթացքում անցնելու եք միջնադարյան կամրջով՝ հասնելով Քարերի սիմֆոնիա։  

 

Երթուղին ավարտվելու է Գառնու տաճարի մոտ։ Դրա երկարությունը 12 կմ է։  

 

Մանրամասները՝ հղումով։

 

4 Peaks Alpine Club մանկապատանեկան լեռնային ակումբ. Վերելք Գեղասար լեռ

 

Ապրիլի 19-ն ակումբն անցկացնելու է Լոռիի գողտրիկ անկյուններից մեկում՝ Գեղասար լեռան գագաթին (1753 մ)։ Սուրբ Զատիկի օրվա առթիվ բնության գեղեցիկ գույներին գումարվելու են նաեւ գունավոր հավկիթները:

 

Այս արշավը հարմարեցված է արշավական փորձ չունեցող երեխաների համար եւ նրանց, ովքեր նախընտրում են հանգիստ ու հաճելի երթուղիներ:

Լուսանկարը` 4 Peaks Alpine Club

Քայլարշավի երկկողմանի երկարությունը 7,5 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 480 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Ապրիլի 20 (կիրակի)

 

ArmLand արշավական ակումբ. Արշավ դեպի Դեղձնուտի վանք

 

Ապրիլի 20-ին ակումբը հրավիրում է անտառային արշավի դեպի Դեղձնուտի վանք։ Այն Տավուշի մարզի Կիրանց գյուղից հարավ-արեւմուտք է՝ Աճարկուտ գյուղի մոտ: Վանքից բացվում է անտառածածկ լեռների համայնապատկերն, իսկ դրա դիմաց վեր է խոյանում պատմական Բերդաքարը՝ Մահկանաբերդի իշխանների երբեմնի ամրոցը։ Վանքը կառուցվել է 13-րդ դարում։

 

Երթուղու երկարությունը 21-22 կմ, հարաբերական բարձրությունը՝ 750 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ դեպի Աղջոց վանք

 

Կիրակի օրն ակումբն արշավելու է Խոսրովի արգելոցում՝ քայլելով դեպի Աղջոց միջնադարյան վանական համալիր։

 

Այն Գեղամա լեռների լանջերին է՝ դեպի Ազատի կիրճ իջնող ձորակում: Վանքը հայտնի է եղել նաեւ «Սուրբ Ստեփանոս Աղջոց վանք» անունով:

Լուսանկարը` Armenian Geographic

Արշավը սկսվելու է Գեղարդ գյուղի մոտակայքից։ Այստեղից սարեր-ձորերով հասնելու եք Գառնի։ Գրանցվեք նախապես եւ բաց մի թողեք Խոսրովի արգելոցի ծաղկած գարունը։

 

Երթուղու երկարությունը 22 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 800 մ։

 

Մանրամասները՝ հղումով։

 

Հատիս Տուր. Վերելք Գութանասար եւ Սեւ պատ

 

Ապրիլի 20-ին Հատիս Տուրն ուղեւորվելու է Կոտայքի մարզ՝ վերելք կատարելու Գութանասար լեռ (2299 մ): Սա հանգած հրաբխային լեռնագագաթ է: Գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Գեղամա, Ծաղկունյաց լեռնաշղթա եւ, իհարկե, Արարատ եւ Արագած լեռներ։ Գագաթում կտեսնեք նաեւ Գութանալիճը, որտեղից հետո կշարժվեք դեպի Սեւ պատ։

 

Մանրամասները՝ հղումով:

 

Ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Քայլարշավ Որոտանի կիրճում

 

Ապրիլի 20-ին ակումբը մեկնում է Սյունիք աշխարհի գանձերը ճանաչելու։ Արշավի ընթացքում կբացահայտեք «հայկական Մաչու Պիկչու» հիշեցնող Հին Խոտ, Հին Շինուհայր եւ Հին Հալիձոր գյուղատեղիները։ Քայլարշավի ողջ ընթացքում կանցնեք Որոտանի կիրճով՝ տեսնելով մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ, ժայռափոր ու քարանձավային տներ, կացարաններ, Ս. Ստեփանոս եկեղեցին, Կուսանաց անապատը։ Արշավի ողջ ընթացքում կվայելենք Բարգուշատի ձյունոտ լեռները։

 

Երթուղու երկարությունը 12 կմ է։

 

Մանրամասները՝ հղումով։

 

ԱՐԻ Խոխա. Արշավ Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ

 

Կիրակի օրն ակումբը 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների հետ արշավելու է Բյուրական-Օրգով-Տեղեր երթուղով:

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Արշավը սկսվելու է Բյուրականից, որտեղից իջնելու եք Օրգովի ձոր եւ քայլելու դեպի 54 մետր տրամագիծ ունեցող ռադիոդիտակ (ՌՕՏ 54): Այն չի գործում ավելի քան 30 տարի: Ռադիոդիտակից հետո քայլարշավը կշարունակվի դեպի 13-րդ դարի Տեղեր վանք:

 

Երթուղու երկարությունը 10 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:  

 

Ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:

 

«Խարույկ» արշավական ակումբ. Վերելք Դրախտիսար

 

Ապրիլի 20-ին ակումբն իրականացնելու է վերելք Դրախտիսար լեռ (2209 մ)։ Արշավը սկսվելու է Ելփին գյուղից, որտեղից Քարկատարի լեռների արեւմտյան լաջներով քայլելու եք մինչեւ լեռնաշղթայի ջրբաժանային հատված: Կարճ ընդմիջումից հետո բարձրանալու եք գագաթ, որտեղից բացվելու են չքնաղ տեսարաններ դեպի Քարկատարի եւ Գնդասարի լեռներ։

Լուսանկարը` «Խարույկ»

Արշավը միջին բարդության է։ Երթուղու երկարությունը 15 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 700 մ։

 

Մանրամասները՝ հղումով:

 

Գիտարշավ ակումբ. Քայլարշավ դեպի Ուլգյուր եւ Ճգնավորի մատուռ

 

Ապրիլի 20-ին ակումբն իրականացնելու է բացառիկ քայլարշավ Վայոց Ձորում՝ դեպի Ուլգյուր եւ Ճգնավորի մատուռ: Ուլգյուրը Մոմիկ վարդապետի ծննդավայրն է: Առաջին կանգառը լինելու է Ներքին Ուլգյուր հնավայրում, որտեղ կտեսնեք Սբ․ Աստվածածին եկեղեցին։ Բացի այդ կտեսնենք նաեւ հսկայական վիշապաքարեր, որոնք 11-րդ դարում վերափոխվել են խաչքարերի:

 

Երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 15 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին