Քար լռություն է, միայն գրչի ձայնն է լսվում թղթին սեղմվելու պահին։ Հետեւում ենք Մայայի ձեռքի շարժումներին։ Նա ճերմակ թղթին երկու նախադասություն է գրում՝ «Շնորհավոր Նոր տարի» եւ «Թող քո բոլոր երազանքները կատարվեն»։ Կալիգրաֆիստը (գեղագիր) վերջին տառին փոքրիկ մասնիկ է ավելացնում ու մենք խորը շունչ ենք քաշում։ Նկատելով մեր լարվածությունը՝ կատակում է, թե կալիգրաֆիա անելիս պետք է շնչել, որ չխեղդվես ու ձեռք չլարվի։
Մայա Պարակշիեւան Մեդիամաքսին պատմել է կալիգրաֆիայով հետաքրքրվելու եւ իր գործից հանգստություն սովորելու մասին։
Գրել գեղեցիկ
Ազգանունս հայկական չէ, բայց ես հայ եմ, նախնիներս Փորոքշյան են եղել։ Ընտանիքս երկար տարիներ Ռուսաստանում է ապրել, ես էլ ամռան ամիսներին գալիս էի Հայաստան: 14 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք այստեղ։
Տեղափոխվելուց հետո սկսեցի դպրոց հաճախել ու հայերեն սովորել։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեցի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժին։ Շեշտը դրված էր դասական կրթության վրա, բնորդներ էինք նկարում, նատյուրմորտներ։ Վերջին կորսերում ծանոթացա կալիգրաֆիայի հետ, դասախոսս Ռուբեն Մալայանն էր։ Դասերի ընթացքում հասկացա, որ կալիգրաֆիան նկարչություն չէ, մեր կուրսում բոլորն էլ լավ էին նկարում, բայց քչերը կարողացան կալիգրաֆիայով զբաղվել։ Նկարչությունը կարող է նպաստել, որ ձեռքդ վարժվի։ Միշտ գեղեցիկ ձեռագիր եմ ունեցել, ուսուցիչներս ասում էին, որ հաճույքով են տետրերս ստուգում։ Գրել շատ էի սիրում ու հետաքրքիր է, որ այն ինձ համար մասնագիտություն է դարձավ։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Կալիգրաֆիան» ( καλλιγραφία) հունարեն բառ է, որը նշանակում է «գեղագրություն»։ Ամենահին արվեստների թվում է, սկսել է զարգանալ այն ժամանակ, երբ գիրն է զարգացել։ Սկզբում Չինաստանում է զարգացել, հետո՝ Ճապոնիայում, ավելի ուշ նաեւ Եվրոպայում։ Հայաստանում գեղագրությունը սկսել է զարգանալ Վաղարշապատում։
Կենտրոնանալ գծի վրա
Գրելուց առաջ պիտի ընտրես ոճը, տառատեսակը, չես կարող բառի կեսից ոճը փոխել։ Կալիգրաֆիան կենտրոնացման մասին է։ Պետք է նստես ուղիղ մեջքով ու հանգիստ շնչես, թուղթը ճիշտ անկյան տակ դնես։ Սկզբում շատ ես կենտրոնանում ամեն ինչ ճիշտ անելու համար, հետո ինքնըստինքյան ստացվում է։
Պետք է կենտրոնանաս գծի վրա, եթե ուրիշ բան մտածես՝ սխալ կանես։ Հատկապես, եթե աշխատում ես մեծ ծավալի գործի վրա, որը չես կարող նորից սկսել, կենտրոնացումդ չպետք է թողես։ Եթե չես կարողանում կենտրոնանալ՝ կարող ես թանաքը շատ վերցնել ու ծորա, ձեռքով կպնել գրվածքին ու փչացնել։ Ուստի, եթե կենտրոնանալ չես կարողանում, ավելի լավ է այդ պահին չանես։ Ամեն տառ ունի իր գիծը, որից սկսում ես գրել, չես կարող այլ կետից սկսել միայն նրա համար, որ այդպես ես ուզում։ Կա հերթականություն, սկզբում այս գիծ ես անում, հետո մյուսը, որ տառը ճիշտ կառուցվի։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մի քանի տարի առաջ Հայաստանում ճապոնական կալիգրաֆիայի վարպետության դասի էի գնացել, վարողը ճապոնուհի էր եւ ասում էր, որ «ամեն ինչ բալանս է»։ Կալիգրաֆիան որոշ չափով ազդում է կյանքիդ վրա, որքան լավ ես կարողանում գրել, այնքան լավ էլ կյանքդ ես կառավարում։ Համբերատար ես դառնում, ինչը պետք է նաեւ առօրյա կյանքում։ Մենք սովոր ենք միաժամանակ մի քանի բան անել, իսկ կալիգրաֆիան սովորեցնում է կենտրոնանալ մի գործողության վրա, որ միտքդ կապիկի պես մի ծառից մյուսը չթռնի։
Լուսանկարը` Մեդիամաքս
Աշխատանքային տարբեր գործիքներ ունեմ, նայած ինչ տեխնիկայով եմ գրվածքն անելու։ Կան «բրաշ» գրիչներ, որոնք վրձնի ծայր ունեն, դրանցով, այսպես ասած, «խուճուճիկ» ֆոնտ է արվում։ Ուրիշ գրչով չես ստանա այդ ոճը։ Դասական տառատեսակներով գրելիս էլ օգտագործում եմ փետուրային ծայրով գրիչներ, որով կարող ես ստանալ հաստ ու բարակ գծեր։ Հաստ կամ բարակ գծեր անելու կամ հաստից բարակ գծի անցումը սահուն անելու համար ճիշտ անկյան տակ գրիչը սեղմում ես թղթին։ «Բրաշ» գրիչն ավելի մոդեռն ոճի գրվածքների համար է, իսկ փետուրային ծայրով գրչով կարող ես ստանալ տարբեր գրվածքներ, օրինակ՝ կալիգրաֆիայի մեջ ամենատարածված տառատեսակը, որից ինքս էլ սկսել եմ՝ «Իտալիկը»։ Իմանալով այս տառատեսակը՝ դրա հիմքի վրա կարող ես անսահման ստեղծագործել։ Կարեւոր է սովորել բազային տառատեսակները։ Եթե հիմքը չիմացար, չես կարող կալիգրաֆիա անել, ինչպես եթե նոտաները չիմացար, երաժշտություն գրել չես կարողանա։
Լուսանկարը` Մեդիամաքս
Տարբեր թանաքներ ու գույներ կան, որ կարող ես օգտագործել, ընտրությունը մասնագետին է։ Կան կալիգրաֆներ, որ սիրում են անգամ մի գրության մեջ տարբեր գույներ անել։ Ես սիրում եմ աշխատել սեւ, սպիտակ ու ոսկեգույն գունապնակով։
Գնահատել կալիգրաֆիայի բացառիկությունը
Վերջին տարիներին սկսել ենք ձեռագիր քիչ գրել, մարդիկ կան՝ տարիներով գրիչ չեն վերցրել ու այս ֆոնին կալիգրաֆիայի արժեքն ավելի է մեծացել։ Եթե պարզապես գեղեցիկ տառատեսակ ես ուզում, կարող ես համակարգչով էլ ստանալ, բայց այն նույնքան բացառիկ չի լինի, որքան կալիգրաֆիայի դեպքում։ Կալիգրաֆիստներին դիմում են տարբեր բացիկներ, գրություններ, լոգոներ պատրաստելու, ֆոնտեր ստեղծելու կամ պատերի վրա «արտ կալիգրաֆիա» անելու համար։ Ես էլ բացիկների, գրությունների պատվերներ եմ ստանում, տանը պատրաստում ու հետո հանձնում պատվիրատուներին, բայց աշխատանքի իմ ամենասիրելի ձեւը «կենդանի կալիգրաֆիան» է (Live Calligraphy), երբ բրենդը միջոցառում է կազմակերպում ու տեղում կալիգրաֆիստ է աշխատում, որը տարբեր իրերի վրա գրառումներ է անում, կարող են լինել բացիկներ, տուփեր։ Ինձ դուր է գալիս շփվել այն մարդկանց հետ, ում համար անում եմ գրվածքը։ Առաջին պատվերները սկսել եմ ստանալ 2019 թվականից։ Հիմա աշխատում եմ հայտնի բրենդների հետ, ինչպիսին են Chanel-ը, Jo Malone-ը, համագործակցում եմ նաեւ այլ՝ պարֆյում, զարդեր ու խմիչքների ներմուծող բրենդների հետ։ Նրանք գնահատում են կալիգրաֆիան, որովհետեւ այն ավելացնում է իրենց պրոդուկտների բացառիկությունը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս շրջանի համար անհատներից ու կազմակերպություններից ամանորյա բացիկների պատվերներ եմ ստացել, բայց անհատական պատվերների ժամանակ ամենից շատ մարդիկ ուզում են ունենալ անվանական բացիկներ, մարդիկ շոյվում են, երբ իրենց անունը գրում ես գեղեցիկ տառատեսակով։
Երեխաներին ծանոթացնել գեղագրության արվեստին
Եվրոպայում, Ասիայում շատ կալիգրաֆներ կան, իսկ Հայաստանում այս մասնագիտությունը տարածված չէ, դրա համար էլ, երբ ասում եմ, թե ինչ մասնագիտություն ունեմ, երբեմն կարիք է լինում բացատրելու նաեւ թե ինչով եմ զբաղվում։ Արձագանքները հետաքրքիր են, երբեմն ասում են՝ հեշտ է երեւում, բայց փորձել ենք, գիտենք, որ դժվար է։ Գեղեցիկ գրելու պրոցեսը մարդկանց հետաքրքրում է, որովհետեւ բոլորն էլ գրել գիտեն, ձեռագիրն էական չէ։ Արվեստի մյուս ճյուղերը, օրինակ՝ քանդակագործությունը, շատ հետաքրքիր է, բայց ամեն մեկը չի փորձել քանդակել։ Կարելի է ասել՝ կալիգրաֆիայով բոլորս էլ զբաղվել ենք, թեկուզ տառին մի պոչիկ ավելացնելով։
Լուսանկարը` Մեդիամաքս
Գիտական ապացույցներ կան, որ գրելն ազդում է ուղեղի բոլոր հատվածների վրա։ Երբ պարզապես ուղիղ նստած գրում ես, անգամ այդ պահին մարմնի շատ մկանները սկսում են աշխատել։ Ձախ կիսագունդը պատասխանատու է ուղիղ գծերի, աջը՝ գեղեցկության համար։ Այն պահին, երբ ուզում ես գեղեցիկ էլեմենտ անել, երկու կիսագունդն էլ աշխատում են, բացի այդ, ուղեղը ավելի լավ է հասկանում գեղեցիկ գրվածքը, վատ ձեռագրերով գրված տեքստերը վատ էլ ընկալվում են։
Եթե դպրոցներում սկսեն կալիգրաֆիա սովորեցնել կամ եկեղեցիներում երեխաներին ծանոթացնեն հին հայկական գրերին, գուցե Հայաստանում գեղագրությունը սկսի զարգանալ։ Ահռելի քանակությամբ նյութեր ունենք ցույց տալու։ Կալիգրաֆիան զարգացնելու ուղին երեխաներին փոքր տարիքից այդ արվեստին ծանոթացնելն է։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մի քանի տարի գրաֆիկ դիզայնով եմ զբաղվել ու հանկարծ այնպիսի պատվեր էի ստանում, որ կալիգրաֆիան օգտագործելու կարիք էր լինում։ Ամեն անգամ, երբ փորձել եմ այլ աշխատանքով զբաղվել, կալիգրաֆիան ինձ դեպի իրեն է քաշել։ Միշտ փորձում եմ հետեւել, թե ինչ են անում աշխարհում։ Այն, ինչ հիմա կարողանում եմ անել, ինքնազարգացման, գրքերի շնորհիվ եմ սովորել։ Հիմա նոր տառատեսակներ, նոր գործիքներով աշխատել եմ սովորում։ Ուզում եմ նաեւ հին գործիքներով աշխատել, որոնցով Հայաստանում գրքեր են գրել։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: