Երեւան: Մեդիամաքս: UWC Դիլիջան քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդն ասել է, որ «այսօր, երբ անորոշությունը դարձել է նոր իրականություն, մենք պետք է ճկուն լինենք, զարգացնենք նոր հմտություններ եւ դիտարկենք այս ճգնաժամը որպես հնարավորություն, այլ ոչ թե սպառնալիք»:
Այդ մասին նա ասել է այսօր կայացած «Նոր իրականություն. Փորձություն մեր արժեքների համար» թեմայով առցանց քննարկման ընթացքում, որը նվիրված էր COVID-19-ի համավարակի ազդեցությանը UWC Դիլիջան քոլեջի վրա:
Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ քոլեջում ստեղծվել են հատուկ աշխատանքային խմբեր չորս ուղղություններով՝ կարողությունների զարգացում, կայունություն, դրամահավաք եւ հաղորդակցություն: Խմբերը կմշակեն հետագա գործողությունների ծրագիրը, որը կքննարկվի ապրիլի 25-ին:
«Այս դժվարին ժամանակները լավ փորձություն էին մեր համայնքի արժեքների եւ տեսլականի համար: UWC Դիլիջանն ի սկզբանե որդեգրել էր Հայաստանն աշխարհի համար ավելի բաց դարձնելու առաքելությունը եւ տեսլականը: Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են դրսեւորվում խորը արմատներ ունեցող հայկական արժեքները՝ ընտանիքի եւ գիտելիքի հանդեպ հարգանքը: Մի ամբողջ համայնք դարձել է համերաշխ ընտանիք, որտեղ երեխայի անվտանգությունը գերակա շահ է»,- ընդգծել է Վերոնիկա Զոնաբենդը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: