Լույս տեսավ Գիլանի եւ Այոմիի բարեգործական ալբոմը. օգոստոսին կսկսվի Գյումրիի երաժշտական դպրոցի շինարարությունը - Mediamax.am

6706 դիտում

Լույս տեսավ Գիլանի եւ Այոմիի բարեգործական ալբոմը. օգոստոսին կսկսվի Գյումրիի երաժշտական դպրոցի շինարարությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այսօր գերմանական edel ընկերությունը թողարկել է Իէն Գիլանի (Deep Purple) եւ Թոնի Այոմիի (Black Sabbath) հիմնադրած WhoCares սուպերխմբի բարեգործական ալբոմը, որի վաճառքից գոյացած միջոցները ուղղվելու են Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման համար:

Երկու CD-ներից բաղկացած ալբոմում ներկայացված են նախորդ տարի թողարկված Out Of My Mind եւ Holy Water երգերը, ինչպես նաեւ Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի նախկինում չթողարկված կամ հազվագյուտ երգերի հավաքածուն:

 

Առաջին CD-ի բովանդակության հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

Երկրորդ CD-ի բովանդակության հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին դպրոցին կփոխանցեն $‌ 15.000 ` որպես կանխավճար, իսկ մնացած գումարը կփոխանցվի սկավառակի վաճառքից հետո:

 

Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանն ու Հայ Օգնության Ֆոնդի Երեւանի գրասենյակի ղեկավար Բագրատ Սարգսյանն այսօր տեղեկացրել են, որ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությունը իրականացնելու առաջարկը հուլիսի 12-ին ուղարկվել է մի քանի շինարարական կազմակերպությունների:

Կազմակերպության ընտրությունը կկատարվի մինչեւ հուլիսի վերջ, եւ օգոստոսին դպրոցի շինարարությունը կմեկնարկի:

 

***

 

Այս պատմությունը սկսվեց 23 տարի առաջ:

 

1988թ. Սպիտակի երկրաշարժից մի քանի ամիս անց 24-ամյա Ջոն Դին Լոնդոնում նախաձեռնեց Rock Aid Armenia նախագիծը: Բրիտանացի ռոք-աստղերը ձայնագրեցին Deep Purple-ի Smoke on the Water երգը եւ օգնեցին թողարկել հատուկ սկավառակ, որի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվեց Հայաստանին:

 

2009 թվականին Մեդիամաքս-ը որոշեց երախտագիտություն հայտնել Rock Aid Armenia-ի մասնակիցներին եւ կապ հաստատեց Ջոն Դիի հետ, ով այժմ բնակվում է Ավստրալիայում եւ գլխավորում է Do Something կազմակերպությունը, որը հիմնել է մեծ թենիսի աստղ, Ուիմբլդոնի չեմպիոն Պէտ Քեշի հետ համատեղ: Քանի որ Ջոնն իր հերթին նախատեսում էր վերաթողարկել Rock Aid Armenia-ի Smoke on the Water ձայնագրությունը,  Մեդիամաքսն ու Do Something-ը որոշեցին համատեղել ջանքերն ու իրականացնել Armenia Grateful 2 Rock / Rock Aid Armenia նախագիծը: Նախագծի գլխավոր հովանավոր դարձավ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:

 

2009թ. հոկտեմբերին Մեդիամաքս-ը Հայաստան հրավիրեց Իէն Գիլանին Deep Purple-ից, Թոնի Այոմիին Black Sabbath-ից, Ջեֆ Դաունսին Yes/Asia-ից եւ Ջոն Դիին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրանք պարգեւատրվեցին Պատվո շքանշանով: Ավելի ուշ Բրայան Մեյը Queen-ից եւ Դէվիդ Գիլմորը Pink Floyd-ից իրենց Պատվո շքանշանները ստացան Մեծ Բրիտանիայի հայկական դեսպանատանը:

 

Իէն Գիլանը Հայաստանում:

Լուսանկարը` PanArmenian Photo

Հայաստան կատարած այցի ընթացքում Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսն ու Ջոն Դին այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որն առ այսօր տեղակայված է երկաթե տնակներում “դոմիկներում” եւ, չնայած տարրական պայմանների բացակայությանը, շարունակաբար պատրաստում է տաղանդավոր երեխաների:

 

Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ) երկար տարիներ աջակցել է դպրոցի անապահով սաներին: Դպրոցը վերակառուցելու հույսը հայտնվեց մոտ 5 տարի առաջ, երբ Գյումրի այցելեցին ամերիկահայ Էդվարդ եւ Ժանետ Մարդիգյանները` ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի ուղեկցությամբ: «Երբեք չեմ մոռանա այդ երեխաներին: Ամեն անգամ, երբ հիշում եմ նրանց կատարումները, աչքերիս արցունքներն են հայտնվում», - ասել է Ժանետ Մարդիգյանը: Նրանք երբեք չեն դադարել մտածել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի մասին:

 

Իէն Գիլանը Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի երեխաների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս
/>

Երեխաների կատարումը անտարբեր չթողեց նաեւ Իէն Գիլանին, Թոնի Այոմիին ու Ջեֆ Դաունսին: Նրանք Ջոն Դիի հետ համատեղ հայտարարեցին, որ կօգնեն վերակառուցել դպրոցը: Այս առիթով 2009թ. վերջին ՀՕՖ-ը, Մեդիամաքս-ը ու Do Something-ը եռակողմ համաձայնագիր ստորագրեցին:

 

2010թ. մարտին Մեդիամաքս-ը եւ Do Something-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ Երեւանում կազմակերպեցին Իէն Գիլանի ու Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երկու բարեգործական համերգ, ինչի շնորհիվ  45.000 ԱՄՆ դոլար փոխանցվեց դպրոցի վերակառուցման համար բացված հաշվեհամարին:

 

2 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ հավաքագրվել է մոտ 110.000 ԱՄՆ դոլար: Գումարի հավաքագրմանն իրենց մասնակցությունն են ունեցելնաեւ ՀՀ կառավարությունը, Ջեֆ Դաունսը, EMI Records եւ Orange Armenia ընկերությունները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւս խոստացել է աջակցել նախագծին` հատկացնելով 10 մլն դրամ:

 

2010թ. Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին հիմնեցին WhoCares ժամանակավոր սուպեր-խումբը` Գյումրիի դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով: 2011թ. մայիսին Edel Music-ը թողարկեց WhoCares-ի առաջին սինգլը երկու նոր երգերով` Out of My Mind եւ Holy Water:

 

 

Ս.թ. օգոստոսին Ջոն Դին ու ավստրալիական Ռայդ քաղաքի քաղաքապետ Արթին Էտմեկջյանը Հայ Առաքելական եկեղեցու ու Արքեպիսկոպոս Աղան Բալիոզյանի հովանու ներքո բարեգործական ճաշ կկազմակերպեն:

 

ՀՕՖ-ը վերջերս Մարդիգյան ընտանիքի Հիմնադրամին ներկայացրեց այս հետեւողական ջանքերը: Հաջորդ օրը Հիմնադրամը տեղեկացրեց ՀՕՖ-ին, որ կեռապատկի մինչ օրս հավաքագրված գումարը: Այս շռայլ նվիրատվությունը ՀՕՖ-ին, Մեդիամաքս-ին ու Do Something-ին հնարավորություն կտա սկսել նախագծի իրագործումը: Շինարարական կազմակերպության ընտրության մրցույթը կհայտարարվի մեկ ամսվա ընթացքում:

 

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման երազանքը մոտ է իրականություն դառնալուն: Մի առիթով Իէն Գիլանը այս դպրոցն անվանեց «մեծ խորհրդանիշ»: Իսկապես, 23 տարի առաջ ծնված այս նախագիծը, բարեգործության ու արվեստի համադրություն է, որի նպատակն է աջակցել տաղանդավոր երեխաներին:

 

«Ես անչափ երջանիկ եմ այս յուրահատուկ նախագծում ներգրավված լինելու համար` այն չափացանց թանկ է ինձ համար: Անհամբեր սպասում եմ, թե երբ է նոր դպրոցում երաժշտություն հնչելու», - ասում է Իէն Գիլանը:

 

Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին Հայաստանում:

Լուսանկարը` Մեդիամաքս
/>

«Ինձ համար պատիվ է օգնել Գյումրիի դպրոցի վերակառուցմանը: Երաժիշտ լինելով, ես հասկանում եմ, թե որքան լավ երեխաներ է պատրաստում դպրոցը` չնայած ծանր պայմաններին: Հուսով եմ, որ մեր CD-ի թողարկումը ոչ միայն միջոցներ կապահովի, այլեւ աշխարհին տեղյակ կպահի աջակցության կարիք ունեցող այս նախագծի մասին: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում ներդրած ջանքերի ու գումարների շնորհիվ հասել ենք այս փուլին», - ասում է Թոնի Այոմին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին