2020 թվականի պատերազմից հետո Հայաստանին ու Արցախին սպառնացող գոյաբանական վտանգները ոչ միայն չեն նվազում, այլեւ օր օրի ավելանում են:
Բազմաթիվ մտածող եւ ոչ անտարբեր մարդիկ իրենց հարց են տալիս. «Ի՞նչ կարող եմ անել ես հայրենիքիս համար»: Պետական ինստիտուտների թուլության եւ քաղաքական ուժերի հանդեպ անվստահության պայմաններում, թվում է, որ շարքային քաղաքացուն հուսահատվելուց բացի այլ բան չի մնում: Բայց հատկապես վերջին շրջանում ծնվում են նախաձեռնություններ, որոնց հեղինակները՝ քաղաքական կամ հասարակական գործունեության փորձ չունենալով հանդերձ, փորձում են ինքնակազմակերպվել:

Լուսանկարը` Մեդիամաքս
Երկար տարիներ Հայաստանի սահմաններից դուրս գործունեություն ծավալած ձեռնարկատեր Արտաշես Իկոնոմովը եւ նրա կինը՝ Նինա Զաքոյանը, երկար մտորումներից հետո հանգել եմ մի ձեւաչափի, որն, իրենց կարծիքով, կարող է համախբել մարդկանց, որոնց համար մեկ չէ, թե ինչպիսին կլինի Հայաստանի վաղվա օրը:
Այդ ձեւաչափը ընտանեկան ակումբն է, որի անդամները (ոչ միայն ամուսինները, այլեւ չափահաս երեխաները) պարբերաբար հանդիպելու են՝ պետականաշինության հայեցակարգային խնդիրները քննարկելու համար:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Նշանակություն չունի, թե ակումբի անդամը ինչ քաղաքական հայացքներ ունի: Գլխավորն այն է, որ նա պետք է սիրի իր հայրենիքը, կրթված լինի եւ ձգտի ինքնակատարելագործման։ Ակումբի նպատակն է կառուցել եւ զարգացնել մեր հասարակությունն ու պետությունը՝ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար», - ասում է Արտաշես Իկոնոմովը:
Առաջին, «փորձնական» նիստում ակումբի անդամները քննարկում են հարցեր՝ կապված ակումբի գործունեության եւ հիմնարար մոտեցումների հետ: Նրանք
համաձայնում են, որ պետականաշինության ճանապարհին առաջնահերթ է հենց ինստիտուտների կառուցումն ու զարգացումը, որպեսզի ազգի ճակատագիրը չպայմանավորվի մեկ անձով:

Լուսանկարը` Մեդիամաքս
Քննարկումը միշտ չէ, որ հարթ է ընթանում, երբեմն նաեւ վեճեր են լինում, բայց մեկ հարցում ակումբի անդամները միակարծիք են. ««բոլորս մեր «ես»-ը պիտի մի կողմ դնենք ու «մենք» դառնանք»»:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ակումբի անդամները փորձում են խուսափել «էլիտաներ» բառից, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում այն, ցավոք, վարկաբեկվել է եւ այսօր ասոցացվում է ոչ թե «ազգի ընտրյալների», այլ ազգի հաշվին ապօրինի կերպով անհավանական հարստություններ դիզածների հետ: Այնուհանդերձ, ռազմավարական նպատակներից մեկը հենց «ազգի հայրերի» ինստիտուտի վերակենդանացումն է:

Լուսանկարը` Մեդիամաքս
Արտաշես Իկոնոմովը հատուկ շեշտում է, որ ակումբի աշխատանքի արդյունավետության կարեւոր նախապայման է եզրույթների հստակ սահմանումը՝ երկխոսության անհրաժեշտ հիմքերը ճիշտ դնելու համար: Նրա խոսքով, դա անհրաժեշտ է կենսունակ պետություն կառուցելու մեթոդներն ու սկզբունքները սահմանելու եւ գործողությունների ծրագիր մշակելու համար՝ հիմնված իմաստների եւ գործողությունների տրամաբանության եւ դրանց պատճառահետեւանքային կապի վրա: Հիմնարար եզրույթների ճշգրիտ սահմանումը նաեւ թույլ կտա խուսափել տարընթերցումներից եւ փոխըմբռնման լիարժեք թե´ ակումբի ներսում, թե´ հանրության հետ շփումներում:
Նախաձեռնության հեղինակները չեն թաքցնում, որ ակումբը կարող է ժամանակի ընթացքում տրանսֆորմացվել՝ իր շարքերը նոր անդամներ ընդունելով: «Սա կենդանի նախաձեռնություն է, որը կարող է փոփոխությունների ենթարկվել եւ հենց դրանում կարող է լինել ապագա հաջողության գրավականը՝ փորձել զերծ մնալ կարծրացած պատկերացումներից: Այն դժվարին իրավիճակը, որում գտնվում է Հայաստանն այսօր, ստիպում է ճկուն եւ ստեղծագործ լինել», - նշում են նրանք:
Հետաքրքրված ընտանիքները կարող են ակումբի անդամների հետ կապ հաստատել aznivevmtahog@gmail.com էլ. հասցեով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: