Արմեն Դարբինյան․ Չի լինում խաղաղություն արժանապատվության հաշվին - Mediamax.am

4813 դիտում

Արմեն Դարբինյան․ Չի լինում խաղաղություն արժանապատվության հաշվին


Լուսանկարը`


ՀՀ նախկին վարչապետ, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը մարտի 25-ին Futures Studio-ի եւ լրագրող Մարկ Գրիգորյանի համատեղ «Խոսենք ապագայից» շարքի հյուրն է եղել։ Մեդիամաքսն առանձնացրել է Հայաստանի ապագայի մասին զրույցի որոշ հատվածները:

 

Բարոյական ճգնաժամ

 

Կա ճգնաժամի տեսություն, համաձայն որի` ճգնաժամերն իրենց մեջ ներառում են վեր հառնելու ներուժ։ Սակայն ճգնաժամերը տարբեր են լինում։ Եթե, օրինակ, այն բարոյական է, շատ դժվար է վերակենդանացնել այն մարմինն ու ոգին, որն այսօր մեզանում անկում է ապրել։ Սա  բարոյական անկում է, արժանապատվության անկում է, շատ դժվար է այս պարագայում փնտրել եւ առավել եւս, գտնել զարգացման որեւէ ներուժ։

 

Այդ ներուժը թաքնված է մարդու, հայի, հայ մշակույթի, հայ պատմության, մեր արժանապատվության մեջ։ Մենք եկել ենք հազարամյակներով եւ ապացուցել ենք մեր ապրելու իրավունքն ու հնարավորությունը։

 

Սա ճակատամարտ էր

 

Այս պատերազմը գոյատեւելու պատերազմ չէր, որովհետեւ այն մենք չենք ընտրել եւ այս դեպքում ես կհրաժարվեմ «պատերազմ» բառից։  Սա մարտ էր, գուցե ճակատամարտ էր, բայց պատերազմ չէր, որովհետեւ ես չեմ համարում որ մենք պարտվել ենք, կամ պարտվել ենք վերջնականապես։ Ճիշտ այնպես, ինչպես 90-ականներին, երբ մենք հաղթեցինք, բայց ադրբեջանցիներն ասում էին, որ դա պատերազմ չէր, մարտ էր, եւ իրենք վերադառնալու են։

 

Եթե մենք ընդունում ենք, որ պարտվել ենք պատերազմում եւ չկա որեւէ  հնարավորություն վերականգնելու մեր արժանապատվությունը, ուրեմն մենք ծրագրավորում ենք մեր հետագա ձախողումը։

 

Եթե ինչ-որ մեկը համարում է, որ խաղաղություն է հաստատվել, ուրեմն այդ խաղաղությունը հաստատվել է մեր ազգային արժանապատվության հաշվին։ Ես չեմ կարծում, որ այս պարագայում սա հարատեւ խաղաղություն կարող է լինել։

 

Կարելի է պարտվել մարտում, բայց չի կարելի արժանապատվության հաշվին խաղաղություն ձեռք բերել, այն չի կարող հարատեւ լինել։ Մենք պետք է ձգտենք հարատեւ խաղաղության, բայց դրա համար միայն մեկ տարբերակ ունենք՝ վերականգնել մեր արժանապատվությունը։

 

Այո, մենք այս մարտերին պատրաստ չէինք, եւ պետք է կրենք դրա դառնությունը, դրա մեղքը, բայց նաեւ պետք է հասկանանք, որ հզորանալու ներուժը արժանապատվության վերականգնման մեջ է։

 

Պատասխան սերունդներին

 

Իմ ուսանողներից շատերը զոհվեցին այս պատերազմում, շատերը վիրավորվեցին, շատերը վերադարձան՝ մի փոքր խեղված իրենց պատկերացումներում՝ թե ինչու այսպես ստացվեց եւ ինչու մենք պատրաստ չէինք, ինչու այսպես ամեն ինչ ավարտվեց։

 

Այս սերունդը պատասխան է սպասում ու պահանջում պետությունից, որը պարտավոր է այն տալ։

 

Ապագան կառուցելիս, անշուշտ, մենք պետք է պահանջենք այս հարցերի պատասխանները, բայց ավելի կարեւոր է ապագայի տեսլական ունենալ։

 

Եթե մենք շարունակ հետ գնանք եւ փորփրենք ամեն ինչ, ժամանակը կարող է չբավականացնել ապագայի մասին մտածելու եւ ապագայաստեղծ աշխատանքի վրա կենտրոնանալու համար։

 

Հասարակությունը, սովորաբար,  հավաքական պատասխանատվություն է կրում իր ապագայի համար, բայց մենք դրան սովոր չենք նաեւ պատմականորեն։

 

Կրթությունը

 

Մենք կարեւորել ենք կրթությունը, բայց կարեւորել ենք մեր սեփական երեխաներին կրթելու, դաստիարակելու ու անձնական հաջողության հասնելու հնարավորություն տալու նպատակով։ Մենք երբեւէ չենք դրել հավաքական հաջողության հասնելու խնդիր։

 

Կրթությունը չպետք է լինի միայն անձնական հաջողության համար, մենք պետք է ունենանք կրթված հասարակություն։

 

 

Մեր խնդիրն այն է, որ մենք շատ եսակենտրոն հասարակություն ենք։ Եվ մեզ թվում է, որ մեր խնդիրները, ցավերն ու դարդերը որեւէ մեկին հետաքրքիր են։ Ամենեւին։ Դեռ մի բան էլ ավելին, եթե մենք որեւէ մեկի դուռը թակում ենք մեր խնդիրներով, նրանք վանում են մեզ։

 

Աշխարհին հետաքրքիր կլինի մեր հաջողության պատմությունը։ Եթե մենք գրանցենք հաջողություն, հետաքրքիր կլինի մեր ինքնությունը, ինքնատիպ մոտեցումը մեր զարգացման խնդիրներին, հաջողության յուրահատուկ մոդելները, որպեսզի գան ու տեղում տեսնեն, ինչպես ենք մենք կերտում մեր հաջողությունը։

 

Ղազախներն որոշել են եռալեզու հասարակություն ունենալու։ Օրենքով ամրագրված է, որ յուրաքանչյուր ղազախ պետք տիրապետի երեք լեզվի՝ ղազախերենի, ռուսերենի, անգլերենի։ Մենք ղազախներից շատ ենք հետ մնացել, որովհետեւ միալեզու հասարակություն ենք։ Առաջ գնալու համար գոնե պետք է քառալեզու դառնալ։

 

Մենք պարտվել ենք վերջին մարտում նաեւ օրինախախտ լինելու, օրինապաշտ չլինելու, ստանդարտներ չմշակելու եւ ստանդարտներին չհամապատասխանելու, խաբելու պատճառով։

 

Խորհրդային հայը

 

Խորհրդային հային ես համարում եմ հաղթող հայ, որովհետեւ խորհրդային տարիներին մենք ունեցել եւ գրանցել ենք հաղթանակներ մշակութային եւ արժանապատվության ոլորտում։ Խորհրդային Միության տարիների մասին խոսելիս, սովորաբար հիշատակում են ռեպրեսիաները, բոլշեւիկներին ու Ստալինին, բայց մոռանում են այն մշակութային արժեքների մասին, որ ստեղծվեցին այդ պայմաններում։

 

Ես կարծում եմ, որ Ղարաբաղյան առաջին մարտում մենք հաղթող դուրս եկանք նաեւ որովհետեւ խորհրդային  հայ էինք։

 

Այս տարիներին կուտակածը մենք չզարգացրեցինք արդեն անկախ Հայաստանում եւ գրեթե մոռացության տվեցինք Արեւմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը։

 

Մենք ուզում ենք Սփյուռքը ներգրավել մեր կյանքում, մեր պետականաստեղծ ծրագրերում, բայց մենք ի՞նչ ենք արել Սփյուռքի համար։ Ահռելի շատ ժամանակ ենք կորցրել՝ 30 տարի, որը մեր խորհրդային կյանքի կեսն է, մենք կորցրել ենք պետականաստեղծ մի քանի սերունդ։ Շատ բան պետք է զրոյից սկսվի։ Մենք հանգել  ենք զրոյական վիճակի։ Այդ վիճակից սովորաբար կա միայն վերելք։

 

Սուվերեն Հայաստան

 

Սուվերեն Հայաստանը կլինի Ռուսաստանի լավագույն դաշնակիցը։ Ռուսաստանի հետ մենք պետք է կարողանանք նոր մակարդակի բարձրացնել մեր հարաբերությունները։ Աշխարհում հիմա ծանր իրավիճակ է, այս պարագայում մենք չպետք է աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնենք։ Մենք պետք է կարողանանք հարաբերությունների ներկա փուլից քաղել ու տալ առավելագույնը։

 

Առանձնացրեց Լուսին Մկրտչյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին