ԵՊՀ Պատմության ֆակուլտետը հայտարարում է գիտական աշխատանքների մրցույթ՝ նվիրված ԽՍՀՄ ակադեմիկոս, ականավոր հայագետ եւ պատմաբան Հակոբ Մանանդյանի հիշատակին: Ականավոր հայագետի 150-ամյակին ընդառաջ նրա ժառանգի՝ Էլեոնորա Մանանդյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ հայտարարված դրամաշնորհային մրցույթով ԵՊՀ Պատմության ֆակուլտետը նպատակ ունի խրախուսելու երիտասարդ գիտնականների ուսումնասիրությունները հայոց հին եւ միջնադարյան շրջանի պատմության ասպարեզում:
Մեդիամաքսը զրուցել է մրցույթի կազմակերպչական խորհրդի անդամների հետ եւ ներկայացնում է դրա նպատակն ու դիմելու կարգը:
Մրցույթի գաղափարը՝ որպես այսօրվա մարտահրավերի պատասխան
Էլեոնորա Մանանդյան, Հակոբ Մանանդյանի ծոռնուհին, մրցույթի գաղափարի հեղինակ եւ կազմակերպչական խորհրդի անդամ
Երբ խոսում եմ Հակոբ Մանանդյանի մասին, չնայած որ իր ժառանգն եմ, հպարտանում եմ դրանով ու փորձում արժանի լինել իմ ազգանվանը, այդուհանդերձ ինձ համար ամենակարեւորը ոչ թե իր գիտական ժառանգությունն է, ոչ թե իր ներդրումն է Հայաստանի պատմության ուսումնասիրման զարգացման մեջ, այլ այն փաստը, որ 100 տարի առաջ այդ ամբողջ աննկարագրելի փլատակներում, երբ որ ընդհանրապես հույս կարող էր չլինել, իրենք կարողացան համախմբվել ու ստեղծել Երեւանի պետական համալսարանը: Դրանով նրանք հիմք դրեցին ոչ միայն Հայաստանում կրթության եւ գիտության զարգացման, այլ նաեւ հետագայում անկախ պետականության ստեղծման համար, քանի որ անկախության հիմքում պետք է լինի քո ներդրումը աշխարհի ընդհանուր զարգացման մեջ: Եթե դու կարողանում ես ունենալ քո ուրույն դերն աշխարհի խճանկարում, այդ ժամանակ ես վաստակում գոյության իրավունք:

Մեզ համար այսօր եւ այստեղ՝ կանգնած ներկայիս մեծագույն մարտահրավերի առաջ, հենց դա է կարեւոր, այդ օրինակը, որ մենք կարող ենք ի հեճուկս այս ամբողջ դժվարությունների՝ նորից ամբողջ ներուժը դնել գիտության եւ կրթության զարգացման մեջ, եւ այդ ժամանակ մենք կունենանք ապագա:
Մրցույթի գաղափարը հենց դրանից ծագեց: Գիտության եւ կրթության զարգացման ուղղությամբ ուշադրությունը սեւեռելու համար որոշեցինք հայտարարել գիտական աշխատանքների դրամաշնորհային մրցույթ՝ ուսանողներին եւ երիտասարդ գիտնականներին խրախուսելով զբաղվել գիտությամբ:
Զարգացնելով Հակոբ Մանանդյանի հիմնադրած գիտաճյուղերը
Էդիկ Մինասյան. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Երկար տարիներ պատմության ֆակուլտետում ունեցել ենք Մանանդյանի անվան կրթաթոշակ, սակայն անկախության առաջին շրջանից հետո այն ընդհատվել է:

Վերջերս բացեցինք Հակոբ Մանանդյանի անվան լսարան: Սա խիստ անհրաժեշտ էր, որովհետեւ ականավոր հայագետ, պատմաբան, միաժամանակ նաեւ բանասեր Հակոբ Մանանդյանը հսկայական գիտական ժառանգություն է թողել մեզ՝ 50-ից ավելի մենագրություններ, 300-ից ավելի գիտական հոդվածներ:

Լուսանկարը` անձնական արխիվ
Հակոբ Մանանդյանը հսկայական ներդրում ունի համալսարանի կայացման եւ զարգացման գործում՝ առաջին հերթին որպես համալսարանի առաջին ռեկտոր: Պատմության ֆակուլտետի դեկանի ներկայիս աշխատասենյակն այն ժամանակ եղել է ռեկտորինը, այստեղ է 1921-1922 թվականներին աշխատել Հակոբ Մանանդյանը եւ այն պատմական լավագույն հուշարձանն է: Այս գրասենյակում մինչեւ այսօր առկա է նաեւ Մանանդյանի ջահը:

Լուսանկարը` Էլեոնորա Մանանդյանի անձնական արխիվ
Նշանավոր հայագետի աշխատությունները հին եւ միջնադարյան շրջանի աղբյուրագիտական նշանակություն ունեն, դրանք փաստացի պատմական ժառանգության վերհանումն են: Այս մրցույթով կփորձենք զարգացնել նաեւ այն գիտաճյուղերը, որոնց հիմքը հենց Մանանդյանն է դրել, հատկապես քննական պատմության ոլորտը:
Եվ որ ծնվեն նոր Հակոբ Մանանդյաններ
Էլեոնորա Մանանդյան. Նպատակն առաջին հերթին այն է, որ երիտասարդները սկսեն մտածել գիտության ոլորտում աշխատելու շուրջ, ոչ թե պարզապես սովորեն, հետո գնան ու մասնագիտությամբ չաշխատեն, ինչն այսօր, ցավոք սրտի, շատ տարածված է: Փորձեն սիրել իրենց մասնագիտությունը, արժեւորել իրենց մասնագիտությունը եւ արժեւորել մեր հարազատ հայրենիքի պատմությունն ու ըստ այդմ՝ կարողանան զգալ, որ դա միայն իրենց չէ պետք, եւ որ ամբողջ հասարակությունը գնահատում է դա:
Էդիկ Մինասյան. Ներկայումս ուսանողությունը հակված է ավելի շատ նոր եւ նորագույն շրջանի պատմության ուսումնասիրմամբ զբաղվել, հին եւ միջնադարյան շրջանների հետազոտությունները գրաբարի, լեզուների իմացություն են պահանջում, եւ այս ուղղությունները մեզ մոտ մի փոքր կաղում են: Ուստի, այս մրցույթով նաեւ կփորձենք խրախուսել այս գիտաճյուղերի զարգացումը: Նախաձեռնությունը լինելու է շարունակական, որպեսզի կարողանանք արդյունքներ ունենալ:
Էլեոնորա Մանանդյան. Երբ Հայոց պատմության ամբիոնի համար գրքեր էի ընտրում Մանանդյանի թողած ժառանգությունից, մի գիրք տեսա, որի վրայի մակագրությունից պարզ էր դառնում՝ Հակոբ Մանանդյանն այդ գիրքը նվեր էր ստացել դպրոցական տարիքում՝ որպես մրցանակ: Վրան գրված էր՝ թող այդ գիրքը խթան հանդիսանա, որ նա հետագայում զբաղվի գիտությամբ: Գուցե մեր մրցույթը եւս ոգեւորի երիտասարդներին ու օգնի դառնալ ականավոր գիտնականներ:
Մրցույթի մասնակցության կարգը
Հայկ Մխոյան. ԵՊՀ Պատմության ֆակուլտետի փոխդեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, մրցույթի կազմակերպչական խորհրդի անդամ
Ֆակուլտետը շատ շնորհակալ է այս նախաձեռնության համար, որովհետեւ հաճախ չեն հանդիպում մարդիկ, որոնք խրախուսում են գիտությունը: Շատերը մտածում են, որ գիտությամբ զբաղվելը շահութաբեր չէ, իսկ այս մրցույթով ցույց ենք տալիս հակառակը՝ կարելի է գրել մեկ հոդված եւ որոշակի գումար աշխատել:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մրցույթին մասնակցել ցանկացող ուսանողները եւ երիտասարդ գիտնականները պետք է ներկայացնեն իրենց գիտական հետազոտության ծրագիրը: Դրանից հետո մասնագիտական ժյուրին կընտրի այն ծրագրերը, որոնց հետազոտության իրականացումը նպատակահարմար կհամարի: Առաջին փուլի արդյունքով ընտրված ծրագրերի հեղինակները կներկայացնեն հոդված, որոնք կուղարկենք գրախոսության եւ դրա արդյունքով կընտրենք մրցույթի հաղթողին: Այս փուլին էլ կհաջորդի տպագրության գործընթացը, որ ոչ պակաս կարեւոր է:
Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ Պատմության ֆակուլտետում սովորող ուսանողները կամ երիտասարդ գիտնականները՝ առանձին կամ 2-4 հոգանոց աշխատանքային խմբով՝ այլ մասնագիտությունների երիտասարդ գիտնականների ընդգրկմամբ։ Աշխատանքները պետք է նվիրված լինեն անտիկ եւ միջնադարյան Հայաստանի պատմության հետեւյալ հիմնախնդիրներից որեւէ մեկին.
- նյութական եւ հոգեւոր մշակույթ,
- ռազմարվեստի պատմություն,
- պատմական աշխարհագրություն,
- տեղանվանաբանություն,
- պատմական ժողովրդագրություն

Հայտերի ընդունման փուլում ներկայացվող նախագիծը պետք է ունենա հետեւյալ բաժինները․
- Համառոտ բնութագիրը (անոտացիա)
- Ծրագրի նպատակները եւ խնդիրները
- Հետազոտական նախագիծը
- Իրականացման միջոցներ, մեթոդներ
- Օգտագործված գրականության ցանկ
Նախագիծը պետք է ունենա առավելագույնը 5 էջ ծավալ (12 տառաչափ, միջտողային հեռավորությունը 1․15)։
Ժամկետներ եւ մրցանակներ
Հայկ Մխոյան. Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023թ. մարտի 31-ն է: Ժյուրիի կողմից հայտերի հաստատման դեպքում մասնակիցները պետք է ներկայացնեն հոդված (2500-6000 բառ) մինչեւ ս.թ. հոկտեմբերի 31-ը։
Մրցույթի արդյունքները կհայտարարվեն ս.թ. նոյեմբերի 22-ին։
Մրցույթի հաղթողը կպարգեւատրվի դրամական մրցանակով՝ 300-500 հազար դրամի չափով՝ կախված հաղթող թիմի մասնակիցների քանակից, իսկ աշխատանքը կհրատարակվի: Եթե լավ աշխատանքներն ավելի շատ լինեն, հնարավոր է, որ դրանք եւս հրատարակվեն: Մասնակիցները կստանան նաեւ Մանանդյանի անվան հուշամեդալներ, պատվոգրեր ու մասնագիտական գրքեր:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել հistory@ysu.am կամ mxoyanhayk@ysu.am էլեկտրոնային փոստով։ Հարցերի դեպքում հետաքրքրվածները կարող են զանգահարել 060-710-601 հեռախոսահամարով։
Հայտարարությունն ուղարկելու ենք նաեւ մյուս համալսարաններին, ակնկալում ենք նաեւ մասնակցություն Արցախի պետական համալսարանից եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանից: Լիահույս ենք, որ կձեւավորվեն ինչպես միջմասնագիտական, այնպես էլ միջբուհական հետազոտական խմբեր:
Օրինակը, որ պետք է դառնա վարակիչ
Էլեոնորա Մանանդյան. Նախաձեռնելով այս մրցույթը՝ ուզում եմ նաեւ հորդորել մյուս բոլոր մարդկանց, որ իրենք էլ այս կամ այն ձեւով փորձեն նպաստել նման մրցույթների կազմակերպմանը տարբեր մասնագիտությունների տարբեր դաշտերում եւ դրանով նպաստեն ուսանողների ու երիտասարդների ներգրավմանը գիտության զարգացման մեջ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Սոնիա Թաշչյան. մրցույթի կազմակերպչական խորհրդի անդամ
Էլեոնորա Մանանդյանից տեղեկանալով այսպիսի նախաձեռնության մասին, որոշեցի ինքս էլ աջակցել դրա իրականացմանը, եւ շատ շնորհակալ եմ, որ նման առիթ ունեմ: Շատ ոգեւորիչ է մտածելը, որ երիտասարդները կուսումնասիրեն եւ նոր հիմքեր կստեղծեն ինչպես իրենց, այնպես էլ հանրության զարգացման համար:
Հայրենասիրութունը սկսվում է նաեւ հայրենաճանաչությունից, այնպես որ վստահ եմ՝ այսպիսի միջոցառումները կխթանեն, որ հայերը Սփյուռքում եւ Հայաստանում սկսեն այլ կերպ մտածել, այլ ձեւով ճանաչեն ու սիրեն մեր երկիրը: Դա նաեւ կնպաստի, որ այսօրվա հուսահատ վիճակից մարդիկ դուրս գան եւ հասկանան, թե մենք ինչ ազգի զավակներ ենք:
Պատմության արժեւորումը
Էլեոնորա Մանանդյան. Այսօր միջազգային մակարդակի մի շարք հետազոտություններ ապացուցում են, որ Հայաստանն է մարդկության բնօրրանը: Երբ ուսումնասիրում էի Մանանդյանի գրածները, մտածում էի, որ 19-րդ դարի վերջն ու 20-րդ դարի սկիզբն այնքան տխուր էին, որ հասկանալի էր՝ ինչու էին մեծ պատմաբանները փորձում ուսումնասիրել անտիկ շրջանը, երբ որ մենք մեծագույն դեր ունեինք: Հակոբ Մանանդյանը հսկայական աշխատանք է կատարել նաեւ Տիգրան Մեծի պատմության շուրջ եւ իր միջազգային դերի մասին:

Լուսանկարը` Էլեոնորա Մանանդյանի անձնական արխիվ
Ես վստահ եմ, որ եթե մենք շատ աշխատենք ու սովորենք առաջին հերթին սիրել մեր պատմությունը, արժեւորել մեր պատմությունը եւ արժեւորել մեր արմատները, այդ ժամանակ մենք շատ հետաքրքիր փաստերի առաջ կկանգնենք եւ կկարողանանք, ի վերջո, հպարտանալ մեր ազգով: Դրա համար ես կուզեի, որ երիտասարդ գիտնականները հետազոտություններ իրականացնեին հին ժամանակների հավատամքների, հին աստվածային պանթեոնի մասին: Ժամանակակից աշխարհում մեծ է հետաքրքրությունը նաեւ աստղագիտության նկատմամբ, ուստի հետաքրքիր կլիներ ուսումնասիրել հին Հայաստանի պատմության մեջ աստղագիտության դերը:
Մեր ժամանակներում կարեւոր աշխատանք է նաեւ Արցախի մասին միջազգային հին պատմիչների մոտ առկա հիշատակումների ուսումնասիրությունը:
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: