Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առիթով Հայաստանի կենտրոնական բանկը թողարկել է արվեստագետին նվիրված ոսկե հուշադրամ։
Հուշադրամը Փարաջանովի թանգարանին հանձնելու արարողությունը կայացել է թանգարանների միջազգային օրը: Միջոցառմանը բանկի եւ թանգարանի աշխատակիցներից բացի ներկա են եղել նաեւ այցելուներ, որոնց թվում էր Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Միրոնովը։
Եվգենի Միրոնովը եւ Նեդա ԴալալյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը նշել է, որ 2024-ը հարուստ է հայ անվանի մշակութային գործիչների հոբելյարներով՝ Սերգեյ Փարաջանովի, Պարույր Սեւակի եւ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ամյակներն են։
Դավիթ Նահապետյանը Լուսանկարը` Մեդիամաքս
«Կենտրոնական բանկն այդ հոբելյաններից անմասը մնալ չէր կարող եւ մեր դրամագիտական թողարկումների ծրագրում նախատեսեցինք այդ 3 անվանի գործիչներին նվիրված ոսկե հուշադրամների թողարկումը։ Շնորհակալ ենք Փարաջանովի թանգարանի տնօրինությանը՝ մեզ օժանդակելու համար։ Հուշադրամի վերջնական տեսքն առանց նրանց մասնակցության այսքան հաջող չէր լինի։ Սերգեյ Փարաջանովին արժանին մատուցելու համար դեռ շատ բան ունենք անելու, սա այդ քայլերի ընդամենը մի փոքր մասն էր»,- ասել է Նահապետյանը։
Անահիտ ՄիքայելյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանն ընդգծել է, որ ոսկե հուշադրամն իր յուրահատուկ տեղը կունենա իրենց ցուցադրությունների շարքում։
«Թանգարանների միջազգային ու թանգարանի աշխատակիցների օրը մեզ համար կրկնակի տոն դարձավ, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Մեր թանգարանը եւս մեկ հետաքրքիր ցուցանմուշ ունեցավ, ինչը բազմաթիվ սերունդների համար ուսուցողական կլինի»,- նշել է նա:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հուշադրամի դիմերեսին պատկերված են դրվագ «Նռան գույնը» ֆիլմից եւ Փարաջանովի արձանը Կոմիտասի անվան պանթեոնում, իսկ դարձերեսին՝ նրա դիմապատկերը եւ դրվագներ մի քանի կոլաժներից։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Քանի որ մետաղադրամը շատ փոքր է, պետք էր ընտրել այնպիսի պատկեր, որը տպավորիչ եւ արտահայտիչ կլիներ։ Քանի որ Փարաջանովին ներկայացնում էինք որպես կինոռեժիսոր, օգտագործեցինք հատված նրա ամենահայտնի ֆիլմից ու պանթեոնում նրա արձանից: Կենտրոնական բանկի աշխատողները քրտնաջան աշխատանք են տարել դրամահատարանի հետ, որպեսզի նրա պատկերը հնարավորինս նման ստացվի»,- ասել է դիմերեսի էսքիզի հեղինակ, գրաֆիկ-դիզայներ Հարություն Սամուելյանը:
Հարություն ՍամուելյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Դարձերեսի հեղինակ դիզայներ Աննա Կուրղինյանն էլ ասել է, որ «փորձել եմ ընտրել ամենագեղեցիկ կոլաժները, չնայած Փարաջանովի բոլոր գործերն էլ տարբերվող են»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Կենտրոնական բանկը նաեւ անակնկալ էր պատրաստել. թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանի տիկնոջը՝ Նեդա Դալալյանին նվիրեցին Փարաջանովին նվիրված արծաթե հուշադրամ։ Դավիթ Նահապետյանն ասել է, որ Զավեն Սարգսյանին անձամբ ճանաչելու հնարավորություն չի ունեցել, բայց պարբերաբար հանդիպել է ԿԲ հյուրերին թանգարան ուղեկցելիս:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հիշում եմ, թե նա որքան մեծ սիրով ու նվիրում էր ներկայացնում ցուցանմուշները։ Զավեն Սարգսյանի նվիրումն ու սերը Փարաջանովի հանդեպ անթաքույց էին։ Գաղտնիք չէ, որ այս թանգարանը կայացավ նրա ջանքերի շնորհիվ։ Այս արծաթե հուշադրամը մեր նկարիչներին եւ կինոռեժիսորներին նվիրված առաջին թողարկումներից է։ Հուշադրամը շատ մեծ հաջողություն է ունեցել նաեւ միջազգային դրամագիտական ցուցահանդեսներում»,- ավելացրել է նա։
Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի


















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: