Երեւան: Մեդիամաքս: Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում այսօր բացվել է «Մոսկվա-Երեւան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ Երեւանում» ցուցահանդեսը:
Այն նվիրված է Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 եւ թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակներին:
Ցուցահանդեսում ներկայացված է Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի յուրահատուկ ընտրանին: Ցուցադրության երկու սրահները ներառում են բազմաթիվ հայտնի նկարիչների գրաֆիկական եւ գեղարվեստական աշխատանքներ:
Ցուցահանդեսի շրջանակում երկու թանգարանների աշխատանքային համագործակցությամբ հրատարակվել է նաեւ պատկերագիրք, որը գիտահետազոտական աշխատանքի կարեւոր արդյունք է:
Պրոֆեսոր Աբրահամյանը հավաքել է «Արծաթե դարաշրջանի»՝ 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կերպարվեստի ստեղծագործություններ: Մեծանուն բժիշկը իր հավաքածուն նվիրել է Հայաստանին եւ 1984 թվականին Երեւանում բացվել է «Պրոֆ. Ա. Հ. Աբրահամյանի հավաքածու» թանգարանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: