Նարեկ Ամիրխանյանի LLL «հակաֆեյսբուք» համայնքը - Mediamax.am

exclusive
1033 դիտում

Նարեկ Ամիրխանյանի LLL «հակաֆեյսբուք» համայնքը


Նարեկ Ամիրխանյանը
Նարեկ Ամիրխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Ամիրխանյանը
Նարեկ Ամիրխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Ամիրխանյանը
Նարեկ Ամիրխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Ամիրխանյանը
Նարեկ Ամիրխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը, ովքեր ցանկանում են շարունակաբար սովորել, կիսվել փորձով եւ ստեղծել նոր կապեր, կարող են միանալ Life Long Learners (LLL) համայնքին։

 

Այն հիմնադրել է Նարեկ Ամիրխանյանը՝ որպես Rearrange փոդքասթի շարունակություն։

 

Հարթակն առաջարկում է քննարկումներ, վարպետության դասեր, վեբինարներ՝ նպաստելով կրթությանը եւ համագործակցությանը։ Համայնքի անդամները կիսվում են հետաքրքրություններով, սովորություններով, մասնակցում արշավների ու մարզումների։ Համայնքը հնարավորություն է տալիս շփվել Rearrange-ի հյուրերի հետ, շարունակել զրույցը այն թեմաներով, որոնք հետաքրքրություն են առաջացրել փոթքասթը դիտելիս։  

 

LLL.network-ի հիմնադիր Նարեկ Ամիրխանյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում ներկայացրել է հարթակի գաղափարն ու կանոնները։

 

Փակ համայնքները «հակաֆեյսբուք» են

 

Rearrange-ի լսարանը փոդքասթի շարունակության պահանջ ուներ եւ մտածեցի փակ հարթակ ստեղծելու մասին, որտեղ մարդիկ կկարողանան շփվել մեր հյուրերի հետ, քննարկել իրենց հետաքրքրող թեմաներն ու հարցեր ուղղել։ Rearrange-ը միշտ միակողմանի եմ արել։ Հինգ տարի է, ինչ այն կա, եւ այս ընթացքում ընդամենը մեկ միջոցառում ենք ունեցել։ Լսարանի հետ երբեք շփում չի եղել, առավելագույնը՝ մեկնաբանությունների միջոցով։

 

Որոշեցի ստեղծել նոր հարթակ՝ սոցցանցերն օգտագործելու փոխարեն, որովհետեւ նրա համար, ինչ պատկերացնում էի, Facebook-ը, Telegram-ը կամ Instagram-ը բավարար գործիքներ չունեին։ Սոցցանցերն այլ նպատակի համար են։ Նաեւ կարծում եմ, որ փակ համայնքներն ավելի շատ «հակաֆեյսբուք» են։

Նարեկ Ամիրխանյանը Նարեկ Ամիրխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ համայնք ստեղծելու գաղափարն եկավ, սկսեցի հետազոտել ու հասկացա, որ այն իրագործելու համար բավարար տեխնոլոգիաներ կան։ Որոշեցի դիմել Հայաստանում համայնքաշինության լավագույն մասնագետներից մեկին՝ Մայիս Մարգարյանին, նա նաեւ՝ «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ի հիմնադիրն է։

 

Պարզվեց՝ հարթակի ստեղծման համար կատարյալ պահ եմ ընտրել, որովհետեւ Մայիսը պատրաստվում էր այդ թեմայով դասեր սկսել։ Գաղափարը քննարկեցինք, հետո մեզ նաեւ այլ գործընկերներ միացան ու ստեղծեցինք LLL.network-ը։

 

Համայնքի արժեքներն ու սկզբունքները

 

LLL-ն առանձին վեբկայք է, համայնքի անդամ դառնալ ցանկացողներին առաջարկվում է բաժանորդագրության երկու տարբերակ՝ ամսական եւ տարեկան։ Համայնքի վճարովի լինելն էլ իր բացատրությունն ունի՝ փորձում ենք հնարավորինս շատ առավելություններ տալ համայնքի անդամներին, կրթական վարպետության դասեր ու վեբինարներ, օնլայն եւ օֆլայն հանդիպումներ, արշավներ, գրքերի քննարկումներ, այլ միջոցառումներ, որոնք համայնքի անդամների համար անվճար են։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ նոր անդամը գրանցվում է, նամակ է ստանում Մայիսից, ով պատմում է հարթակի մասին, խնդրում է ներկայանալ։ Համայնքի անդամները պետք է հարգեն միմյանց, չվիրավորեն, այլապես կհեռացվեն։ Նոր անդամները կարող են ծանոթանալ մեր արժեքներին ու սկզբունքներին, որոնց թվում են՝ ազնվությունն ու թափանցիկությունը, հարգանքն ու բաց հաղորդագրությունը, հավասարությունն ու համագործակցությունը, հոգատարությունը, փոխօգնությունն ու կամավորությունը։ Կարեւորում ենք նաեւ անձնական տվյալների, նյութերի գաղտնիությունն ու պահպանումը։ Արգելվում է համայնքի որեւէ անդամի վերաբերող ինֆորմացիա հանրայնացնել կամ անձնական նամակագրությունը հանրային դարձնել։ Պարզ կանոններ են ու, բարեբախտաբար, դեռ չեն խախտվել, հուսով եմ՝ նման դեպքեր երբեւէ չեն լինի։

 

Համայնք նրանց համար, ովքեր չեն դադարում զարգանալ

 

Հարթակն իր կառուցվածքով պարզ է, մուտք եք գործում եւ անմիջապես տեսնում բոլոր բաժինները կամ «սփեյսերը»։ Վարպետության դասերի բաժում հետաքրքիր մասնագետներ ենք հրավիրում, «Live Rearrange» բաժինը հնարավորություն է տալիս ուղիղ կապի մեջ լինել մարդկանց հետ, ում տեսել եք փոդքասթում։ Առանձին բաժին ունենք գրքերի, կինոյի, երաժշտության համար, այստեղ համայնքի անդամները կիսվում են իրենց կարդացած, ապագայում կարդալիք կամ նոր գրքերով, սիրելի ֆիլմերով, երգերով ու ժամանցի համար օգտակար այլ ինֆորմացիայով։

 

Համայնքի անդամները նաեւ ակտիվորեն կիսվում են իրենց նախագծերով եւ համագործակցություններով, ինչի արդյունքում շատերը թիմակիցներ ու գործընկերներ են գտնում՝ նույնիսկ նոր բիզնեսներ սկսում։

Նարեկ Ամիրխանյանը Նարեկ Ամիրխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամիսը մեկ անգամ փորձում ենք իրական հանդիպում կազմակերպել, որոնք սովորաբար արշավի տեսքով են լինում։ Վերջին հանդիպումը մարտի 2-ին էր, գնացել էինք Դիլիջան՝ միասին սար բարձրանալու։ Մարդկանց համայնք է ձեւավորվել, ովքեր փորձում են անընդհատ իրենց վրա աշխատել, բաց են նոր գաղափարների, համագործակցության, նոր գիտելիք ստանալու համար։ Համայնքի անուն էլ հենց այդտեղից է եկել՝ «Life Long Learners»: Սա կոնցեպտ է, որը խորհրդանշում է մարդուն, ով իր ողջ կյանքի ընթացքում սովորում է։ 21-րդ դարում ուրիշ կերպ չես էլ կարող՝ ինֆորմացիան, տեխնոլոգիաներն այնքան արագ են փոխվում, որ եթե անընդհատ չսովորես, չթարմացնես գիտելիքդ, քո վրա չաշխատես, հետ կմնաս։

 

Փոքր, բայց զարգացող

 

LLL.network-ը դեռ գողտրիկ անկյուն է, որոնողական համակարգերում էլ չի երեւում, երբեմն միայն փոդքասթի ժամանակ եմ խոսում դրա մասին։ Համայնքը դեռ փոքր է, բայց զարգանում է օրգանիկ, հետաքրքիր ձեւով։ Այս պահին անդամների թիվը մոտ 150 է, նրանց թվում են նաեւ Rearrange փոդքասթի հյուրերը, որոնք ակտիվորեն մասնակցում են քննարկումներին։ Այս պահին հիմնականում համայնքն ընդգրկում է մարդկանց, ովքեր դրա մասին գիտեն փոդքասթի միջոցով կամ անձնական հրավեր են ստացել։

 

Համայնքի աճի հետ մեկտեղ հարթակը կզարգանա եւ որոշ փոփոխությունների կենթարկվի ըստ մասնակիցների հետաքրքրությունների։ Երբ անդամների թիվը հասնի 1000-ի, կմշակվեն նոր թեմատիկ բաժիններ։ Համայնքում սպորտով հետաքրքրվող շատ անդամներ կան եւ նրանց համար ստեղծել ենք «Սպորտ եւ առողջ ապրելակերպ» բաժինը։ Համայնքի անդամները միասին վազում եւ մարզվում են։ Եթե ապագայում, օրինակ, լինի 50-100 ծրագրավորող կամ մարքեթինգի մասնագետ, նրանց համար կկազմակերպվեն հատուկ թեմատիկ միջոցառումներ ու քննարկումներ։

Նարեկ Ամիրխանյանը Նարեկ Ամիրխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

LLL համայնքը ձեւավորվել է այնպես, ինչպես նախապես պատկերացրել էի։ Ի տարբերություն բիզնես նախագծերի՝ այստեղ չկա հիերարխիա եւ քննարկումներում բոլորը կարող են ազատ արտահայտվել, իհարկե, կանոնները հարգելով։

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին