Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» հրատարակվել է հայերեն - Mediamax.am

2104 դիտում

Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» հրատարակվել է հայերեն


Աննա Կարապետյանը
Աննա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Կարապետյանը եւ Բեդրիխ Կոպեցկին
Աննա Կարապետյանը եւ Բեդրիխ Կոպեցկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարել Հանսան
Կարել Հանսան
Կարել Հանսան
Կարել Հանսան

Չեխ գրող ու ճանապարհորդ Կարել Հանսան 1922-ի ամռան սկզբին մերժված սիրո պատճառով որոշում է ամեն ինչ մոռանալու համար ճանապարհորդել:

 

Պրահայից հասնում է Բրատիսլավա, ապա Կ. Պոլիս, Զմյուռնիա, հետո Հալեպ ու Բեյրութ: Այդ ժամանակ էլ Առաջին աշխարհամարտին մասնակցած Հանսան հասկանում է, որ կան վայրեր, որտեղ պատերազմը դեռ չի ավարտվել:

 

Հայերի մասին գրեթե ոչինչ չիմացող 32-ամյա չեխ երիտասարդը առերեսվում է իրականությանն ու տեսնում, թե ինչպես են նրանք բնաջնջվում թուրքերի կողմից:

 

Վերադառնալով Չեխիա՝ նա սկսում է գրքեր գրել, որոնցից «Արեւելքի արհավիրքները» վերջերս թարգմանել է «Օրեր» համաեվրոպական ամսագրի համահիմնադիր, Պրահայի Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դոկտորանտ Աննա Կարապետյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում կայացած միջոցառման ժամանակ Մեդիամաքսը զրուցել է Կարապետյանի եւ Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկու հետ: Վերջինս Կարապետյանին առաջարկել է գրքի շնորհանդես կազմակերպել նաեւ Պրահայում:

 

Գիրքը թարգմանելու գաղափարը

 

«Արեւելքի արհավիրքները» գիրքը սկզբնաղբյուրի արժեք ունի ու դրանում տեղ գտած պատմության մասին պարտավոր են իմանալ նաեւ հայերը: Աննա Կարապետյանը նշում է, որ միսիոներների պատմածները պարբերաբար թարգմանվում են, անգլերեն լեզվով վկայություններն ավելի հասանելի են, սակայն չեխերեն իմացողների թիվը հայերի շրջանում շատ քիչ է: Ահա թե ինչու է նա որոշել Կարել Հանսայի աշխատությունը ներկայացնել հայկական շրջանակներին:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երբ որոշեցի թարգմանել Կարել Հանսեի գիրքը, պարզապես մտածում էի զուտ թարգմանության մասին, բայց ընթացքում զգացի, որ հսկայական աշխատանք ունեմ անելու: Նա խմբագիր չի ունեցել, ինչի պատճառով վրիպակներ կան ու եթե դրանք թողնեի, ճիշտ չէր լինի: Կատարեցի նշումներ, ծանոթագրություններ, որոնք շուրջ 600-ի են հասնում, կան դեպքեր, երբ նա հայերեն անունները թարգմանել է, դրանք հստակեցրի:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօր իմ առջեւ խնդիր եմ դրել «Արեւելքի արհավիրքները» վերահրատարակել ժամանակակից չեխերենով ու ավելացնել այն բոլոր ծանոթագրությունները, որոնք կան հայերեն թարգմանության մեջ: Հավանաբար, գիրքը կունենա նաեւ անգլերեն տարբերակ»:

 

Հայ ժողովրդի բարեկամները

 

Գիրքը կազմողների մոտ կասկածներ են եղել՝ արժե՞ արդյոք այս օրերին կազմակերպել շնորհանդես: Միմյանց հետ խոսելուց ու քննարկելուց հետո հասկացել են, որ հարկավոր է միջոցառումը կազմակերպել ու գիրքը ներկայացնել մարդկանց:

 

«Հատկապես այս ծանր օրերին պետք է հասկանալ, որ մենք, այո, ունեցել ենք եւ այսօր էլ ունենք այսպիսի բարեկամներ, որոնց չպետք է մոռանալ: Չեխիայում մեր ժողովրդի բարեկամները բազմաթիվ են: Մենք պարտավոր ենք գնահատել նրանց»:

 

Ինչպես Կարել Հանսան կապվեց հայերի հետ

 

Ճամփորդության ժամանակ, երբ Հանսայի գումարը սպառվում է, աշխատում է շինարարությունում, ապա հանդիպում է ամերիկյան «Մերձավոր Արեւելքի նպաստամատույցի» աշխատակից Վահան Մելիքյանին, որի շնորհիվ էլ հայտնվում է կառույցում: Այստեղ նա արձանագրում է որբերի մասին տեղեկությունները:

 

Աշխատանքի շնորհիվ տեսնում է բռնագաղթյալ հայերի կացարանները, լսում ցեղասպանությունից փրկվածների պատմությունները, լուսանկարում դեպի Հալեպ ու Բեյրութ գնացող որբերի քարավանները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Զմյուռնիայում լինում է 1922-ի ամռանը, երբ այնտեղ ջարդերը դեռ չէին սկսվել, սակայն զգում է, որ մեծ արհավիրք է լինելու:

 

Նա մասնակցում է հայ որբերի փրկության Նպաստամատույցի աշխատանքներին, նրանցից հարյուրավորներին Ուրֆայից ու Խարբերդից սահմանային Ջարաբուլուսում դիմավորում է ու հասցնում անվտանգ կացարաններ:

 

«Հալեպում նա առաջին անգամ տեսնում է մի կտոր հացի համար միմյանց հետ կռվող ծնողազուրկ քրիստոնյա մանուկների: Այստեղ է, որ մերժված սիրուց արկածներ որոնողից նա վերածվում է մեկի, ով սկսում է հասկանալ, թե որքան չնչին են իր խնդիրները», - ասում է Աննա Կարապետյանը:

 

Տունդարձի ճանապարհին Բեյրութ է ուղեկցում հայ ամենափոքր որբերին եւ հյուրընկալվում «Մերձավոր Արեւելքի նպաստամատույցի» գրասենյակում: Դեպի Պրահա ճանապարհին ուղեկցում է նաեւ 896 հույն որբերի:

 

Հսկայական աշխատանքը Չեխիայում

 

6 ամիս ճամփորդելուց հետո Կարելը հասնում է Պրահա: Սուրբ Ծննդի տոներից անմիջապես հետո սկսում է դասախոսություններ կարդալ: Երբ տեսնում է, որ հայերի ողբերգության մասին ոչինչ չիմացող չեխերի մոտ որքան հարցեր կան, որոշում է գիրք գրել:

Կարել Հանսան Կարել Հանսան

 

«Արեւելքի արհավիրքները» առաջին անգամ հրատարակվում է 1923 թ. Բերոունում: Շապիկին Փարիզում լույս տեսած բացիկի դիմերեսն է, որի հեղինակը Սերգեյ Սոլոմկոն է: Հանսան դրանից բազմաթիվ թվով առել ու բաժանում էր շատերին:

 

Նա Կարմիր Խաչի աջակցությամբ հիմնում է «Հանսայի ֆոնդը»՝ ի նպաստ հայ որբերի:

 

Աննա Կարապետյանը նշում է, որ գիրքը գրելու ժամանակ «ցեղասպանություն» տերմինը դեռ չկար եւ Հանսան իր գրքի մեջ օգտագործում է «բնաջնջել» բառը:

 

«Նա պատերազմի մասնակից էր ու գիտեր, թե ինչ է այն: Իր ճամփորդության ժամանակ հստակ գիտակցեց, որ հայերի ու հույների հետ տեղի ունեցողը պատերազմի հետ ոչ մի կապ չունի»:

Կարել Հանսան Կարել Հանսան

 

Դասախոսություններ կարդալուց, դրամահավաքներ կազմակերպելուց բացի, Հանսան հասնում է նրան, որ Չեխոսլովակիայի կառավարությունը 50 հայ ուսանողի լիակատար թոշակ է նշանակում:

 

1923-ին իր տանը հյուրընկալում է Ալեքսանդր Խատիսյանին, որը նաեւ դասախոսություններով է հանդես գալիս: Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ նացիստական Գերմանիան գրավում է Չեխոսլովակիան, «Հանսայի ֆոնդը» բռնագրավվում է, իսկ գրողի գրքերն արգելվում են:

 

Հանսայի դերը Չեխիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցում

 

«Արեւելքի արհավիրքները» գրքի թարգմանիչը փաստում է, որ Ցեղասպանության մասին ոչինչ չիմացող չեխական մամուլը հենց Հանսայի շնորհիվ սկսեց հրապարակումներ տպագրել հայերի մասին:

 

«Մենք շատ աշխատանքներ ենք տարել, որպեսզի Հանսայի ստեղծագործությունները Չեխիայում տարածվեն ու ավելի շատ մարդ իմանա դրանց մասին: Նաեւ հենց Հանսայի գրքերի՝ «Արեւելքի արհավիրքների» եւ «Դեգերումներ արեւելքով...»-ի շնորհիվ նրա մահից տարիներ անց Չեխիայի վերին եւ ստորին պալատներն ընդունեցին ու դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը»:

 

Գրող, ճանապարհորդ եւ հումանիստ

 

Կարել Հանսան, ինչպես նաեւ նրա եղբայրերը, չեն ամուսնացել ու ժառանգներ չունեն: Հայերեն գրքի ստեղծագործական թիմը Չեխիայում բազմաթիվ  հայտարարություններ է տվել, որպեսզի գտնի նրա բարեկամներին: Կարապետյանի հետ կապվել են գրողի ավագ քրոջ թոռնուհին ու նրա ամուսինը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«1967-ին մահվան լուրն առնելով՝ քույրերը մեկնում են Պրահա, որտեղ գրողի տունը թալանված են տեսնում: Անհետացել էին նաեւ ճամփորդության ժամանակ արված բազմաթիվ լուսանկարները: Հանսայի աճյունասափորն ամփոփված է Չեսկե Բուդեյովիցեի ընտանեկան գերեզմանոցում: Արեւելք կատարած այցից հետո նա միշտ «գրող, ճանապարհորդ» էր ստորագրում, մենք այդ բառերին ավելացրել ենք եւս մեկը՝ հումանիստ»:

 

Այսօրվա Չեխիայի վերաբերմունքը Կարել Հանսային

 

Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին կարեւորում է նման ձեւով երկու ժողովուրդների միջեւ կապը: Նա նշում է, որ պատմական ճշգրիտ այսպիսի վկայությունների շնորհիվ ազգերը պետք է իմանան միմյանց պատմությունը:

Աննա Կարապետյանը եւ Բեդրիխ Կոպեցկին Աննա Կարապետյանը եւ Բեդրիխ Կոպեցկին

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հանսան առաջին չեխն էր, որ գրեց Հայոց ցեղասպանության մասին: Նա շատ ակտիվ գործունեություն է ծավալել եւ երբ այցելել է տարածաշրջան, ցնցվել է այն ամենից, ինչ կատարվում էր այնտեղ: Նա չբավարարվեց միայն գիրք գրելով ու հայ ժողովրդի պատմությունը ներկայացնելով, այլ նաեւ կոնկրետ օգնություն ցույց տվեց, հատկապես՝ որբերին: Կարել Հանսան յուրահատուկ ձեւով միմյանց է կապել հայ եւ չեխ ժողովուրդներին», - նշում է դիվանագետը:

 

Հայերեն գիրքը հասանելի է բոլորին

 

Աննա Կարապետյանը Չեխիայից իր հետ բերած տասնյակ գրքերը բաժանել է գրադարաններին: Տպագրված 1 000 օրինակները Հայաստանում չեն զուտ տեխնիկական պատճառներով: Սպասում է, որ դրանք կտեղափոխվեն այստեղ ու հասանելի կդառնան բոլոր ցանկացողների համար:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արեւելքի արհավիրքները», իսկապես, լրիվ նոր աղբյուր է: Հեղինակը հրաշալի ներկայացնում է ամեն ինչ՝ հայերի պատմության սկզբից մինչեւ իր տեսածը: Եթե զգանք, որ պահանջարկը մեծ է, կրկին կվերատպենք: Ավելացնեմ, որ ծրագրում ենք թարգմանել նաեւ Հանսայի մյուս գիրքը՝ «Դեգերումներ արեւելքում...»-ը, որը եւս հսկայական տեղեկություններ է տալիս մեր պատմության մասին»:

 

Փառահեղ է ապրել ի բարօրություն այլոց՝ հանրությունից յուրաքանչյուր մեկի համար: Հարկ է, որ ներողամտության հիմունքները սերտելն ու սփռելը, ինչպես նաեւ այլոց ծառայելն իբրեւ իր կյանքի կանոնակարգ ընդունելն ամեն մարդու հանձնառությունը լինի»:

 

Կարել Հանսա

 

Գոհար Նալբանդյան

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին