Երեւան։ Մեդիամաքս։ Մատենադարանում այսօր մեկնարկել է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը:
Մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի շրջանակում Մատենադարանի թանգարանային մասնաշենքում բացվել է «Ներսես Շնորհալու ժառանգությունը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հայրապետի գրական ժառանգությունը եւ գործունեությունը։
Լուսանկարը` ԿԳՄՍ նախարարություն
Ցուցադրված ձեռագրերն անդրադառնում են Ներսես Շնորհալու ստեղծագործության տարբեր ոլորտներին` վիպասանական, բանաստեղծական, ներկայացնում են Շնորհալուն՝ որպես երգահան, աստվածաբան, տեսաբան, քարոզիչ եւ եկեղեցական մեծ գործիչ։
Լուսանկարը` ԿԳՄՍ նախարարություն
Ներկայացված են Մատենադարանում պահվող ձեռագրերը, ինչպես նաեւ Շնորհալու ամենահայտնի գործերից մեկի` «Հավատով խոստովանիմ» աղոթքի ձեռագիր եւ տպագիր օրինակ հմայիլներն ու հնատիպ գրքերը` տարբեր լեզուներով (անգլերեն, չինարեն, եբրայերեն եւ այլն):
Լուսանկարը` ԿԳՄՍ նախարարություն
Ցուցադրությունը կգործի մինչեւ ս.թ. դեկտեմբերի 31-ը։
Գիտաժողովի առաջին լիագումար նիստում հանդես են եկել Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթեւոսյանը՝ «Ներսես Շնորհալու ծննդյան թվականն ըստ իր եղբորորդի Գրիգորի հիշատակարանի», Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը՝ «Ս. Ներսէս Շնորհալի Մեկնիչը», Լեւոն արքեպիսկոպոս Զէքիեանը՝ «Շնորհալիի Էկումենական աստուածաբանութեան հիմնարար սկզբունքներն ու ընթացակարգը», Թեո Մաարտըն Վան Լինտը՝ «Աղօթք եւ բանաստեղծութիւն Ներսէս Շնորհալու գրուածքների մէջ «Յիսուս Որդի»-ի օրինակով, Կլոդ-Արմեն Մութաֆյանը՝ «Մլեհ, հաջողակ հայ իշխան մը», Ազատ Բոզոյանը՝ «ԺԲ դարի հասարակության կառուցվածքը ըստ Ներսես Շնորհալու թղթերի», Նազենի Ղարիբյանը՝ «Ներսես Շնորհալու հայրենասիրական գաղափարների արտացոլումը հայկական Ճաշոցում» թեմաներով:

















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: