Արցախցի երեխաների համար մեկնարկում է «Թեւեր» ծրագիրը - Mediamax.am

1040 դիտում

Արցախցի երեխաների համար մեկնարկում է «Թեւեր» ծրագիրը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախից բռնի տեղահանված երեխաների վերականգնման, սոցիալական ադապտացման ու նոր հմտությունների ձեւավորման նպատակով մեկնարկել է «Թեւեր» ծրագիրը:

«Դեռ Արցախում «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել՝ մեղմելու երկարատեւ շրջափակման հումանիտար հետեւանքները Արցախի բնակչության համար: Գործակալությունը, հավատարիմ մնալով համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կողմից նախանշված առաքելությանն ու սկզբունքներին եւ կարեւորելով հատկապես արցախցի երեխաների հոգեկան եւ ֆիզիկական առողջության վերականգնումը շրջափակման եւ բռնի տեղահանման փորձություններից հետո, սկսել է «Թեւեր» ծրագիրը՝ մեր երեխաներին եւ նրանց  ծնողներին «թեւեր տալու» նպատակով»,- ծրագրի մեկնարկի միջոցառմանը նշել է նախագծի համակարգող Նարինե Աղաբալյանը:

 

«Թեւեր» ծրագիրն իրականացվում է IDeA պլատֆորմի, «Մենք ենք մեր սարերը» գործակալության եւ Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից: Այն նախատեսված է 4-18 տարեկան արցախցի երեխաների համար։ Առաջին փուլում ընդգրկված է Դիլիջանում բնակվող շուրջ 50 երեխա: Նախատեսվում է ծրագիրն իրականացնել հանրապետության բոլոր մարզերում:

 

Յուրաքանչյուր խմբի համար վեց շաբաթ տեւող ծրագիրն ուղղված է տարբեր մարզաձեւերի ու թերապիաների (լող, ֆուտբոլ, արտթերապիա եւ այլ) միջոցով  ֆիզիկական եւ հոգեբանական ուժերի վերականգնմանը եւ մտավոր ներուժի զարգացմանը (առաջնորդական եւ ձեռնարկատիրական հմտությունների ձեւավորում)՝ 12-18 տարեկան երեխաների համար:

 

Ծրագրում ներգրավված բարձրակարգ մասնագետները երեխաներին կօգնեն հաղթահարել տրավմատիկ իրողության հետեւանքները, արագ հաստատել նոր սոցիալական կապեր, հարմարվել նոր վայրին եւ լիարժեք կյանք վերադառնալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին