Միավորելով ջանքերը. ՀԲԸՄ-ի օգնությունը Արցախից բռնի տեղահանվածներին - Mediamax.am

exclusive
1404 դիտում

Միավորելով ջանքերը. ՀԲԸՄ-ի օգնությունը Արցախից բռնի տեղահանվածներին


Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ


Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) եւ World Central Kitchen-ը (WCK) միավորելով ջանքերը՝ սեպտեմբերի 28-ից սկսած Հայաստանի մի շարք մարզերում հումանիտար օգնություն են տրամադրում Արցախից բռնի տեղահանված հայերին: Համագործակցության շնորհիվ հումանիտար օգնության կետեր են բացվել Սյունիքի, Վայոց ձորի մարզերում եւ Երեւանում:

Լուսանկարը` ՀԲԸՄ

ՀԲԸՄ-ի եւ WCK-ի աշխատակիցներն ու կամավորները մինչ օրս տաք սննդի 63 155 չափաբաժին սնունդ եւ 100-ից ավելի սննդային արկղեր են պատրաստել եւ բաժանել մեր հայրենակիցներին:

 

Սնունդը բաժանվում է հյուրանոցներում, հիվանդանոցներում, դպրոցներում, ինչպես նաեւ մասնավոր բնակարաններում եւ տներում ապաստանած արցախահայերին: Բոլոր կետերում սնունդը պատրաստվում է տեղական ծագման բաղադրիչներով ու բաղադրատոմսերով:

Լուսանկարը` ՀԲԸՄ

ՀԲԸՄ-ն ստանձնել է ողջ նյութատեխնիկական ապահովումը՝ WCK-ին եւ կամավորներին տրամադրելով բոլոր անհրաժեշտ միջոցները՝ աջակցության կարիք ունեցողներին օգնության ձեռք մեկնելու համար:

 

ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանի խոսքով՝ Միությունը ներկայում երկարաժամկետ ծրագրեր է մշակում՝ Արցախից բռնի տեղահանված մարդկանց խնդիրներին կայուն եւ տեւական լուծում տալու համար:

 

«Երկարաժամկետ ծրագրերը կլինեն ՀԲԸՄ-ի նախաձեռնությունները, որոնց  մասին կհայտարարենք առաջիկայում, իսկ այս պահին չէինք կարող անմասը մնալ մեր հայրենակիցների հրատապ արձագանքման խնդիրների լուծմանը եւ դրա համար մյուս գործընկերների հետ այս կարճաժամկետ ծրագիրը նախաձեռնեցինք»,- նշել է Մարինա Մխիթարյանը:

Լուսանկարը` ՀԲԸՄ

ՀԲԸՄ-ի եւ WCK-ի թիմին միացած կամավորներից է ամերիկահայ Էմիլի Քալջյանը: Նա պատմում է, որ Գորիսում գտնվող կամավորները տաք, սննդարար կերակուրներ են պատրաստում Արցախից տեղաhանված հայրենակիցների համար:

 

«Խոհանոցներում աշխատող կանանց թվում նաեւ Արցախից բռնի տեղահանվածներ կան: Ինձ համար իսկապես անհավատալի է տեսնել, թե այստեղ ինչպես են մարդիկ համախմբվել, որպեսզի կարողանան օգնել Արցախից տեղահանվածներին, որոնք երախտապարտ են իրենց ցուցաբերած աջակցության համար: Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք այս աջակցությունը: Իրավիճակը հեշտ չէ, շատ-շատերը դեռեւս չգիտեն՝ որտեղ են ապրելու: Մարդիկ ակնհայտորեն ծայրահեղ խոցելի վիճակում են եւ ապագայում էլ օգնության կարիք կունենան: Այն ինչ-որ հիմա տրամադրվում է՝ տանիք եւ սնունդ, հիմնական կարիքների այս առաջին մակարդակն է, շատ կարեւոր է, որ նրանք հետագայում կարողանան ապաքինվել»,- ասում է Էմիլին:

Լուսանկարը` ՀԲԸՄ

Հայաստանից կամավորների թիմին իր ընկերների հետ միացած Գոհար Խաչատրյանն էլ ասում է. «Ընկերներիս հետ եկել էի Գորիս, որպեսզի տեսնեմ, թե ինչով կարող եմ օգնել այստեղ գտնվող մարդկանց: Արդեն երկու օր է միացել եմ ՀԲԸՄ-ի եւ WCK-ի կամավորներին: Աշխատում ենք խոհանոցում, անում ենք այն ամենն, ինչ այդ պահին անհրաժեշտ է, դասակարգում ենք ստացած սնունդը, ինչ-որ բաներ ենք կտրտում, պատրաստում, հետո դասավորում ուտելիքները տուփերի մեջ: Շատ տարբեր մարդիկ են միացել օգնելու՝ այդ թվում նաեւ դպրոցականներ, որոնք շատ նվիրված են աշխատում եւ փորձում յուրաքանչյուրն իր ուժերի չափով օգնել եւ օգտակար լինել»:

Լուսանկարը` ՀԲԸՄ

ՀԲԸՄ-ն արցախահայերին մարդասիրական օգնություն տրամադրում է ոչ միայն այս նախաձեռնությամբ, այլ եւս մեկ ծրագրով, որը մեկնարկել էր դեռ 2023 թվականի սկզբին: Նախաձեռնությունը կրում է «Բարեգործական ուրբաթ» (Giving Friday) անունը, որը մեկ գաղափարի շուրջ է համախմբել սփյուռքից ժամանած հայրենակիցներին: Ծրագրով հումանիտար օգնություն է տրամադրվում Հայաստանի տարբեր մարզերում ապրող Արցախից տեղահանված ընտանիքներին, ինչպես նաեւ տեղում բնակվող անապահով այլ ընտանիքներին:

Լուսանկարը` ՀԲԸՄ

«Բարեգործական ուրբաթ»-ի շրջանակում արդեն ավելի քան 20 երիտասարդ Կանադայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Սիրիայից, Եգիպտոսից եւ Լիբանանից Արարատի եւ Արմավիրի մարզերում 100-ից ավելի բազմազավակ եւ կարիքավոր ընտանիքների սնունդ, հագուստ եւ կենցաղային այլ պարագաներ են բաժանել: Այս ընթացքում ՀԲԸՄ-ի կամավորները յուրաքանչյուր ուրբաթ մեկնում են տարբեր մարզեր եւ սննդով ու առաջին անհրաժեշտության պարագաներով արկղեր են բաժանում Արցախից բռնի տեղահանվածներին:

 

Արփի Ջիլավյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին