Երեւան: Մեդիամաքս: Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է «Սերունդ առանց սահմանների» (GenU) մրցույթը։
GenU-ն նախաձեռնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, մրցույթին միացել են նաեւ UWC Dilijan քոլեջը եւ «Այբ» կրթական հիմնադրամը:
GenU-ն համաշխարհային համագործակցություն է, որի նպատակը 10-ից 24 տարեկան երեխաների եւ երիտասարդների համար կրթության, վերապատրաստման եւ զբաղվածության՝ ընդլայնված հնարավորություններ ստեղծելն է։
Առցանց ձեւաչափով մրցույթին մասնակցում է 12 թիմ՝ 50 երիտասարդ Շիրակից, Վայոց ձորից, Կոտայքից, Տավուշից, Գեղարքունիքից եւ Երեւանից։
Մայիսի 24-ին մասնակից թիմերը կներկայացնեն իրենց նախագծերը ժյուրիի դատին։
Հինգ լավագույն թիմերը կստանան 1000-ական ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ 2020 թվականի երկրորդ կեսին իրենց ծրագրերն իրականացնելու համար:
Մրցույթի երկրորդ փուլում առավել հեռանկարային երկու լուծումները կներկայացվեն համաշխարհային մրցույթին, որը տեղի կունենա ԱՄՆ-ում:
Հայաստանի մասնակիցները կմրցեն այլ երկրների թիմերի հետ՝ մինչեւ 20 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ ստանալու եւ գաղափարների ինկուբատոր ծրագրին մասնակցելու հնարավորության համար։
















