Իյեն Ռոբերթսոն. Հայ ժամանակակից արվեստը հանրահռչակման կարիք ունի - Mediamax.am

exclusive
4058 դիտում

Իյեն Ռոբերթսոն. Հայ ժամանակակից արվեստը հանրահռչակման կարիք ունի


Լուսինե Ղարիբյանը զրուցում է Իյեն Ռոբերթսոնի հետ
Լուսինե Ղարիբյանը զրուցում է Իյեն Ռոբերթսոնի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Իյեն Ռոբերթսոնը
Իյեն Ռոբերթսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Իյեն Ռոբերթսոնը
Իյեն Ռոբերթսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իյեն Ռոբերթսոնը
Իյեն Ռոբերթսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Իյեն Ռոբերթսոնը
Իյեն Ռոբերթսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Իյեն Ռոբերթսոնը
Իյեն Ռոբերթսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս


2022թ. մայիսի վերջին Երեւանում անցկացվեց ժամանակակից արվեստի Armenia Art Fair-ը։ Հայաստանի, Կովկասի եւ այլ տարածաշրջանների արվեստագետներ ներկայացրեցին իրենց աշխատանքները, իսկ հավաքորդներն ու արվեստասերներն արվեստի գործեր գնելու հնարավորություն ստացան։

 

Արվեստի տոնավաճառի ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի ժամանակակից արվեստի մասին առաջին անգլերեն գրքի՝ «A Pathway Through  Modern and Contemporary Armenian Art» ( «Հայ ժամանակակից արվեստի ուղեցույցը» ) շնորհանդեսը։ Հեղինակն արվեստի զարգացող շուկաների մասնագետ, Sotheby’s արվեստի ինստիտուտի պատվավոր անդամ Իյեն Ռոբերթսոնն է։ Գրքի ստեղծմանը մասնակցել է Հայաստանի ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր եւ առաջին նախագահ Նազարեթ Կարոյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատկերազարդ ուղեցույցը  հրատարակել է «Armenia Art Fair» արվեստի հիմնադրամը՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ։ Այն  ընթերցողին է ներկայացնում ընդարձակ ներածություն հայ ժամանակակից արվեստի զարգացման վերաբերյալ՝ ընդգծելով դրա ներդրումը միջազգային մոդեռնիզմի եւ համաշխարհային ժամանակակից արվեստի վերջին զարգացումներում։

 

«Գիրքը չի հավակնում ներկայացնել այս դարաշրջանում ստեղծագործող հայ արվեստագետների սպառիչ ցանկը: Մենք հույս ունենք, որ այն կնպաստի հայ ժամանակակից արվեստի ավելի լայն հանրային ճանաչմանն ու քննարկումներին, ավելի շատ գրքերի ստեղծման սկիզբ կլինի, կբարձրացնի հայ ժամանակակից արվեստի հեղինակությունը՝ որպես միջազգային այս ժանրում ասելիք ունեցող կարեւոր դերակատարի»,- ասում «Armenia Art Fair» արվեստի հիմնադրամի համահիմնադիր եւ տնօրեն Զառա Ուզունյան-Հալփինը։

Իյեն Ռոբերթսոնը Իյեն Ռոբերթսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իյեն Ռոբերթսոնի առաջին ծանոթությունը հայ արվեստին 2017-ին է եղել՝ Լիբանանում՝ Պոլ Կիրակոսյանի ցուցահանդեսին։ Հետո նրան հրավիրել են դասախոսելու Armenia Art Fair-ին։  

 

«Հայ արվեստն ինձ հետաքրքրում է, որովհետեւ չհամակարգված եւ շատ հում նյութ է։ Հայկական արվեստի շուկայում շատ քիչ են անգլերեն եւ ֆրանսերեն նյութերը, հիմնականում դրանք հայերեն են՝ հայերի համար։ Ես փորձում եմ հայ արվեստը միջազգայնորեն ճանաչելի դարձնել, որպեսզի այն զուտ հայկական երեւույթ չմնա։ Հայ արվեստը լավ որակ, բովանդակություն ունի, միայն անհրաժեշտ է համախմբել, գրացուցակ՝ կատալոգ կազմել եւ արվեստի միջազգային շուկա հանել»,- Մեդիամաքսին ասել է Իյեն Ռոբերթսոնը։

Իյեն Ռոբերթսոնը Իյեն Ռոբերթսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առանձին գլուխներով հեղինակները ներկայացրել են, թե ինչպես են Հայաստանի քաղաքական եւ սոցիալական արտաքին գործոններն ազդել արվեստի էկոհամակարգի վրա, անդրադարձել են հայ արվեստին՝ 1980 թվականից մինչեւ մեր օրերը, սփյուռքի արվեստագետներին եւ նրանց ճանաչման ճանապարհին։ Ծավալուն հատված Իյեն Ռոբերթսոնը նվիրել է 2 հայ գաղթական նկարիչների՝ Պոլ Կիրակոսյանի եւ Արշիլ Գորկու եւ հայաստանցի նկարիչներ Մարտիրոս Սարյանի ու Մինաս Ավետիսյանի արվեստների համեմատությանը։  

 

Գիրքն անդրադառնում է Հայաստանի եւ սփյուռքի նաեւ այն արվեստագետներին,  որոնք, ըստ հեղինակի, անտեսված ու մոռացված են։ Իյեն Ռոբերթսոնն ասում է, որ, Հայաստանի եւ սփյուռքի նկարիչների արվեստի տարբերությունների մասին խոսել, առհասարակ, դժվար է։

 

«Սարյանն ու Մինաս Ավետիսյանը, ըստ էության, իմպրեսիոնիստներ էին, նրանց հիմնական «գործիքը» գույնն էր։ Կային գեղանկարիչներ, որոնք Հայաստան էին տեղափոխվել Թբիլիսիից եւ այնտեղի արվեստի դպրոցն էին անցել։ Կային արվեստագետներ, որոնք արտերկրում էին ապրում, կարոտում ու ձգտում էին դեպի հայրենիք, բայց իրենց բնակության երկրների ոճի կրողն էին։ Այդ պատճառով շատ դժվար է խոսել հայկական փոխկապակցված արվեստի ամբողջական կերպարի մասին»։

Իյեն Ռոբերթսոնը Իյեն Ռոբերթսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուղեցույցը փաստում է, որ հայ ժամանակակից արվեստն առանձնահատուկ որակներ ունի՝ տարբերվող այլ ազգերի ստեղծած արվեստից եւ Արեւմտյան Եվրոպայի հիմնական մոդեռնիստական միտումներից:  

 

Իյեն Ռոբերթսոնն ասում է, որ գլոբալացվող աշխարհում հայ արվեստը հետաքրքրություն ներկայացնում է։ Բայց այն պետք է համակարգված ու ճիշտ մատուցվի։

 

«Ինձ ապշեցնում են հայ արվեստի երկու ասպեկտները՝ կրոնի եւ արհեստի՝ պատված մոդեռնիզմի գաղափարներով։ Այն շատ յուրահատուկ է այն իմաստով, որ ամեն արտիստ ունի իր առանձնահատուկ ճանապարհը։ Եվ դա մեծ խնդիր է արվեստի պատմաբանների համար, որովհետեւ շատ բարդ է մի կատալոգում մեկտեղել այդքան տարբեր նկարիչների։ Տարբեր երկրներում արվեստի որոշ ուղղությունների հետեւորդները համախմբվում էին միեւնույն գեղագիտական սկզբունքների շուրջ։ Իմ կարծիքով, Հայաստանում դա դեռեւս տեղի չի եղել, եւ հենց դրա կարիքը մենք ունենք՝ ձեւավորել մի փոխկապակցված շարժում։

 

Մի կողմից կան գերաստղեր, ինչպես Պոլ Կիրակոսյանը, Արշիլ Գորկին։ Մյուս կողմից հայկական արվեստը մարգինալացվել է, ինչպես օրինակ Հակոբ Հակոբյանի արվեստը: Նա լավ նկարիչ է, բայց արվեստի միջազգային շուկայում արժանի կերպով չի ներկայացվել։ Մենք ունենք հայ ժամանակակից արվեստի կապակցված ցուցահանդեսի եւ կատալոգի կարիք, որը հստակ կներկայացնի այս արվեստագետներին եւ նրանց ձեռքբերումները»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արվեստի զարգացող շուկաների մասնագետն ասում է, որ այսօրվա ստեղծագործողները երկու ուղի ունեն՝ կրթվել արտերկրում ու գնալ միջազգային ճանաչման ճանապարհով կամ մնալ Հայաստանում ու լինել սեփական արվեստի առաջամարտիկը՝ հայկական համատեքստում։

 

«Ինձ դուր է գալիս այն ճանապարհը, որը տանում է Հայաստանի մշակույթի խորքերն ու հնարավորություն տալիս հասկանալ դրա ուժեղ կողմերը: Այդ դեպքում դու դառնում ես իսկական հայ նկարիչ, ոչ թե միջազգային արվեստագետ՝ հայկական արմատներով։ Սա է տարբերությունը։ Միջազգային շատ նկարիչներ կան, որ հայ են։ Դա էլ, իմ կարծիքով, մեկ այլ խնդիր է, որովհետեւ մենք հենց հայ նկարիչների կարիք ունենք»։

 

Իյեն Ռոբերթսոնն ասում է, որ նախատեսել են հայ ժամանակակից արվեստին նվիրված գրքերի շարք պատրաստել, որոնցում կլինեն վերլուծություններ, գնահատականներ։ Հաջորդ մեծ նպատակը ժամանակակից արվեստի ընդգրկուն ցուցահանդեսն է։

 

«Եթե հաջողվի ցուցահանդեսն անել Եվրոպայում կամ Ամերիկայում, կկարողանանք վերջապես մեծացնել հայ արվեստի արժեքը՝ ինչպես գեղագիտական, այնպես էլ դրամական իմաստով, որովհետեւ դրանք սերտ կապակցված են։ Այսօր այդ գործերը թերագնահատված են եւ մեծ աջակցության կարիք ունեն։ Այս իմաստով շատ հաջողված է Կորեայի օրինակը. զրոյից սկսելով՝ 20 տարում կարողացան իրենց համար շուկա ստեղծել»։

Իյեն Ռոբերթսոնը Իյեն Ռոբերթսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իյեն Ռոբերթսոնը վստահ է, որ Հայաստանն ունի ժամանակակից արվեստի նոր թանգարանի, բիենալեի, բայց առաջին հերթին սեփական արվեստը գնահատելու ու արժեւորելու կարիք։ Ասում է՝ այդ ճանապարհին առանց պետական աջակցության ու ներդրումների դժվար է հաջողել։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին