Մագազինո դել սալե 3 հասցեում՝ Վենետիկի պատմական ու պետության կողմից պահպանվող շենքերից մեկում, ապրիլի 20-ից կհնչեն մաշտոցյան շարականներն ու կցուցադրվի ֆրանսահայ ժամանակակից արվեստագետ Նինա Խեմչյանի արվեստը։
Լուսանկարը` Արմեն Եսայանցի
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ հոբելյանական բիենալեում Հայաստանն այս տարի ներկայանում է «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագծով՝ բաղկացած իրար լրացնող ու իրարից սերող բաղադրիչներով։
«Նինա Խեմչյանը զբաղվել է Մեսրոպ Մաշտոցի ժառանգության ուսումնասիրությամբ։ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կատարմամբ լսելով Մաշտոցի ապաշխարության շարականները՝ ոգեշնչվել եւ որոշել է, որ այդ ձայնը պետք է դառնա 11 կապույտ կավե քանդակներով, կերամիկական գնդերով նախագծի բաղադրիչը։ Այդ գնդերից յուրաքանչյուրի վրա ոսկե տառերով գրված է Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության շարականներից մեկը։
Լուսանկարը` Արմեն Եսայանցի
Երկրորդ մասը Նինայի «Յոթ մահացու մեղքեր» աշխատանքն է։ Դա ամբողջական 50 մետրանոց թղթե գլանակ է, որի վրա 7 մետրը մեկ մի մահացու մեղք է ներկայացված։ Հատուկ տեխնիկական լուծման շնորհիվ այդ սերպանտին թուղթը, կարծես, անկշռության մեջ կախված է օդում։ Նինա Խեմչյանն այս նախագծի համար նաեւ մի հավելյալ բաղադրիչ է ստեղծել՝ ոսկե գունդը՝ որպես մաքրության եւ հավերժության խորհրդանիշ։
Փորձել ենք համադրել մեղքի եւ ապաշխարության գաղափարը, բայց ոչ թե կրոնական, այլ՝ ավելի ընդարձակ, հոգեւոր իմաստով, ցույց տալ, որ տարբեր մշակույթներում եւ ենթամշակույթներում գոյություն ունի թե՛ մեղքի, թե՛ ապաշխարության գաղափարը»,-ասում է ազգային տաղավարի համադրող, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։
Լուսանկարը` Արմեն Եսայանցի
Հայաստանի ազգային տաղավարի այցելուները երկրային մեղքերի ոլորաններով անցնելու ու հասնելու են ապաշխարության տարածք, որտեղ հնչում են մաշտոցյան շարականներն ու կախված են այդ շարականները պատկերող գնդերը։ Վերջին սրահում ոսկե գունդն է՝ ինքնաճանաչողության, ինքնամաքրման վերջին հանգրվանը։
Ցուցադրության շրջանակում Մաշտոցի շարականների վինիլային սկավառակ է թողարկվել՝ Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ, հատուկ դիզայներական լուծումներով, կապույտի եւ ոսկու համադրությամբ։
Հայաստանի ազգային տաղավարի համակազմակերպիչն ու գլխավոր հովանավորը Գաֆէսճեան արվեստի կենտրոնն է։
Ժամանակակից արվեստի խոշոր այս միջոցառմանը, որ հայտնի է նաեւ «արվեստի օլիմպիադա» անվամբ, Հայաստանը մասնակցում է 1995 թվականից։ Հայաստանի ազգային տաղավարը, սովորաբար, տեղակայված էր լինում Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, Սուրբ Ղազար կղզում կամ Սուրբ Խաչ եկեղեցում։ Բայց շենքային վատ պայմանների պատճառով՝ վերջին տարիներին վարժարանում միջոցառումներ անելու սահմանափակում կա։
Լուսանկարը` Նինա Խեմչյանի
Արմեն Եսայանցը պատմում է, որ մի քանի ամիս ազգային տաղավարի տեղակայման վայր էին փնտրում։ 30 տարածք են դիտել, մինչեւ Վենետիկի գեղեցիկ արվեստների ակադեմիայի հետ համագործակցությամբ՝ ընտրել են աղի պահոցի նախկին շենքը, որը պատմական կարեւոր կառույց է եւ հիմնականում օգտագործվում է մշակութային միջոցառումների անցկացման համար։
Լուսանկարը` Արմեն Եսայանցի
Առաջին անգամ այս տարի հայկական տաղավարն ունենալու է նաեւ կրթական բաղադրիչ։
«Ծրագիրը կոչվում է «Հոգի-ձայն-պատկեր»։ Դրա միջոցով բացահայտելու ենք նախագծի տարբեր շերտեր։ Թե՛ վինիլային սկավառակի, թե՛ կրթական ծրագրերի համար 11 շարականները թարգմանել ենք անգլերեն, դրանք լինելու են նաեւ տառաձայնությամբ՝ տրանսլիտով, որպեսզի արտասահմանցի մասնակիցները կարողանան կարդալ այնպես, ինչպես հնչում է գրաբարում։ Այցելուների համար շրջայց ենք անելու, պատմելու ենք շարականների մասին, վերլուծելու, քննարկելու ենք։ Հետո շարականների ազդեցությամբ՝ նրանք ստեղծագործելու են շրջանաձեւ հատուկ թղթի վրա, որում տիեզերական միասնության գաղափարը կա։ Այս ծրագիրը բացման օրերին վարելու է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրենԼիզա Շիրինյանը՝ իմ եւ արվեստագետի մասնակցությամբ»,- պատմում է Արմեն Եսայանցը։
Լուսանկարը` Արմեն Եսայանցի
Հոբելյանական բիենալեի հիմնական ցուցադրության խորագիրն է «Օտարներ ամենուր»։ Արմեն Եսայանցն ասում է՝ թեեւ պարտադիր չէ, որ ազգային տաղավարները եւս լինեն նույն թեմայի շուրջ, բայց Նինա Խեմչյանի նախագիծը հետաքրքիր ձեւով կապվում է այդ թեմայի հետ։ Նինան հայազգի արվեստագետ է, որն ավելի քան 30 տարի ապրում ու ստեղծագործում է Ֆրանսիայում եւ այս նախագծով անդրադառնում է հայկական մշակութային ժառանգությանը։
«Բիենալեն շատ կարեւոր հարթակ է՝ խոսելու քո մշակութային ժառանգության մասին, հատկապես՝ որ այն այսօր շատ վտանգված է։ Այս նախագիծը շատ յուրահատուկ է, որովհետեւ առնչվում է 5-րդ դարի տեքստերին՝ արդիականության համատեքստում, ինչը եզակի երեւույթ է։ Եվ այս համաշխարհային տենդենցների պարագայում, երբ ամեն ինչ վտանգված է՝ քաղաքական, սոցիալական, էկոլոգիական, մշակութային իմաստով, նման նուրբ թեմաներին անդրադառնալը եւ դրանց շուրջ խոսելը կարող է շատ ազդեցիկ լինել լայն հանրության համար։
Լուսանկարը` Արմեն Եսայանցի
Ժամանակակից լինել՝ նշանակում է խոսել այնպիսի թեմաների շուրջ, որոնք ակտուալ են անկախ ժամանակից։ Ժամանակակից արվեստն ավելի շատ կոնցեպտի շուրջ է։ Նինայի դեպքում դա իր կոնցեպտուալ ընկալումն է այն հոգեւորի, որն ինքը ժամանակակից ձեւով վերաիմաստավորում է։
Բիենալեն տեւելու է 7 ամիս՝ ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը։ Հայկական տաղավարի բացումն ուղեկցվելու է Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի՝ շարականների կենդանի կատարմամբ։
Լուսինե Ղարիբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: