«Առաջ միասին»` սփյուռքի «շարքային» անդամների նախաձեռնությունը - Mediamax.am

exclusive
1678 դիտում

«Առաջ միասին»` սփյուռքի «շարքային» անդամների նախաձեռնությունը


Բոստոնի հայկական ժառանգության այգին
Բոստոնի հայկական ժառանգության այգին
Թամարա Բաբայանը
Թամարա Բաբայանը

Բոստոնաբնակ ընկերուհիները՝ Թամարա Բաբայանը, Ելենա Բիշարյանն ու Աննա Ավետիսյանը, պատերազմից անմիջապես հետո որոշեցին Հայաստանին ու Արցախին օգնելու համար որեւէ բան նախաձեռնել։ Պատերազմի ընթացքում, ինչպես աշխարհի տարբեր կողմերում ապրող հայերը, իրենք էլ ցույցերի էին մասնակցել, դիմել միջազգային կազմակերպությունների, օգնել՝ ինչով կարողացել էին։ Բայց ամենակարեւորը՝ մասնագիտական ներուժն ու գիտելիքները մնացել էին չօգտագործված։

 

«Թվում էր՝ ավելի շատ բան կարող էինք անել, բայց դրա հնարավորությունը չկար։ Իմ փորձից գիտեմ ու նաեւ ինձ նման այլ մարդկանց եմ ճանաչում, որոնք ապրելով արտերկրում՝ ուզում են մասնակցել Հայաստանի կյանքին, որեւէ խնդրի շուրջ աշխատել։ Թեեւ Հայաստանի հետ կապերը սերտ են, շատերս այցելում ենք, ունենք ընկերներ ու բարեկամներ, բայց երբ ցանկանում ենք մեր  մասնագիտական հմտությունները, կապերը, մեր կյանքի փորձը կիրառել Հայաստանում, աշխատել այստեղ ապրող մեր հայրենակիցների հետ, դժվար է  այդ հնարավորությունը գտնել։ Պատերազմից հետո այդ պահանջն այնքան մեծ է, որ այլեւս հնարավոր չէ սպասել։ Հասկացանք, որ եթե չենք տեսնում այդ հնարավորությունը, ուրեմն՝ մենք պետք է ստեղծենք», - ասում է Թամարա Բաբայանը։

Թամարա Բաբայանը Թամարա Բաբայանը

 

Ստեղծեցին Armenians Forward Together՝ «Առաջ միասին» նախաձեռնությունը, որ միավորեն Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը նպաստել ցանկացող ու համախոհներ փնտրող մարդկանց։ Կազմակերպչական թիմը շուտով մեծացավ, միացան կամավորներ։ Որոշեցին օգոստոսի 12-14-ը Երեւանում անցկացնել համաժողով։ Մասնակցելու համար հրավիրում են անհատների ու կազմակերպությունների, որոնք ունեն պատրաստի նախագծեր եւ ցանկանում են զարգացնել դրանք, կամ՝ քննարկումների արդյունքում ստեղծել նորերը։

 

Համաժողովն անցկացվելու է աշխատարանների ձեւաչափով։ Ոլորտային սահմանափակում չկա։ Մասնակիցները (Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից)  իրենք են առաջարկել աշխատարանների թեմաները՝ առողջապահություն, կրթություն եւ համայնքի զարգացում, գիտություն եւ ինժեներական նորարարություն, բիզնեսի զարգացում, Սփյուռք-Հայաստան համագործակցություն: Աշխատարանները բաց են, մասնակցությունը՝ անվճար։ Ցանկացողները պետք է գրանցվեն նախաձեռնության կայքում։

 

«Մենք հատուկ ոլորտներ չենք նշել, որպեսզի եթե մեկը ցանկանում է որեւէ նախաձեռնությամբ հանդես գալ, դիմի մեզ։ Կարեւորը՝ այդ գործը նպաստի Հայաստանի զարգացմանը։ Իսկ Հայաստանում խնդիրներն այսօր այնքան շատ են, որ ամեն տեղ անելիք կգտնվի։

 

Ցանկացողները կարող են գրանցվել իրենց հետաքրքրող աշխատարաններին, բոլորի հետ կապ ենք հաստատում, ծանոթանում, որպեսզի հասկանանք՝ ինչու են այդ խնդրով հետաքրքրված, ինչ են պատրաստ անել, աշխատարանից ինչ արդյունք են ակնկալում։ Մասնակիցները պետք է պատրաստ լինեն համաժողովից հետո կոնկրետ քայլեր անել՝ քննարկված խնդիրների լուծման ուղղությամբ»,-ասում է Թամարա Բաբայանը։

 

Աշխատարաններից բացի, մեկ օր էլ նախատեսված է շնորհանդեսների համար։ Այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են իրենց նախագծերում նոր մարդկանց ներգրավել, հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց աշխատանքը։

 

Աշխատարաններից յուրաքանչյուրին կարող է մասնակցել առավելագույնը 25 մարդ։ Մասնակիցների գրանցումը մինչեւ հուլիսի 5-ն է, բայց եթե տեղերն ավելի շուտ լրացվեն, գրանցումը կդադարեցվի։ Համաժողովն անցկացվելու է Երեւանում։ Հաշվի առնելով համավարակի պատճառով ճանապարհորդելու դժվարությունները՝ սահմանափակ թվով մարդկանց հնարավորություն կտրվի մասնակցել առցանց։

 

«Եթե ուզում ենք ընդհանուր նպատակների շուրջ որոշումներ կայացնել, մեզ պետք է վստահություն, իսկ վստահությունն ավելի հեշտ է ձեռք բերվում, երբ մարդիկ նույն սենյակում են։ Եթե մարդը որեւէ երկրից եկել, հասել է Հայաստան եւ մասնակցում է համաժողովին, դա ցույց է տալիս նրա համագործակցելու հանձնառությունը։ Հուսով ենք, որ կներգրավենք այսպիսի մարդկանց թե՛ Հայաստանից  եւ թե՛ սփյուռքից»։

 

«Առաջ միասին» նախաձեռնության հեղինակները մտադիր են այն շարունակական դարձնել։ Ի՞նչ պարբերականությամբ ու ձեւաչափով, կորոշեն օգոստոսին նախատեսված համաժողովից հետո։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին