Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 18-ին եւ 19-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թուրփանջյան հասարակական գիտությունների ինստիտուտը կհյուրընկալի "The South Caucasus Along Fault Lines: Regional and International Perspectives” (Հարավային Կովկասը խզումային խախտումների ներքո՝ տարածաշրջանային եւ միջազգային հեռանկարներ):
Գիտաժողովի ծրագիրը ներառում է հինգ թեմատիկ սեսիաներ եւ կլոր սեղան-քննարկում՝ կենտրոնացած կարճաժամկետ հեռանկարում խաղաղության հնարավորությունների վրա։
«Հարավային Կովկասը պատմականորեն եղել է եւ այժմ էլ հանդիսանում է ռազմավարական խաչմերուկ՝ կապելով Չինաստանը եւ Հնդկաստանը Արեւմտյան Ասիայի եւ դրան հարակից ծովերի հետ: Այսօր այն բարձր նշանակություն ունի տրանսպորտային եւ առեւտրային տարբեր նախագծերի համար, ի թիվս այլոց, որոնք սերում են Կենտրոնական Ասիայից, Չինաստանից եւ Հնդկաստանից», - նշված է ՀԱՀ-ի հաղորդագրության մեջ։
Գիտաժողովի թեմաներից են. տարածաշրջանում ժողովրդավարացման գործընթացները, հայ-ադրբեջանական հակամարտությունը, Հարավային Կովկասում Ռուսաստանի, Եվրամիություն, Միացյալ Նահանգների, Չինաստանի եւ Հնդկաստանի ազդեցության հարցերը, Հարավային Կովկասի պետությունների եւ դրանց հարեւան երկրների, մասնավորապես Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում առկա բարդ եւ փոփոխվող գործընթացները։
Գիտաժողովի բանախոսների թվում են Աթենքի համալսարանի պրոֆեսոր
Ջենգիզ Աքթարը, Ստամբուլի Կադիր Հաս համալսարանի պրոֆեսոր Մուստաֆա Այդինը, Վրաստանի համալսարանի պրոֆեսոր Շալվա Ձեբիսաշվիլին, CERI/Sciences Po (Փարիզ) համալսարանի հետազոտող Ալթայ Գոյուշովը, Հարվարդի համալսարանի Davis կենտրոնի ավագ հետազոտող Սթիվեն Ջոնսը, Իսլամական Ազադ համալսարանի (Թեհրան) պրոֆեսոր Ահմադ Քազեմին:
Միջոցառման բանախոսների եւ քննարկումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը եւ գիտաժողովի օրակարգը հասանելի է Թուրփանջյան հասարակական գիտությունների ինստիտուտի պաշտոնական կայքում։
Գիտաժողովի գրանցումը բաց է։ Կարող եք գրանվել՝ լրացնելով այս ձեւը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: