Երեւան: Մեդիամաքս: «Գիտուժ»-ը նախաձեռնությունը հայտարարել է, որ կառավարության որոշումն ընթացիկ տարում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության համար հատկացումների ավելի քան 2 մլրդ դրամով ավելացումը քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց անհամապատասխան է գիտության առջեւ ծառացած խնդիրներին եւ կրում է ընդամենը մարտավարական բնույթ։
Նախաձեռնության այսօրվա տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Այդ որոշման իրականացումը կբերի առկա գիտական ներուժի կորստի մասնակի կանխարգելման, մասնավորապես հնարավոր կլինի իրականացնել գիտական սարքավորումների շատ փոքր մասի թարմացում եւ որոշ դրամաշնորհային ծրագրեր:
Մտահոգիչ է, որ առանց հիմնավորման հետաձգվում են գիտության երիտասարդացման համար անհրաժեշտ այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են բազային աշխատավարձերի մրցունակ սանդղակի ներդրումը եւ գիտական սարքավորումների լիարժեք թարմացումը, ինչպես նաեւ Սփյուռքի եւ արտերկրի գիտական ներուժի օր առաջ ներգրավման ծրագրերը:
Ավելին, ԱԺ-ն ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության» մասին օրենքը, որտեղ ի տարբերություն դեռ գործող օրենքի, հանվել է գիտության համար հատկացումների նվազագույն շեմը: Թեեւ մարտի 3-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ի ամբիոնից համոզվածություն հայտնեց, որ լուծումներ են գտնվելու հատկացումների աճն ամրագրելու համար, սակայն մինչ այսօր օրենքով ամրագրմանը համարժեք այլընտրանքային մեխանիզմներ առաջարկված չեն:
«Գիտուժ» համայնքը ստիպված է հերթական անգամ արձանագրել իր խիստ անհամաձայնությունը. Կառավարության եւ ԱԺ-ի կողմից իրականացվող ոչ ռազմավարական քայլերն անհամաչափ են գիտության զարգացումը արգելակող խնդիրներին, քանի որ հավակնոտ չեն եւ չեն պարունակում երկարաժամկետ հանձնառության ամրագրում։
Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը, երբ իշխանությունները պետք է վեր կանգնեն իրավիճակային, քաղաքական, տնտեսական եւ այլ նկատառումներից, եւ ռազմավարական վերաբերմունք ցուցաբերեն գիտական ներուժի պահպանման ու զարգացման խնդրին՝ հստակ քայլերով եւ ամրագրումներով։ Մինչ դրան հասնելը «Գիտուժը» շարունակելու է ներկայացնել իր պահանջները եւ հետեւողականորեն առաջ է տանելու իր պայքարը, քանի որ խոսքը գնում է Հայաստանի համար գոյաբանական հարցի մասին։
Պատրաստ ենք համագործակցել օրենսդիր եւ գործադիր մարմինների հետ կարճ ժամկետներում Հայաստանում գիտության կտրուկ զարգացմանը միտված ռազմավարական քայլեր իրականացնելու ուղղությամբ»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: