Երեւան: Մեդիամաքս: Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում բացվել է Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակը:
«Որպես հայ՝ ինձ համար մեծ նշանակություն ունի այս հուշակոթող-քանդակը։ Այն արտահայտում է մեր երախտագիտությունն Ավրորա Մարդիգանյանին եւ մեր ուրախությունը, որ նա վերջապես տուն վերադարձավ»,- ասել է թատերագետ եւ երգահան, «Ավրորա» նախաձեռնության ստեղծագործական խորհրդի նախագահ
Մարինե Ալեսը:
«Հուշակոթող-քանդակը նաեւ մեր հարատեւ հիշողության եւ հարգանքի խորհրդանիշն է: Ես խորապես հավատում եմ, որ մենք պատասխանատվություն ունենք հաջորդ սերնդի առաջ՝ փոխանցելու նրանց համամարդկային արժեքներ, հատկապես այսօր, երբ աշխարհը կանգնած է մեծագույն մարտահրավերների առաջ», - ավելացրել է նա:
Հուշակոթող-քանդակի հեղինակն իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսն է: Այն արտացոլում է Ավրորա Մարդիգանյանի կյանքը՝ նրա անցած ճանապարհը Ցեղասպանության վայրագությունների միջով եւ փրկությունն ԱՄՆ-ում: Քանդակի մի կողմում պատկերված են կանայք, որոնք տառապում են Դեր Զորի անապատի ճանապարհներին. նրանց թվում է երիտասարդ Ավրորան: Քանդակի ճակատային մասում նա առանձնանում է՝ որպես կին, որը հաղթեց մահն ու իր պատմությունը պատմեց աշխարհին՝ սերունդների համար դառնալով խիզախումի եւ վերապրումի մարմնացում:
«Այս քանդակի ստեղծումը բարդ եւ միաժամանակ խորապես ոգեշնչող մարտահրավեր էր, ուստի ինձ համար եւ խոնարհում, եւ պատիվ է ներկայացնել այն այսօր»,- ասել է Վիգեն Ավետիսը:
Բացման արարողությանը ներկա էին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, «Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը, UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր եւ Կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Խորհրդի անդամներ Աննա Աֆեյանը, Էրիկ Էսրայիլյանն ու Արման Ջիլավյանը, Երեւանի քաղաքապետարանի, Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: