Guitar World ամսագրի հետ հարցազրույցում Queen-ի կիթառահար Բրայան Մեյը մեկնաբանել է «Բոլոր ժամանակների 100 մեծագույն կիթառահարները» հարցման արդյունքները, որում նա գրավել է առաջին տեղը։
Մեդիամաքսը ներկայացնում է հարցազրույցի այն հատվածները, որտեղ Բրայան Մեյը խոսում է իր գործընկերների մասին:
Ջիմի Հենդրիքս
Ջիմին ինձ համար թիվ մեկն է, եւ ես միշտ դա ասել եմ: Իմ կարծիքով՝ նա գերմարդ էր: Թվում էր, նա եկել է մեկ այլ մոլորակից։ Ես երբեք չեմ իմանա, թե ոնց էր նա այդպե՛ս նվագում։
Չեմ դադարում սովորել նրանից: Հիմա հազվադեպ եմ կատարում նրա գործերը, բայց դրանք վաղուց արդեն «իմ ներսում» են:
Ջիմի Փեյջ
Մենք նույն տարրական դպրոցն էինք հաճախում, բայց նա երկու-երեք տարով մեծ էր։ Երբ փոքր ես, այդ տարբերությունը հսկայական է թվում։ Ի դեպ, այժմ մենք իրարից այդքան էլ հեռու չենք ապրում:
Ես նրան համարում եմ մեծ գյուտարար: Եվ նա հսկայական դեր ունեցավ ծանր ռոքում։ Ես երբեք չեմ հոգնում Led Zeppelin-ի ալբոմները լսելուց:
Լուսանկարը` Փոլ Ռոջերսի թվիթերը
Երբ երիտասարդ էինք, երազում էինք, որ մի օր ռոք աստղեր կդառնանք ու նրանց պես կապրենք։ Երբ ես լսում էի նրանց Communication Breakdown, Good Times Bad Times երգերը, մտածում էի. «Աստվա՛ծ իմ, նրանք անում են այն, ինչ ես էի ուզում անել, այնպես որ կամ պետք է հանձնվեմ, կամ էլ ավելի համառորեն աշխատեմ»:
Էրիկ Քլեփթոն
Իհարկե, նա իմ հերոսն է: Ինչպես ասում են «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ. «Հրաշալի է լինել նման շրջապատում, ինձ համար դա մեծ պատիվ է»:
Էդի Վան Հալեն
Էդին անհամեմատելի է: Նա էլեկտրական կիթառ նվագելու տեխնիկայի զարգացման հիմնասյուներից մեկն է: Եվ նա հիանալի՛ տղա է: Կարանտինի ժամանակ սկսում ես կյանքին այլ կերպ նայել եւ հասկանալ, որ հեռվացել ես որոշ մարդկանցից։
Ես վաղուց չեմ խոսել Էդիի հետ եւ զղջում եմ դրա համար: Նա ֆանտաստիկ տղա է՝ ոչ միայն անվանի կատարող, այլեւ բացառիկ հատկանիշներով մարդ։
Թոնի Այոմի
Երկար տարիներ նա իմ ամենաթանկ ընկերներից մեկն է: Ես կարող էի գրքեր գրել Թոնիի մասին, քանի որ նա ամենա…Չգիտեմ անգամ, թե ինչպես բնութագրել նրան: Նա փայլուն մարդ է, հիանալի ու բարի հոգի ունի եւ հումորի բացառիկ զգացողություն։
Եվ իհարկե, նա հեվի մետալի հայրն է: Նա դա արել է իր մատներով ու մտքով, եւ այդ տիտղոսը միշտ իրենն է լինելու։
Դէվիդ Գիլմոր
Ես սիրում եմ նրան ու մեծագույն հարգանք եմ տածում նրա նկատմամբ: Ես տեսել եմ նրա առաջին համերգներից մեկը՝ Pink Floyd-ի հետ, եւ ես այն երբեք չեմ մոռանա: Նա անհավանական բաներ էր անում, շշով կիթառ էր նվագում։ Նա միշտ եղել է իմ ամենասիրելի կատարողներից մեկը:
Լուսանկարը` Michael Putland
Մի օր մենք միասին նվագեցինք Հայաստանի համար: Ես խնդրեցի, որ նա մեզ հետ կատարի Smoke On The Water-ը՝ 1989-ին, Rock Aid Armenia նախագծի համար։
Ռիչի Բլեքմոր
Նա իմ մյուս հերոսն է: Նա խենթ է: Կարծում եմ, որ նա բոլոր ժամանակների ամենավտանգավոր կիթառահարներից մեկն է՝ բառիս լավագույն իմաստով: Նա գերազանցում էր բոլորիս:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: